Չեն անում, չեն էլ թողնում ուրիշն անի. Գագիկ Ծառուկյանը՝ Կապանում ջրաշխարհ կառուցելու մասին

timthumb (3)Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքը մարդաշատ էր, կապանցիները դուրս էին եկել դիմավորելու «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացվող քարոզարշավի շրջանակներում հանդիպում էր կազմակերպել տեղի բնակիչների հետ:

Գագիկ Ծառուկյանը կապանցիներին ներկայացրեց դաշինքի կողմից ներկայացված ծրագրային տասնհինգ կետերը, ներդրումային ծրագրերը և իր առաջնորդած դաշինքի քաղաքական տեսլականը:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ թոշակները քսանհինգ հազար դրամով ավելացնելուն, ավանդների վերադարձմանը, մարզերում սպորտային և մշակութային կյանքի աշխուժացման ծրագրերին:

«Բոլոր խնդիրները մենք գիտենք, բոլոր խնդիրներին տիրապետում ենք ի տարբերություն այն մարդկանց, որ անգիր արած հայտարարություններ են անում ու հույս ունեն դրանով երկիր պահել ու կառուցել: Հայաստանում այսօր փոքր ու միջին բիզնեսը խայտառակ վիճակում է: Ժողովրդի 60 տոկոսը փոքր ու միջին բիզնեսով է ապրում, բայց դրա կշիռը ընդամենը 1 տոկոս է կազմում: Եթե այսպես շարունակվի, ապա մեկ տարուց փոքր ումիջին բիզնեսի կշիռը բյուջեում կլինի 1 տոկոսից էլ ցածր»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ հայտարարեց նա:

Իր ելույթի ընթացքում Գագիկ Ծառուկյանը նաև հիշեցրեց, որ ինքը չի մոռացել իր խոստումը՝ երեխաների համար նախատեսված ջրաշխարհի վերաբերյալ. «Տեղը չտվեցին, ասացին՝ ինչ-որ բնակարան են ուզում կառուցել, բայց մինչև այսօր այդ տեղը քանդված մնացել է: Ասում եմ՝ չեն անում, չեն էլ թողնում ուրիշն անի: Այնպես որ՝ իմացեք՝ դա չեմ ասել որպես ընտրություններից հետո խոստում, այլ ասել եմ, որպես Ղափանին նվեր: Այսօր էլ եմ ասում՝ անկախ ընտրություններից, դուք մեր պատգամավորին ասեք, թե ինչ է պետք, եթե վերադասից թույլտվություն լինի՝ կիրագործեմ: Այս մարզի համար ես բան չեմ արել, բայց ուզել եմ անել: Սիսիանի համար մեծ մարզադպրոց եմ կառուցել, վաղը կարող եք գալ, բացմանը մասնակցել, այն իմ կողմից բոլորովին անվճար, նվեր է այս մարզի ժողովրդին:

Գագիկ Ծառուկյանը ելույթի ավարտին դիմելով ժողովրդին՝ կրկնեց. «Եթե թույլտվություն չեն տալիս, ես որտե՞ղ կառուցեմ»:

Կապանում Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև նախընտրական կրքերին, որոնցից անմասն չի մնացել նաև Սյունիքի մարզը: Նա նշեց, որ այսօր մարդկանց ահաբեկում են, թե աշխատանքից կազատեն, եթե իրենց օգտին ընտրություն չկատարեն, բայց և հորդորեց. «Մարզպետը լինի, քաղաքապետը լինի, թե կոմբինատի տնօրենը’ ոչ մեկին խաթր մի արեք ու մի վախեցեք, գնացեք ընտրության ըստ սեփական ցանկության ու որոշման, այլապես՝ հաջորդ տարիներին ավելի վատ է լինելու: Նրանք բոլորը քամի են անում իրենց տեղը պահելու համար, իրենց գործին մնալու համար: Եթե բան փոխվի’ առաջինը իրենք են դուրս գալու, որովհետև իրենց նշանակել են, որ մարդկանց մատից փուշ հանեն, ոչ թե մարդկանց ահաբեկեն ու մտածեն, թե ամբողջ կյանքում լինելու են այդ պաշտոնին»,- հայտարարեց նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *