Մարդիկ հո ողորմությո՞ւն չեն ուզում. Գագիկ Ծառուկյանը՝ Ճամբարակում

timthumb (3)Այսօր՝ մարտի 23-ին, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացվող քարոզարշավի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք: Նախքան հանդիպումը՝ Գագիկ Ծառուկյանը ծաղկեպսակ դրեց Արցախյան ազատամարտի տարիներին զոհված ճամբարակցիների հուշարձանին:

«Ոչ պաշտոնի, ոչ գումարի, ոչ էլ ճանաչման կարիք ունեմ. ամեն ինչի հասել եմ: Իմ միակ նպատակը, իմ միակ ցանկությունն այսօր՝ ձեր մատից փուշ հանելն է, երկրում համակարգ ու օրենք փոխելն է, որ մարդիկ հուսահատությունից դուրս գան: Ես այս օրերին մարզերում եմ լինում ու տեսնում եմ մարդկանց աչքերում այդ ահավոր հուսահատությունը ու հենց դա է, որ մենք պետք է փոխենք»,-ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասաց Գագիկ Ծառուկյանը:


Նա ճամբարակցիներին ներկայացրեց Դաշինքի առաջնահերթ 15 կետերը՝ թոշակների բարձրացում, վարկային տոկոսների նվազեցում 3-5 տոկոսի, փոքր ու միջին բիզնեսին հարկային արտոնությունների տրամադրում, ավանդների վերադարձ:

«Պետք է սառեցնել կուտակային հիմնադրամը, և դրան ուղղված պետական բյուջեի տարեկան 28-30 մլրդ դրամի հասնող գումարներով բարձրացնել կենսաթոշակները, ինչպես նաև վերադարձնել ԽՍՀՄ ավանդները»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը կարևորեց մարզերի զարգացումը, ինչի համար, նրա խոսքով՝ անհրաժեշտ են ներդրումներ. «առանց ներդրման՝ ոչ մի տնտեսական աճ չի կարող լինել, մարզերը չեն կարող զարգանալ»:


«Եթե չես կարող անել, մի՛ արա, մարդկանց անեծքի տակ մի՛ մտի: Մարդիկ մի անգամ են ապրում, ուզում են լավ ապրեն, երեխաներին հարսանիք անեն, թոռներին լավ պահեն: Մարդկանց միայն հնարավորություն է պետք տալ աշխատելու, նորմալ ընտանիք ու տուն պահելու, հո ողորմությո՞ւն մարդիկ չեն ուզում: Մենք գիտենք ամեն խնդիրը, գիտենք դրանց լուծումները, տվեք մեզ այդ հնարավորությունը՝ 50+1-ը, և մեր ծրագրով այդ բոլոր խնդիրների լուծումը կապահովենք»,- նշեց Դաշինքի առաջնորդը:

Եզրափակելով իր ելույթը, նա նշեց, որ 50+1 ձայն ստանալու դեպքում «Ծառուկյան» դաշինքի առաջին իսկ որոշումը լինելու է 15 կետերի իրագործումը, որից հետո երկարաժամկետ ծրագրերը կյանքի կկոչվեն, և դրանց մեջ ուրույն տեղն ունի մարզերի համաչափ զարգացումը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *