«Քավոր-սանիկ են, բարեկամ են, խաթր եք անում, բայց պետք է նայեք՝ համակարգ կփոխի՞, կարգ կփոխի՞, նոր՝ ընտրեք». Ծառուկյանը՝ Սիսիանում

timthumb (6)Այսօր՝ մարտի 22-ին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպվող քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչների հետ:

 

 

 

«Ժողովո՛ւրդ ջան, ես ձեր վիճակն էլ լավ եմ հասկանում. այդքան թեկնածու կա, քավոր-սանիկ են, բարեկամ են, խաթր եք անում, բայց պետք է նայեք՝ համակարգ կփոխի՞, կարգ կփոխի՞, նոր՝ ընտրեք»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասաց Ծառուկյանը։

Վերջինս ներկայացրեց նաև «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագիրը, անդրադարձավ բարեփոխումների համար առաջարկված 15 կետերին, թոշակների բարձրացման, արտագաղթի ահագնացող թվերին, բանկային համակարգին, վարկային բարձր տոկոսներին և ավանդների վերադարձման անհրաժեշտությանը, կուտակային կենսաթոշակային համակարգին.

«Կուտակային կենսաթոշակային ֆոնդին փոխանցվող գումարները պետք է սառեցվի և փոխանցվի ժողովրդին»,-ասաց Ծառուկյանը։

Ծառուկյանի խոսքով՝ ինքը ծանոթացել է բոլոր ուժերի ներկայացրած նախընտրական ծրագրերին և տպավորություն է ստացել, թե ընտրություններից հետո Շվեյցարիայում են ապրելու: ԲՀԿ առաջնորդը համարում է, որ իրատեսական չեն այդ ծրագրերը և գրողներն իրենց կյանքում գրվածը գործով չեն ապացուցել։


«Ընտրությունն ավարտվում է՝ նոր իշխանափոխություն եք ուզում, ժողովուրդ ջան, հիմա ձեզ տրված է հնարավորություն՝ ընտրելու, տալու 50+1 ձայն, որպեսզի այս համակարգը փոխվի»,- ասաց նա՝ շեշտելով. տվե՛ք վստահության քվե և պահանջե՛ք։


Սիսիանցիներին Ծառուկյանը տեղեկացրեց նաև, որ իր միջոցների հաշվին այս քաղաքում մարզադպրոց է կառուցել, որպեսզի երեխաները կտրվեն փողոցից, բոլորովին անվճար կարողանան պարապել, ուժեղ մարդ դառնան ու միջազգային ասպարեզում բարձր պահեն մեր երկրի պատիվը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *