Պուտինն Արցախի հարցում Էրդողանի համար սահմաններ է գծել. թուրքագետ

timthumb (8)«Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման ընթացքում, թեև հայտարարել է Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան միություն ստեղծելու ցանկության մասին, բայց, կարծում եմ՝ դա նրանց չի հաջողվի, որովհետև այդ պետությունների շահերը շատ հաճախ բախվում են իրար: Կան տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հարցեր, իսկ Հարավային Կովկասում Ռուաստանի և Թուրքիայի շահերը որոշ դեպքերում նույնիսկ հակասում են իրար: Ճիշտ է՝ որոշ հարցերում, մասնավորապես, էներգետիկ առումով, գուցե, կարողանան որոշակի հաջողություններ արձանագրել, բայց ավելի լուրջ դաշնակցային հարաբերությունների հասնելու նախադրյալներ՝ այս երկու կողմերը չունեն»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով Պուտին-Էրդողան վերջին հանդիպմանը:

Խոսելով երկու երկրների առաջնորդների միջև քննարկված հարցերի մասին՝ թուրքագետն անիրատեսական համարեց Ռուսաստանի կողմից  Անկարային С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հավանականությունը: «Սա ինձ համար հեռանկարի տեսանկյունից անիրատեսական է՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ՆԱՏՕ-ն իր անդամ պետության տարածքում նման համակարգի տեղադրմանը դեմ է, քանի որ դա չի բխում ՆԱՏՕ-ի պահանջներից»:

Անդրադառնալով ռուս-թուրքական մերձեցմանը և դրանից բխող բացասական հետևանքներին՝ Գևորգ Պետրոսյանն առանձնացրեց Արցախի հարցում երկու պետությունների դիրքորոշումների տարբերությունը: Վերջինիս պնդմամբ՝ որքան էլ այդ հարաբերությունները կրեն դրական բնույթ, բայց Արցախի հարցում Պուտինն Էրդողանի առաջ սահմաններ է գծել՝ թույլ չտալով նրան տարածաշրջանում առավել ակտիվանալու. «Ելնելով այն հանգամանքից, որ Արցախի հարցում Թուրքիան ունի ակնհայտ ադրբեջանական դիրքորոշում, պարզ է դառնում, որ Ռուսաստանն Արցախի հարցում որոշակի սահմաններ է գծել Թուրքիայի համար: Ռուաստանը կթողնի այնքան մոտենալ, որքան դա չի վնասի տարածաշրջանին, քանի որ ՌԴ-ն ունի իր ազդեցության գոտին պահպանելու անհրաժեշտություն: Սահմաններ կան և դա միանշանակ է: Չէ՞ որ տարածաշրջանում իր ազդեցությունը պահելու համար ՌԴ-ն պետք է իր ազդեցությունը պահպանի հենց հակամարտության գոտում: Մյուս կողմից այս հարցում Հայաստանը Թուրքիային թույլ չի տա դերի մեծացում: Ռուս-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ կա, որն ակնառու է հատկապես այս երկրների տնտեսական հարաբերություններում, բայց, միևնույնն է, նրանք ունեն լուրջ խնդիրներ»,-նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Թուրքիան այս ամենով հանդերձ՝ ամեն կերպ փորձ է անելու դիվանագիտական և մեդիա դաշտում մանևրելու հնարավորություններ գտնել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *