Դաշնակցությունն` աշխարհաքաղաքական խաղերի կիզակետում…

arm144844593616

Փաստը, որ երկրում, բայց հատկապես ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը պարզերից չէ, առանձնակի ապացույցների կարիք չի զգում. խառն են անխտիր բոլորը՝ ամենաազդեցիկներից մինչև վեցերորդական նշանակության քաղաքական ուժերն, ու հիմա գրեթե ոչ ոք չգիտի՝ ինչ սպասել վաղը: Այլ ձևակերպմամբ՝ քաղաքական դաշտը գտնվում է վերաձևավորման փուլում, երբ որոշվում է այն կարևորագույն հարցը, թե ով ինչ առաքելություն է իր վրա ստանձնելու:

Այս առումով, ինչ խոսք, հատկապես նախանձելի չէ «Դաշնակցության» վիճակը, որը, Կարապետյանի դաշտ մտնելով, հայտնվել է խիստ անորոշ վիճակում ու փորձում է հասկանալ՝ ինչ են ուզում իրենից:Բանն այն է, որ դաշնակցականների իշխանական խրախճանքը կարող է ամենամոտ ապագայում ընդհատվել, ու վերևներում որոշեն ընդդիմադիր դաշտ ուղարկել այս քաղաքական ուժին՝ ընդդիմանալու նրան, ով, ինչպես հայտնի է, բավական նուրբ խաղ է սկսել «Դաշնակցության» հետ իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից:

Անվիճելի է, որ փետրվարյան համաձայնագիրը՝ կնքված «Հանրապետականի» ու «Դաշնակցության» միջև, փաստացի, ի չիք է դարձել, ու այլևս ոչ ոք, առավել ևս Կարեն Կարապետյանը, չի պատրաստվում որևիցե կերպ հաշվետու լինել «Դաշնակցության» առաջ սեփական քայլերը պլանավորելիս. փետրվարյան համաձայնագրի ամբողջ էությունը կայանում էր նրանում, որպեսզի Դաշնակցությունը ևս կարողանար սեփական մասնակցությունը բերել կարևոր պետական գործերում, նրա ձայնը ևս լսելի լիներ այս կամ այն կարևոր հարցի քննարկման կամ դրա շուրջ ընդունելիք որոշման հարցում: Հիմա ակնհայտ է՝ Կարապետյանը, որ խիստ ինքնիշխան գործելաոճ է որդեգրել, երբեք ու ոչ մի պարագայում սեփական քայլերի համար հաշվետու չի լինելու ասենք նույն Արմեն Ռուստամյանի կամ Աղվան Վարդանյանի առաջ՝ այդպիսով չեզոքացնելով Դաշնակցության՝ որպես իշխանության անքակտելի մասը դարձած քաղաքական ուժի հավակնությունները:

Իսկ հարցը, թե ինչու հանկարծ, ինչպես ասում են, մեկ գիշերվա ընթացքում որոշեցին «Դաշնակցությանը» վերադարձնել իր նախկին դիրքերին, պետք է դիտարկել բարդ աշխարհաքաղաքական խաղերի համատեքստում՝ հասկանալու համար կոնկրետ գործնթացի բուն էությունը: Անվիճարկելի է՝ Կարապետյանի Հայաստան գալու թիվ մեկ նպատակը ռուսական ազդեցության մեծացումն է Հայաստանում: Անվիճարկելի է նաև այն, որ Մոսկվայի այս հավակնությունը ուշ թե շուտ իր բնական արձագանքն է ստանալու համաշխարհային մյուս ուժային կենտրոնի՝ Վաշինգտոնի կողմից, որն, ինչպես հայտնի է, առանց կռվի երբեք դիրքեր չի զիջում:

Ուստի՝ հասկանալով, որ ԱՄՆ կարող է փորձել ընդդիմադիր դաշտն իրենով անել՝ ստեղծելով արևմտամետ ընդդիմություն Հայաստանում, Կրեմլը, որն, անկասկած, այստեղ տեղի ունեցող գործընթացների միանձնյա ռեժիսորն է, «Դաշնակցությանն» ուղարկելով ընդդիմության դաշտ, կանխավ փորձելու է ԱՄՆ առաջ փակել այդ ճանապարհն ու այնպես անել, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը լինեն իր ազդեցության տակ, ինչը թույլ կտա ոչ միայն, ինչպես ասում են, էն գլխից բացառել իր համար հնարավոր ռիսկերն, այլև ստեղծել լայն դաշտ՝ մանևրելու, քաղաքական ուժերին «սեփական դուդուկի տակ պարել» ստիպելու համար. սեղանին է դրված Անդրկովկասի հարցը, որում տանուլ տալ Մոսկվան ոչ մի կերպ չի պատրաստվում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *