Կարեն Կարապետյանի փախուստը

serj-sargsyan-karen-karapetyan-720x340Շաբաթն անցավ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան թվացյալ կամ իրական հակադրության ֆոնին։ Այնպիսի տպավորություն է, որ համակարգը կորցրել է միասնական կառավարման կարողությունը՝ չեղարկելով այն դրական էֆեկտը, որը կարող էր ունենալ Կարեն Կարապետյանի նշանակումը։ Վերջինիս հաճախ են համեմատում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ով իր երկարատև կառավարման ընթացքում՝ այդպես էլ չկարողացավ հստակեցնել հարաբերությունները ՀՀԿ-ի հետ՝ նույնիսկ կուսակցության փոխնախագահ դառնալուց հետո։ Սակայն քչերն են բարձրաձայնում, որ դա ոչ թե Տիգրան Սարգսյանի «թերությունն» էր, այլ՝ Սերժ Սարգսյանի «առանձնահատկությունը»։

Ինչքան էլ Սերժ Սարգսյանը խոսել է ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու անհրաժեշտության մասին, Կարեն Կարապետյանը սխալ է հասկացել, առնվազն գերագնահատել է իր առաքելությունը գործընթացում, որովհետեւ «նոր ոգին» վերջնական հանգրվան է, իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանը նոր շունչ է հաղորդելու ներիշխանական մեծ ու փոքր դիմակայություններին, բաժանարար գծերին, ու գործող վարչապետին՝ լավագույն դեպքում, վերապահված է դառնալ իշխանության մի քանի կենտրոններից մեկի ղեկավար։ Սերժ Սարգսյանի ուժը, քաղաքական ֆենոմենը՝ հենց ներիշխանական հակասություններն իր շահերին ծառայեցնելու կարողության մեջ է։ Այս ճշմարտությունը ժամանակին չհասկացավ Տիգրան Սարգսյանը՝ 2014թ-ին մենակ մնալով ներիշխանական «պատերազմի» օրերին։ Այս իրողությունն առավել եւս չի հասկացել Կարեն Կարապետյանն, ով բարդ խաղի մեջ է մտել՝ տեխնոկրատների ամորֆ, նաեւ կոռումպացված թիմով։

Ընդ որում, Կարեն Կարապետյանին հաճախ համեմատում եմ Տիգրան Սարգսյանի հետ ու չարաչար սխալվում են, որովհետեւ վերջինս անհամեմատ քաղաքական էր՝ գործող վարչապետի «գազպրոմային» միապաղաղության ֆոնին։ Նաեւ Կարապետյանն այնքան երկար չի պաշտոնավարելու ու բոլոր առումներով՝ նա ավելի շատ նման է մեղմ ժպիտով մի վարչապետի՝ Արմեն Սարգսյանին, ով Հայաստան հրավիրվեց դարձյալ ֆորսմաժորային իրավիճակում եւ երկիրն ու պաշտոնը լքեց ընդամենը վեց ամիս անց՝ չհասցնելով սերտել անգամ հայաստանյան համակարգի «այբուբենը»։ Արմեն Սարգսյանից նույնպես կային քաղաքական եւ հանրային սպասումներ, բայց այդ նոմինալ ավանսը հետո փորձանք է դառնում, որովհետեւ, առաջին հերթին, քարկոծում են նրան, ումից դրական փոփոխություն են սպասել։

Կարեն Կարապետյանը երեք մարզային այց է կատարել ու «փայլել» է Հայաստանի իր չիմացությամբ՝ հեռավոր մարզերի խեղճուկրակ գյուղապետերի վրա թողնելով տնտեսության ողջ ծանրությունը ու պատասխանատվությունը։ «Սինգապուրի հրաշքը» արդեն տապալվել է, որովհետեւ Կարեն Կարապետյանը «կուլ» է տվել այդ ակնհայտ խայծը ու այդպես էլ պաշտոնավարման երկու- երեք ամիսներին չհամարձակվեց տալ Հայաստանի տնտեսության իրական «էպիկրիզը», որովհետեւ դրանում կա նաեւ Սերժ Սարգսյանի անունը, իսկ Կարեն Կարապետյանն ավելի շուտ հեռացող, քան՝ պայքարող տեսակ է։ Ուրեմն թող չզարմանա, որ մի օր անխնա քնադատվելու է նույն խորհրդարանական մեծամասնության կողմից՝ մեր «սինգապուրյան համազգային երազանքը» խորտակելու համար։

Կարեն Կարապետյանը խոսում է կոռուպցիայի, ապօրինի հարստացման դեմ պայքարելու անհրաժեշտության մասին՝ իր հետ կաբինետ բերելով ծպտյալ կամ պոտենցիալ օլիգարխների։ Եթե բովանդակություն եւ որակ չի փոխվում, հասարակության համար ի՞նչ տարբերություն իրեն թալանողն ով է՝ ռուսերենով խոսող քաղքենի՞ն, թե՞ երեւանյան ժարգոնով «ապերոն»։ Կադրային հարցում Կարապետյանը խայտառակ ձախողվել է՝ հասարակությանը ներկայանալով Ալթունյանների դեմքով։ Ընդ որում, սա ոչ միայն կառավարման արդյունավետության տապալում է կամ մենեջմենթի ձախողում, այլ կանխորոշել է վարչապետի պարտությունը ներիշխանական հարաբերություններում։ Նույնիսկ ՀՀԿ-ն՝ իր կադրային անորակությամբ, շատ ավելի կենսունակ է, քան «քաղքենիների» գործող կառավարությունը։

Կարեն Կարապետյանն, այնուամենայնիվ, քաղաքական անմեղսունակ չէ ու գոնե անցնող շաբաթ պետք է, որ հասկանար՝ իր դեմ Սերժ Սարգսյանի արշավը սկսված է ու այն չի դադարելու՝ մինչեւ վարչապետը հասկանա, որ գործող նախագահի ստեղծած համակարգում երկիշխանություն լինել չի կարող։ Տեսականորեն՝ Կարեն Կարապետյանն երկու տարբերակ ունի՝ դիմել հասարակության աջակցությանը կամ խնդրել նախագահի քարտբլանշը՝ ներիշխանական հակամարտություններում։ Չգիտեմ՝ ինչու, բայց կարծում եմ՝ երկու տարբերակներից Կարապետյանը կընտրի երրորդը՝ փախուստը։ Ու կարեւոր չէ, թե դա երբ տեղի կունենա, որովհետեւ վարչապետն արդեն պարտվել է եւ պատահական չէ, որ հենց այսօր հիշեցի բարի ժպիտով Արմեն Սարգսյանին։

 

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *