ՌԴ-ը սահմանեց նախընտրական խաղի կանոնները

timthumb (31)Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղրղզստանում տեղի ունեցած ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստի շրջանակում հայտարարել է, թե Եվրասիական միությունից դուրս գալու դեպքում որևէ երկիր ռուսական գազի դիմաց պետք է վճարի միջազգային գնով: Չնայած՝ ՌԴ վարչապետը հայտարարում է, որ կառույցում ոչ մեկին ուժով չեն պահում, ակնհայտ է, որ խաղի նման կանոնների սահմանումը՝ ինքնին նշանակում է սպառնալիք և ուժի գործադրում՝ կանխելու համար ԵՏՄ-ից սպասվող արտահոսքը: Մեդվեդևի այդ սպառնալիքի հասցեատերը ոչ միայն Բելառուսն է. ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերություններում վերջին շրջանի լարվածության աճը:

Մեդվեդևի հայտարարությունը այլ երանգներ է ստանում, երբ այն դիտում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Եվրոնյուզին օրերս տրված հարցազրույցում հնչեցրած մտքերի ֆոնին: Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր, որ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացնելիս ՀՀ–ը ՌԴ կողմից որևէ ճնշման չի ենթարկվել, պարզապես՝ ռուսական կողմը զգուշացրել է, որ չանդամակցելու դեպքում Հայաստանը գազի դիմաց կվճարի միջազգային գներով, այսինքն՝ կրկնակի թանկ:

Սրանով Սերժ Սարգսյանը փորձում է հիմնավորել մեկ գիշերվա ընթացքում կայացրած որոշումը, ինչը բազմաթիվ քննադատությունների առիթ էր դարձել: Այսինքն՝ Ռուսաստանի վարչապետը չի ասում, որ ԵՏՄ-ից ոչ ոք դուրս չի գա, քանի որ այդ կառույցը ունի գրավիչ հեռանկար, տալիս է իր անդամներին տնտեսական և քաղաքական զարգացման հնարավորություն, բարձրացնում է անվտանգության մակարդակը, ապահովում է համատեղ բարեկեցության հասնելու հավաքական մեխանիզմներով, բազմապատկում է յուրաքանչյուր անդամի ներուժը, այլ խոսում է լատենտ սպառնալիքների լեզվով՝ ինչը բնորոշ է վերջին տարիների ռուսական արտաքին քաղաքականությանը:

ՌԴ վարչապետի հռետորաբանության կոշտացումը պայմանավորված է նաև մեկ այլ կարևոր գործոնով, այն է՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունններում նկատվող ակտիվությամբ: Այժմ արտաքին գործերի փոխնախարարը հայտարարում է, որ հույս կա, թե 2017-ի առաջին եռամսյակում այն կստորագրվի: Սա հետաքրքրական ժամկետ է: Հետաքրքրական է նրանով, որ 2017 թվականի առաջին եռամսյակը կլինի Հայաստանի, այսպես ասած, նախընտրական ամենաթեժ եռամսյակը, որից հետո էլ՝ արդեն ապրիլին, կլինեն խորհրդարանական ընտրությունները:

Այդ ընտրություններում Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ, որոնց իրականացումը իշխանությունների համար, իհարկե, բարդություններով լի է լինելու և բավականին ռիսկային իրավիճակ է: Հայաստանի իշխանությունների համար դա իսկապես մարտահրավեր է՝ հաշվի առնելով նաև այն, որ միջազգային հանրության, այդ թվում, մասնավորապես, Եվրամիության արձագանքն այդ ընտրություններում իշխանության գործողություններին՝ շատ կարևոր է լինելու նաև հետագա տնտեսական հատկացումների տեսանկյունից, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի իշխանության համար:

Նախընտրական այս փուլում ակտիվացել են նաև ՀՀ-ում ՌԴ և ԵՄ դեսպանները, ինչը կարելի է բացատրել ՀՀ–ում նախընտրական և հետընտրական գործընթացների վրա ազդելու լծակներ ձեռք բերելու ցանկությամբ: Թե ԵՄ, թե ՌԴ դեսպանները այս օրերին հայտարարում են գալիք ընտրություններից իրենց ունեցած ակնկալիքների մասին:

Ռուսաստանը սպառնում է տնտեսական հետևանքներով, եթե ՀՀ-ն լքի ԵՏՄ-ն, այսինքն՝ ռուսական ազդեցության տիրույթը, իսկ ԵՄ-ն իր հերթին՝ սպառնում է ՀՀ-ը թողնել առանց ֆինանսական աջակցության՝ եթե գալիք ընտրությունները չբավարարեն եվրոպական ստանդարտներին՝ ինչը նույնպես կարելի է դիտարկել նախընտրական շրջանում իշխանությունների վրա ազդեցության գործադրման միջոց: Հետևաբար, ՀՀ իշխանությունները կրկին հայտնվում են երկու քարի արանքում…

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *