Հայաստանի իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունից դժգոհ է հարցվածների 65 տոկոսը

868«Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2016»-ի հարցման արդյունքներով հարցված քաղաքացիների 14 տոկոսը կարծում է, որ իշխանություններն ինչ-որ քայլեր կատարում են կոռուպցիան կրճատելու ուղղությամբ: Այս ցուցանիշը զգալի նվազել է՝ 2013-ին այդ կարծիքին էր հարցվածների 21 տոկոսը:

Այդ մասին նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ներկայացնելով Հայաստանում և տարածաշրջանում հարցման արդյունքները:

Հայաստանի իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունից դժգոհ է հարցվածների 65 տոկոսը: 2013-ին այդ թիվը կազմում էր 53 տոկոս:

«Սա բավականին տհաճ նորություն է, չնայած օբյեկտիվ է», -ասաց Հոկտանյանը:

Հոկտանյանի ներկայացմամբ՝ Ադրբեջանում  հետաքրքիր արդյունք է գրանցվել այս հարցում. այնտեղ հարցվածների 60 տոկոսը կամ հրաժարվել է պատասխանել, կամ պատասխանել է կարճ՝ «չգիտեմ»:

«Որ կառույցների պետական պաշտոնյաներն են ներքաշված կոռուպցիայի մեջ» հարցին քաղաքացիները ամենաշատը մատնանշել են պետական պաշտոնյաներին՝ 45 տոկոս: Այս ցանկում մարդիկ ընդգրկել են նաև պատգամավորներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, հարկային մարմիններին, ոստիկանությանը, դատավորներին: Օրինակ, ցանկում, ըստ Հոկտանյանի, կան երկրներ, որոնցում կրոնական առաջնորդներն են համարվել ամենաշատ կոռումպացվածը:

«Մեր երկրում եկեղեցին համարվում է մաքուր», -նկատեց Հոկտանյանը:

Վերջինին, ինչպես 2013-ին, այնպես էլ հիմա զարմացրել է, որ Հայաստանում քաղաքացիների 63 տոկոսը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվումից ոչինչ չի փոխվի:

«ԱՊՀ երկրներում սա ամենաբարձր ցուցանիշն է, դժբախտաբար, մեզանից ավելի վատ վիճակում երկրներ չկան: Բայց պատկերացրեք, Եվրոպայում նման երկիր կա՝ Չեխիան է՝ 64 տոկոս, իսկ Հունգարիան՝ 63 տոկոս», -ներկայացրեց Հոկտանյանը:

Ըստ նույն հարցման արդյունքների 52 տոկոսը ցանկություն չունի ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում:

Կոռուպցիայի մասին բարձրաձայնել չի պատրաստվում հարցվածների 67 տոկոսը և այս ցուցանիշով, ԹԻ կազմակերպության ներկայացուցչի խոսքով, դարձյալ վերջին տեղում ենք: Կոռուպցիայի մասին չբարձրաձայնողների 41 տոկոսը ասել է, որ այդ մասին չի խոսում վախից: Ինչ վերաբերում է կաշառք տալուն, ապա հարցվածների 23 տոկոսն ասել է, որ վերջին հինգ տարում վճարել է կաշառք:

Հարցվածների 77 տոկոսն ասել է, որ կոռուպցիայի մասին բարձրաձայնելը ընդունելի վարքագիծ չէ և ընդունված չէ հասարակության կողմից:

«Հայաստանը դժբախտաբար ամենամեծ ցուցանիշը գրանցեց այս առումով, այսինքն՝ «ստուկաչի» հոգեբանությունը առավել տարածված է այստեղ, և մարդիկ գտնում են, որ մեր հասարակությանը խորթ է կոռուպցիայի մասին բարձրաձայնելը», -հավելեց Վարուժան Հոկտանյանը:

Նշենք, որ այս հարցումներն անցկացվում են երեք տարին մեկ անգամ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *