Մեծահարուստների «անփող» կառավարությունը

կառ

2017թ. խորհրդարանական ընտրությունների որակը բարձրացնելու համար անհրաժեշտ է 16 միլիոն եվրո: Կառավարությունն ասում է այդ գումարը չկա և հավաստիացնում է, որ ընկել է դռնեդուռ այն հայթայթելու համար:

Արթիկում մեկ շաբաթ առաջ ջրհեղեղ էր, պետական միջոցներ չգտնվեցին: Այսօր այդ փոքրիկ քաղաքը կանգնած է խոլերայի համաճարակի վտանգի առաջ՝ փլատակների տակ դեռ փողոցներից չհեռացված ջրակույտերում սատկած կենդանիների առկայության հետևանքով:

Փողի բացակայությունը և անարդյունավետ կառավարումն ամեն տարի տեսանելի են անգամ ձյան առաջին տեղումների ժամանակ: Մենք ունենք Կառավարություն, որը նույնիսկ ձմռանը չի կանխատեսում տեղումներ:

Լավ, էլ ինչի՞ համար փող ունի մեր կառավարությունը: Կամ առհասարակ, ինչո՞ւ ենք հարկատուներս պահում կառավարություն, որը միշտ անպատրաստ է, միշտ ունի փողի պակաս: Թերևս պարադոքս է, բայց աշխարհում չկա մեկ այլ կառավարություն, որն այսքան մեծահարուստ ունենա իր կազմում և շարունակ տրտնջա փողի բացակայությունից:

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ արդյունավետ կառավարման ռեկորդակիր է, նպատակային հենքից զրկված, կադրային ու ծրագրային ներդաշնակության բացակայությամբ:

Սակայն խնդիրը միան անձերն ու կադրերը չեն ու ոչ էլ այն, թե կառավարությունը միակուսակցական է, թե կոալիցիոն: Խնդիրն ավելի խորքային է: Հայաստանի այս և նախորդ կառավարությունները չեն առաջնորդվում քաղաքական հաշվետվողականության սկզբունքով: Հանրությունը կարող է հայհոյել վարչապետին կամ նախարարներին, խորհրդարանում կարող են նրանց քննադատել, կառավարությունը կարող է ձախողել իր երկարաժամկետ ծրագրերի կամ ընթացիկ բյուջեի կատարման մեջ, սակայն նման մանրուքների համար Հայաստանում պաշտոնանկություններ կամ հրաժարականներ չեն լինում: Ամեն բան որոշվում է Բաղրամյան 26-ում և կառավարությունը ջանք անգամ չի գործադրում հասարակության պահանջները կատարելու կամ խորհրդարանական քննադատություն լսելու համար:

Կառավարությունը կոչված է պայքարելու տնտեսական մենաշնորհի և կոռուպցիայի դեմ, բայց դրանց փաստացի խրախուսողն է, օլիգարխիայի հիմնական տանիքը:

Պատահական չէ, որ բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում արագ հարստանում է, չնայած պաշտոնապես հաստատված ոչ բարձր աշխատավարձի:

Դարձյալ պատահական չէ, որ կաբինետի առնվազն մեկ-երկու նախարար իրենց կարգավիճակն օգտագործում են սեփական բիզնեսը մենաշնորհային դիրքի բերելու համար:

Էլ ի՞նչ զարմանանք, որ 21-րդ դարում, փոքրիկ անօգնական Արթիկը հայտնվել է խոլերայի վտանգի առաջ:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *