Դասական կուսակցություններից մինչև ֆեյք-կառույցներ

fake-e1453928734364Պատմությունից հայտնի է, որ տարբեր քաղաքական համակարգերում մարդիկ կազմակերպվել են իրենց շահերը պաշտպանելու համար: Կազմակերպվել են նաև, որպեսզի իրենց կամքը թելադրեն ուրիշներին: Այս իմաստով, քաղաքական կուսակցությունները գոյություն են ունեցել դեռևս հին Հունաստանում և Հռոմում, միջնադարյան Եվրոպայում: Կուսակցություն տերմինը առաջացել է լատիներեն pars-մաս բառից:

Մասնագիտական գրականության մեջ քաղաքական կուսակցությունների տիպաբանության վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ: Առանձնացվում են արիստոկրատական-կարիերիստական, ակումբատիպ կուսակցություններ, որոնք ունեն էլիտար բնույթ և առանձնակի ակտիվություն են դրսևորում, զանգվածային գործունեության դիմում միայն ընտրությունների ժամանակ:

Մեկ այլ մոտեցմամբ առանձնացնում են դոկտրինային (որոնց համար առաջնային է գաղափարական մաքրության պահպանումը), պրագմատիկ (որոնք առաջնորդվում են գործողությունների պրակտիկ, իրավիճակային նպատակահարմարությամբ) և հարիզմատիկ (որտեղ մարդիկ համախմբվում են լիդերների շուրջ) կուսակցությունները:

Բավական տարածված է Մորիս Դյուվերժեի դասակարգումը, որը, նկատի ունենալով կուսակցությանն անդամակցելու հիմքերն ու պայմանները, տարբերակում է դրանց կադրային, զանգվածային և կենտրոնացված տիպերը։

Կադրային կուսակցությունները ձևավորվում են քաղաքական գործիչների, լիդերների շուրջ, որպես կանոն` վերևից, տարբեր պառլամենտական խմբակցությունների, ճնշման խմբերի, կուսակցական բյուրոկրատիայի բազայի հիման վրա: Դրանք կողմնորոշված են առաջին հերթի պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների և ընտրախավի մասնակցության վրա, ինչը ենթադրում է ազատ անդամակցություն և կուսակցական կազմակերպության որոշակի ամորֆություն: Սովորաբար այդ կուսակցություններն ակտիվանում են ընտրությունների ընթացքում:

Զանգվածային կուսակցությունները կենտրոնաձիգ կառույցներ են` կանոնադրական անդամակցությամբ: Այդպիսի կառույցներում մեծ նշանակություն է տրվում հայացքների ընդհանրությանն ու անդամների գաղափարական միասնությանը: Առավել հաճախ դրանք ձևավորվում են ներքևից, ոչ հազվադեպ` հասարակական շարժումների, արհմիությունների հիման վրա:

Կենտրոնացված կուսակցություններին բնորոշ է գաղափարական տարրի վերածումը հիմնարար, կազմակերպությունը ամբողջացնող գործոնի (այդպիսիք են կոմունիստական, ազգայնական կուսակցությունները): Դրանց հատուկ է խիստ կարգապահությունը, կազմակերպվածությունը, քաղաքական առաջնորդների նկատմամբ անքննադատական կեցվածքն ու պաշտամունքը:

Ինչ խոսք, հայաստանյան քաղաքական կյանքում կուսակցություններն ունեն անկյունաքարային դերակատարում, ավելին, ՀՀ քաղաքացիների ամեն երրորդը կուսակցական է: ՀՀ-ում գրանցված է 79 կուսակցություն, որոնցից, սակայն, ակտիվ քաղաքական կյանքին մասնակցում է մոտ տասը: Եվս տասը կուսակցություն մասամբ ակտիվանում է նախընտրական փուլում` դառնալով այս կամ այն լոկոմոտիվի կցորդը: Փաստացի ստացվում է, որ ՀՀ-ում գործող 50-ից ավելի կուսակցություն կամ ուղղակի գրացված է «գալոչկայի» համար, կամ այս կամ այն անհատի շուրջ ձևավորված մարդ-կառույց են:

Մոդայիկ է նաև այս կամ այն կառույցի, պետական չինովնիկի կամ օլիգարխի շահերի սպասարկելու համար քաղաքական մարմինների ստեղծումը, նման «ֆեյք» կուսակցություններն ուղղակի վերջնականապես աղճատում են հայրենի քաղաքական դաշտի քարտեզը և այն դարձնում մի անլուրջ լաբորատորիա:

Կուսակցությունների մասին օրենքի ԱԺ քննարկումներից կարելի է եզրակացնել, որ որոշակի հստակեցումների շնորհիվ կուսակցական դաշտում զտումներ կլինեն. այն կհանդիսանա մի յուրահատուկ ֆիլտր:

Արմեն Հովասափյան

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1259004384181760

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *