«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի թեմայով բանավեճի ժամանակ բանախոսը կեսից հեռացել է

press-conferenceԴեկտեմբերի 1–ին, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի թեմայով բանավեճի ժամանակ։

Երեք բանախոսներից երկուսը՝ Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր Արման Բոշյանը եւ հոգեբան Սամվել Խուդոյանը դեմ էին օրինագծին, նրանց միակ ընդդիմախոսը  հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանն էր։

Ասուլիսի հենց սկզբից Բոշյանը հայտարարեց, որ Արդարադատության նախարարության առաջարկած օրինագիծն ընդունելը սխալ է, քանի որ այն ավելի շատ կնպաստի ընտանեկան բռնությանը։

«Ձեր կարծիքով՝ այս օրենքը ֆինանսավորող երկրները քնից արթնացան և որոշեցին, որ բռնությունը Հայաստանից պիտի վերանա՞։ Եվրոպական երկրներում ընտանեկան, ծնելիության խնդիրները կրիտիկական են։ Այդ երկրներից 5.5 մլն երեխա վաճառվել է որպես ստրուկ, և ձեր կարծիքով՝ նրանք իրենց խնդիրները պետք է թողնեն ու զբաղվեն մեզնո՞վ»,– ասաց նա։

Բոշյանի խոսքը բարկացրեց Զարուհի Հովհաննիսյանին։ Նա պահանջեց փաստերով հիմնավորել այս տեղեկությունը, ինչից հետո մթնոլորտը թեժացավ ու վերածվեց լեզվակռվի։

Օրինագծի դեմ արտահայտվեց նաեւ Սամվել Խուդոյանը. «Ցանկացած ընտանիքում էլ փոքր կամ մեծ մաշտաբի բռնություններ լինում են և տղամարդու, և կնոջ կողմից։ Եթե ամեն անգամ այդ կարգի բան լինելու դեպքում սոցաշխատողի ահազանգեն, ընտանիքում դա ավելի մեծ բռնությունների և անհանդուրժողականության կբերի։Այս օրենքի ընդունումը ամուսիններին իրար դեմ կհանի»։

Սա վերջնականապես հունից հանեց Զարուհի Հովհաննիսյանին. «Ապատեղեկատվություն եք տարածում, պարոն Խուդոյան»։

«Հերիք ա էլի, ով խոսեց, միջամտեցիք։ Դուք խանգարում եք մեզ։ Առաջին անգամ եմ այսպիսի բան տեսնում։ Մարդ պետք ա էթիկայի օրենքները իմանա էլի»,– բարկացավ Խուդոյանը, ինչից հետո Զարուհի Հովհաննիսյանը հեռացավ մամուլի ակումբից՝ ասելով. «Ես ձեզ հետ խոսելու բան չունեմ»:

Նշենք, որ օրինագծով նախատեսվում է ընտանեկան բռնություն կատարողին վարչական պատասխանատվության ենթարկել, ինչպես նաեւ ներմուծվում է անմիջական արձագանքի մեխանիզմների գործոնը: Մասնավորապես, օրինագիծը անմիջական արձագանքման երեք մեխանիզմ է առաջարկում՝ պաշտոնեական նախազգուշացում, արտակարգ միջամտության որոշում եւ պաշտպանական որոշում: Առաջին երկուսի իրականացնողը ոստիկանությունն է, երրորդին՝ դատարանը: Ըստ օրինագծի՝ բռնություն կիրառած անձը անհրաժեշտության դեպքում, որպես ծայրահեղ միջոց, դատարանի որոշմամբ կարող է ժամանակավորապես տնից հեռացվել։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *