Ինչով է պայմանավորված վարչապետի հրաժարականը` իրականում և ըստ իրեն…

հաբ

Այսօր, կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է վարչապետի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին:

«Ես որոշել եմ հրաժարական տալ»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Ինչո՞վ է պայմանավորված վարչապետի հրաժարականը: Իհարկե, եթե մենք ինքներս փորձենք այս մասին մանրամասն գրել, ապա շա՜տ երկար պետք է գրենք ու փաստարկենք’ սկսած մեր տնտեսության և տնտեսության մեջ ներդրումների, մեղմ ասած, թշվառ վիճակից, հուսադրող հեռանկարի բացակայությունից, ազգային անվտանգությանը սպառնացող չափեր ունեցող արտագաղթից, պաշտոնական վիճակագրությամբ արտահայտվող ու չարտահայտվող աղքատությունից, գործազրկությունից, սոցիալական անարդարությունից, կադրային սխալ քաղաքականությունից, ֆինանսական հսկայական միջոցների հաճախ ոչ տեղին, հաճախ էլ անարդյունավետ ծախսերից, մսխումներից, յուրացումներից, երկրում առկա բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտից, մինչև ստվերային տնտեսություն և ահռելի մասշտաբներ ունեցող քաղաքական ու համակարգային կոռուպցիա, ինչպես նաև այս ամենի վերաբերյալ օբյեկտիվ, փաստարկված ու հրապարակային քննադատությունների անտեսում:

Այնպես որ, վարչապետի հրաժարականը ոչ թե զարմանալի, այլ վաղուց սպասված և օրինաչափ փոփոխություն է, որի օրախնդիր լինելը լակմուսի թղթի նման երևակեցին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը և շինությունները գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին ժողովրդի եթե ոչ մեծ, ապա զգալի մասի ցուցաբերած բարոյահոգեբանական աջակցությունը (աջակցությունը միայն բողոքի երթերն ու ցույցերը չէին…):

Ցավոք (ցավոք, որովհետև ոչ թե չարախնդում, այլ իսկապես ցավակցում եմ վարչապետին էլ, մեզ բոլորիս էլ), պարոն Աբրահամյանը չկարողացավ պետության ու ժողովրդի առջև ծառացած վերոնշյալ ու մյուս խնդիրները լուծել, իսկ այն էլ, ինչ որոշ ուղղություններով արեց, խիստ անբավարար եղավ:

Անկեղծ ասած, չգիտեմ’ չուզե՞ց լուծել այդ խնդիրները, թե չկարողացավ, հավանաբար երկուսն էլ, այսինքն’ որոշ դեպքերում չցանկացավ լուծել առկա հիմնախնդիրները, որոշ դեպքերում էլ չկարողացավ: Իհարկե, երկրում առկա վերոնշյալ իրավիճակի համար մեղադրել միայն վարչապետին կամ մեղադրել նույնիսկ միայն կառավարությանը, չափազանց սխալ կլինի: Այս ամենի պատճառները շատ ավելի խորքային, գլոբալ ու համակարգային բնույթ ունեն:

Իր հրաժարականն այսօր փորձեց բացատրել նաև վարչապետը.

«Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ:

Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել Նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը»:

Վարչապետն ակնհայտորեն մոռացել է նշել երկրում առկա բարոյահոգեբանական իրավիճակի բարելավման անհրաժեշտության մասին, ինչն ավելի կարևոր է, և փոփոխությունները դրանից պետք է սկսել: Կամ էլ չի մոռացել, պարզապես մինչև հիմա չի հասկացել, որ առավել կարևորը դա է: Նրա այս բացատրությունը, իհարկե, նշանակում է թաքցնել կադրային սխալ քաղաքականության, կոռուպցիայի և այլնի վերաբերյալ վերը նշված իրողություններն ու դրանց պատճառները, և երկրում առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավումը պայմանավորել սոսկ այդ ուղղությամբ հասարակության և կառավարության միասնական ջանքերի բացակայությամբ կամ անբավարարությամբ: Դա, անշուշտ, իրականություն է, սակայն սոսկ մասամբ է բացատրում վերոնշյալ իրողությունները: Բացի այդ, որքան էլ միասնական լինեն հասարակության և կառավարության ջանքերը տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար, այդ միասնականությունը սոսկ անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման է:

Թե՛ երկրում առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման, թե՛ դրա համար անհրաժեշտ հասարակության և կառավարության միասնական ջանքերի ապահովման համար, այո, անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ, սակայն Հովիկ Աբրահամյանը չի ասել, թե ինքն ու իր ղեկավարած կառավարությունն ինչու չեն կարող ապահովել այդ նոր մոտեցումներն ու նոր սկիզբը:

Ավելին՝ առկա է ուղղակի, ակնհայտ ու ճչացող հակասություն. եթե վարչապետն այն պաշտոնյան է, և կառավարությունն էլ այն կառավարությունն է, ինչպես ինքն իրեն ու կառավարությանը պարոն Աբրահամյանը ներկայացրել է կառավարության այսօրվա նիստի ավարտին, ապա նրանք պետք է կարողանային ապահովել այդ անհրաժեշտ նոր մոտեցումներն ու նոր սկիզբը: Իսկ եթե ինքն ու կառավարությունը չեն կարողացել ապահովել, ապա ինքը, որպես վարչապետ, իրականում այնպիսին չէ, ինպիսին ինքն իրեն այսօր ներկայացրել է հասարակությանը, ոչ էլ իր գլխավորած կառավարությունն է այնպիսին, ինչպիսին ներկայացրել է:

Արթուր Հովհաննիսյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *