Դեսպան․2017-ին ծրագրվում է Հայաստանի նախագահի այցը Հնդկաստան

default2017-ին ծրագրվում է Հայաստանի նախագահի այցը Հնդկաստան։ Նաեւ նախատեսվում է Հնդկաստանի արտգործնախարարի այցը Հայաստան։ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը NEWS.am –ին տված հարցազրույցում պատմել է հայ- հնդկական քաղաքական ու տնտեսական համագործակցության ձեռքբերումների մասին, անդրադարձել ծրագրված բարձրաստիճան այցերին ու Նոր տարին դիմավորելու հնդկական ավանդույթներին։

Ձեր կարծիքով 2016-ին Հայաստանի ու Հնդկաստանի հարաբերություններում առաջընթաց գրանցվե՞լ է։

Կայացել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստը, նաեւ ապրիլի մեկին Հնդկաստանի փոխարտգործնախարարի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում խորհրդակցություններ են անցկացվել արտգործնախարարությունների միջեւ։ Նոյեմբերի 12-ին մեր քաղաքացիական ավիացիայի նախարարն այցելել է Հայաստան ու հանդիպել Հայաստանի արտգործնախարարի հետ։ Նրանք քննարկել են երկկողմանի հարաբերությունների ամբողջ սպեկտրը, այդ թվում տնտեսական հարաբերությունները, նաեւ Դելի- Երեւան ուղիղ չվերթ բացելու հնարավորությունը։

Ինչպե՞ս եք գնահատում 2017-ին Հայաստանի ու Հնդկաստանի փոխգործակցության զարգացման ու հնդկական ներդրումների ավելացման հեռանկարները։

2016-ին երկրորդ անգամ Հայաստան է այցելել Հնդկաստանի առեւտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի պատվիրակությունը։ Երբ նման կանոնավոր կոնտակտներ են լինում, անկասկած, նաեւ որոշակի առաջընթաց կգրանցվի հնդկական ներդրումների ավելացման առումով։

Բարձր մակարդակով ծրագրված որեւէ այցեր կա՞ն։

Այո, 2017-ին մենք ծրագրում ենք Հայաստանի նախագահի այցը Հնդկաստան։ Նաեւ նախատեսվում է Հնդկաստանի արտգործնախարարի այցը Հայաստան։ Հայաստանի արտգործնախարարության հետ միասին մենք պետք է մշակենք այցերի ժամկետները։ Դրանք դեռ ճշգրտված չեն։

Ինչպե՞ս են Հնդկաստանոմ նշում Նոր տարին

Նոր տարին Հնդկաստանում նշում են այնպես, ինչպես ամբողջ աշխարհում։ Հնդկաստանը քրիստոնեական երկիր չէ, բայց շատ երիտասարդներ նշում են Սուրբ ծնունդը։ Իմ դուստրը զարդարում է սուրբծննդյան տոնածառ։ Նոր տարին նույնպես նշվում է հունվարի 1-ին։ Ինչպես աշխարհում ամենուրեք՝ մարդիկ անցկացնում են տոնական ժամանցային երեկույթներ։

Եվ ձեր ամանորյա մաղթանքները հայ ժողովրդին։

Ես հայ ժողովրդին կմաղթեի առողջություն, բարգավաճում ու խաղաղություն գալիք տարում եւ մշտապես։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *