Արդարության սկզբունքով…

timthumb-21Չնայած 2016-ը մի շարք իմաստներով Հայաստանի համար այնքան էլ մեծ ձեռքբերումներով լի տարի չդարձավ, բայց առնվազը սպորտային առումով, այն իրապես անգերազանցելի էր: Մեր փառահեղ մարզիկներին, ըստ էության, հաջողվեց անել այն, ինչ չէր հաջողվում տասնամյակներ ի վեր. միայն այն, որ 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանին հաջողվեց տուն վերադարձնել օլիմպիական ոսկին, թույլ է տալիս մեզ անցնող տարին սպորտային տեսանկյունից պատմական տարի հռչակել՝ տարի, որ հայ սպորտի պատմության մեջ ոսկե տառերով է գրվելու:

ՀԱՕԿ նախագահ, մեծանուն բարերար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ մի գեղեցիկ ավանդույթ կա ձևավորված. ամեն տարի՝ ամանորյա տոներին նախորդող շրջանում, ՀՀ նախագահի մասնակցությամբ տեղի է ունենում 10 լավագույն մարզիկների մեծարման ու պարգևատրման արարողություն, որի գլխավոր հերոսները միջազգային սպորտային հարթակներում Հայաստանի անունն ու պատիվը բարձր պահած հայաստանցի մարզիկներն են՝ նրանք, որոնց սպորտային սխրանքի շնորհիվ մեր երկիրը շարունակ վերահաստատում է իր՝ սպորտային համաշխարհային գերտերության կարգավիճակը:

2016-ը ևս այս իմաստով բացառություն չդարձավ. դեկտեմբերի 27-ին «Փարավոն» համալիրում տեղի ունեցավ 2016-ի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը. վերջիններս պարգևատրվեցին ինչպես խոշոր գումարներով, այնպես էլ անվանական ավտոմեքենաներով:

Այն, որ 2016-ին մարզական նվաճումներն ամենևին էլ իրականություն չէին դառնա, ոչ մի կերպ չէին նյութականանա առանց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից գործադրված ջանքերի, կարծում ենք՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Գաղտնիք չէ, որ մենք՝ հայերս, տաղանդավոր ժողովուրդ ենք մարդկային գործունեության անխտիր բոլոր ասպարեզներում. անհնար է գտնել գեթ մեկ բնագավառ, ուր հայի տաղանդը բազմակի անգամներ փայլատակած չլինի: Կասկածից վեր է, սակայն, որ ունեցած տաղանդները կարող են բազմապատկվել, կատարվող աշխատանքի արդյունավետությունը կարող է բազմակի անգամներ ավելանալ, եթե մարդն իր վաստակի դիմաց արժանանում է համապատասխան գնահատանքի, եթե իրեն կարևորված է զգում: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից մտահղացված մեծարման նմանատիպ արարողությունները բխում են հենց վերոհիշյալ տրամաբանությունից ու նպատակ ունեն ցույց տալու մարզիկներին, որ նրանց վաստակը երկրի առջև առանց համապատսախան գնահատանքի չի մնում, ու ձեռքբերումը, գործն, անպայմանորեն գնահատվում են ըստ արժանվույն. սրանով, ըստ էության, փորձ է արվում մոտիվացնել մարզիկներին՝ ապագայում ևս Հայաստանի պատիվը բարձր պահելու, նորանոր մարզական բարձունքների հասնելու՝ մի բան, որն այնքան հազվադեպ երևույթ է մեր իրականության պայմաններում:

Անխոս՝ բազմաթիվ մեդալների նվաճումը միանգամայն անիրական կլիներ, եթե սպորտային անհաս բարձունքներ նվաճած մարզիկների թիկունքին կանգնած չլիներ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այն թիմը, որի անխոնջ աշխատանքի, ներդրած միջոցների արդյունքում է, որ այսօր իրականանում են նպատակներ, որոնք տարիներ առաջ միանգամայն անիրական կարող էին թվալ. սպորտն այն բացառիկ հարթակներից մեկն է դարձել Հայաստանում, ուր մասնավորն ու պետությունը, լավագույնս համագործակցելով միմյանց հետ, կարողանում են գրանցել արդյունքներ, որոնք միայն համազգային հպարտություն են առաջ բերում, շոյում բոլորիս արժանապատվությունն ու ապացուցում՝ անհնարին ոչինչ չկա:

Մեր խորին համոզմամբ՝ 2016-ը միայն մեծ սկիզբն է դառնալու այն ձեռքբերումների ու նվաճումների, որ ապագայում հայկական սպորտն ունենալու է. դրա համար կա և՛ համապատասխան ներուժ, և՛, որ ամենակարևորն է՝ վճռակամություն՝ հայի մարզական տաղանդը աշխարհով մեկ հանրահռչակելու. մեծագույն հաղթանակները դեռևս առջևում են…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *