Մեղավորները «գյավուրները» չեն, մեղավորը դուք եք. Մեջլիսի հայազգի պատգամավորը՝ Թուրքիայի իշխանություններին

unnamed-thumbԹուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանը քննադատել է երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչների հռետորաբանության մեջ հայերի և այլ կրոնական փոքրամասնությունների թիրախավորելու արդեն ավանդույթ դարձած միտումը: Այս մասին Tert.am-ին հայտնել են Դողանի մամուլի ծառայությունից:

Ըստ հայազգի պատգամավորի` իշխանությունները միտված են երկրում տեղի ունեցող ամեն խնդիր և անհաջողություն բարդել քրիստոնյաների վրա:

«Հարգելի՛ պատգամավորներ, մենք` որպես այս երկրի կրոնական փոքրամասնություններ, մտահոգ ենք: «Կասաբլանկա» ֆիլմի կուլմինացիոն տեսարանի երկխոսության մեջ ասվում է. «Մշտական կասկածյալներին հավաքեք»: Մենք այս երկրի մշտական կասկածյալները լինել այլևս չենք ցանկանում», — ասել է Դողանը:

Նա նաև քննադատել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի կողմից «գյավուր» բառի գործածումն ու Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո իշխանամետ ԶԼՄ-ների կողմից հեղաշրջման կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին «հայազգի» պիտակը կպցնելը:

«Իշխանության ձեր նախկին համախոհների (նկատի ունի գյուլենականներին- tert.am) մեղքերը «գյավուրների» վրա մի՛ բարդեք, հարգելի՛ պարոն Քուրթուլմուշ, մեղավորները «գյավուրները» չեն, մեղավորը դուք եք», — իր խոսքը եզրափակել է Սելինա Դողանը:

Հիշեցնենք, որ Նուման Քուրթուլմուշը Կաստամոնու քաղաքում տեղի ունեցած «Արդարություն և զարգացում» կուսակցության տեղական կառավարման տարածաշրջանային խորհրդակցության և գնահատման երրորդ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայի համար անկախությունը «գյավուրին գյավուր ասել կարողանալու մեջ է»:
Նշենք, որ «գյավուր» բառը թուրքերի կողմից ոչ մահմեդական ժողովուրդներին անվանելու տարբերակ է, որը հաճախ կրում է արհամարհական կամ ստորացուցիչ իմաստ: Բառացի նշանակում է անհավատ:

Արևմտաեվրոպացիներն այդ բառին ծանոթացել են Ջորջ Բայրոնի հայտնի «Գյավուրը» («The Giaour») բանաստեղծության շնորհիվ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *