Գուդբայ Արգամիչ, գուդբայ

%d5%b0%d5%a1

Քիչ առաջ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, չնայած՝ տեղի ունեցածը ավելի շատ նման էր պաշտոնանկության: ՀՀԿ խմբակցության կին պատգամավոր Կարինե Աճեմյանը երեկ միակն էր իր գործընկերներից, որ հրապարակավ հաստատում էր վարչապետ Հ. Աբրահամյանի մոտալուտ հրաժարականի և այդ պաշտոնում Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի նշանակման փաստը: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ բոլոր պատգամավորները վստահ էին, որ այսօր երեկոյան հրավիրվել են մայր կուսակցության գրասենյակ հենց այդ փաստին իրազեկվելու համար:

Սկզբունքային որոշումն արդեն կայացվել էր: Սերժ Սարգսյանն, ավանդույթի համաձայն, այն կայացրել էր միայնակ կամ այն մարդկանց շրջանակի հետ, որը հաստատ դուրս է ՀՀԿ-ի պաշտոնական շրջանակներից:

Սա է Հայաստանի քաղաքական կյանքի առաձնահատկությունը և բնավ պետք չէ զարմանալ, որ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանն ամբողջովին չէր տիրապետում Աբրահամյանի հրաժարականի մանրամասներին, իսկ կոալիցիոն ՀՅԴ-ն այդ մասին իմացավ հանրապետության մյուս քաղաքացիների հետ միասին:

Եթե նորմալ երկիր լինեինք՝ որևէ մեկը չէր զարմանա Հովիկ Աբրահամյանի կաբինետի հրաժարականի փաստով, որովհետև այն տապալել է իր ծրագիրը: Երկրի տնտեսության վիճակը, սոցիալական լարվածությունը, աղքատությունն ու կոռուպցիան պարզապես պարտադրում էին Կառավարության հեռացում: Բայց մեր տիպի երկրներում միայն տնտեսական, նույնիսկ քաղաքական ակնհայտ փաստերը բավարար չեն կառավարություն փոխելու համար: Պահանջվում է պատճառների ավելի բազմաշերտ համակարգ:

Գլոբալ հարթության մեջ Հ. Աբրահամայանի կառավարության հեռացումը միայն դրական է, որովհետևհեռացող վարչապետը ուղղակիորեն նույնացվում էր քրեաօլիգարխիայի հետ և տորպեդահարում էր բարեփոխման հնարավորությունը ոչ միայն երկրում, այլ նույնիսկ ընդհանուր առմամբ անարդյունավետ համարվող  այսօրվա իշխանության ներսում:

Եթե սրան հավելենք նաև այս տարվա հուլիսին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների հարուցած մարտահրավերներն, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում: Իհարկե պետք չէր ուղղակի կապ տեսնել «Սասնա Ծռերի» գործողությունների և Աբրահամյանի պաշտոնանկության միջև:

Գործող կառավարության հեռացումը որոշակիորեն կարող է լիցքաթափել քաղաքական լարվածությունը, սակայն զինյալները նրանց աջակցող հասարակական խմբերը դնում էին  իրավիճակի և ոչ թե անձանց փոփոխության պահանջ:

Եվ եթե նույնիսկ նրանց ակնկալած փոփոխությունը վերաբերում էր անձանց, ապա դա հաստատ չէր սահմանափակվում միայն Հ. Աբրահամյանի անձով:

Ես չգիտեմ, Կարեն Կարապետյանի կառավարությունը կպաշտոնավարի մինչև՞ ընտրությունները, 2017-ի գարնանը նորի՞ց կվերանշանակվի, ի՞նչ կլինի նրա ճակատագիրը 2018-ից հետո, սակայնԱբրահամյանի հեռացումն առաջին հերթին պայամանավորված էր սեփական իշխանությունը վերարտադրելու Սերժ Սարգսյանի ծրագրերով: Ասպարեզից հեռացված է այդ ճանապարհին գործող նախագահի համակարգային ամենակարևոր ու ամբիցիոզ մրցակիցն՝ անկախ այն հանգամանքից, թե իշխանություն կոչվող համակարգում ինչ նոր նիշ է նախատեսված Արգամիչի համար:

Այս առումով հուլիսյան իրադարձությունները ոչ թե թելադրեցին, այլ օգտագործվեցին Ս. Սարգսյանի կողմից, ով նաև նոր կառավարության գործոնով  հասարակական որոշակի սպասումներ ձևավորեց խորհրդարանական առաջիկա ընտրություններից:

Կ. Կարապետյանը լավ ֆունկցիոներ է, արդյունավետ մենեջեր, նրա անունն ուղղակի չի կապվում իշխանության արատավոր համակարգի հետ ու կգտնվեն հարյուրավոր, հազարավոր մարդիկ, ովքեր որոշակի հույսեր կկապեն նոր կառավարության գործունեության հետ:

Կարապետյանը սերտորեն կապված է ռուսական շրջանակների, «Գազպրոմ» կոչվող տնտեսաքաղաքական հզոր համակարգի հետ, և շատերը փորձում են հասկանալ, թե արդյոք նրա նշանակումը միայն Ս. Սարգսյանի որոշո՞ւմն է, թե գործ ունենք Սարգսյան-Կրեմլ պայմանավորվածությունների կամ Մոսկվայի պարտադրանքի հետ:

Նույնիսկ շրջանառվում է մի կատակ: Հաշվի առնելով Հայաստանի գազային կախվածությունը՝ Ռուսաստանից մարդիկ չարախնդում են, թե Կարապետյանը «Գազպրոմի» մի համակարգից տեղափոխվել է մյուսն՝ ակնարկելով, որ Հայաստանի կառավարությունն ընդամենը ռուսական էներգետիկ հսկայի ֆիլյալ է:

Անկախ ամեն ինչից՝ Կ. Կարապետյանի նշանակումն առաջին հերթին միտված է Ս. Սարգսյանի իշխանության վերարտադրությանը: Իսկ ինչպիսին կլինի նոր կառավարության կազմն ու բովանդակությունը. այս մասին՝ հաջորդիվ:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *