Պուտինը՝ Ադրբեջանի կործանման պատճա՞ռ…

Պ

Վերջերս մամուլում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Մոսկվան Մերձավոր Արևելքում սեփական ծրագրերն է՛լ ավելի արդյունավետորեն կյանքի կոչելու ճանապարհին համառ փորձեր է կատարում՝Ադրբեջանին սեփական դաշնակիցը դարձնելու ուղղությամբ՝ այդ երկրի տարածքը ռազմական նպատակներով օգտագործելու համար. ասում են՝ նույնիսկ գաղտնի համաձայնություն է կողմերի միջև ձեռք բերվել՝ առաջիկայում Ադրբեջանի կողմից Ռուսաստանին օդանավակայան տրամադրելու:

Այն, որ ռուս-ադրբեջանական ներկայիս հարաբերություններում նկատվող արտակարգ ջերմացումն իսկական անակնկալ դարձավ ոչ միայն մեզ՝ հայերիս համար, այլև, շատ առումներով, նաև աշխարհի, առանձնապես գաղտնիք չէ: Ու չնայած վերջին տասնամյակներում Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններում դժվար է հիշել որևիցե շրջան, երբ կողմերի միջև հարաբերությունները ակնհայտորեն մթագնած լինեին, սակայն այն, ինչ կատարվում է հիմա, ոչ մի կերպ չի կարող տեղավորվել երկկողմ հարաբերությունների ընդհանուր տրամաբանության մեջ (Ադրբեջանն ավանդաբար համարվել է Անգլիայի ազդեցության տակ գտնվող երկիր՝ պարագա, որը չի կարելի հաշվի չառնել ռուս-ադրբեջանական «բարեկամության» մասին խոսելիս):

Հետևաբար՝ ցանկացած նորմալ մարդու մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւմն է բանը, մի՞թե միայն տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայելու: Եվ ահա վերոհիշյալ շշուկները կարծես գալիս են՝ առաջացած հարցերին պատասխանելու ու հստակություն մտցնելու տեղի ունեցող գործընթացներում: Եվ այսպես՝ եթե, իրոք, այնուամենայնիվ, Մոսկվայի ու Բաքվի միջև համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել, ու Ադրբեջանում կոնկրետ ռազմաբազա տեղակայելու Մոսկվայի պլանի իրագործումը լոկ ժամանակի հարց է, ապա կարծում ենք՝ անգամ վերջին հիմարին էլ պետք է պարզ լինի,որ իրադարձությունների նման զարգացումը ոչ մի կերպ չի կարող բխել Բաքվի երկարաժամկետ շահերից, քանի որ կամա, թե ակամա ազերիներն իրենք իրենց դարձնելու են իսլամիստների թիրախ՝ ենթարկելով սեփական երկիրը ոչնչացման վտանգի. ցանկացած պահի ԻԼԻՊ-ը կարող է սեփական զենքն ուղղել Ադրբեջանի դեմ, Ալիևին հայտարարել՝ իսլամի դավաճան (ի դեպ՝ Ադրբեջանում կրոնական ինստիտուտների գործունեությունը պետական չոր վերահսկողության տակ է, իսկ իսլամն էլ՝ գրեթե ստորացված վիճակում)՝ Ադրբեջանը վերածելով ոչ միայն ռազմական ուղղակի թիրախի, այլ, նախևառաջ, գաղափարախոսական՝ այդ երկրում ֆինանսավորելով ընդհատակյա ծայրահեղական կազմակերպություներին, ինչից էլ հենց կարող է սկսվել Ադրբեջանի ներքին քայքայումն ու պառակտումը:

Իսկ այս դեպքում արդեն երկրորդ հարցն է ծագում՝ ի՞նչ կլինի Ռուսաստանի հետ, այս ամենն ի՞նչ վտանգներով կարող է հղի լինել Մոսկվայի համար: Հարցն այս, ինչ խոսք, մանկան արցունքի պես պարզ է. եթե Ադրբեջանը, որն, ի դեպ, սահմանակից է Ռուսաստանի հարավին, իրոք վերածվի իսլամիստների թիրախի, ապա դա ինքնաբերաբար կարող է նշանակել Հյուսիսային Կովկասի ավարտ: Ասել կուզի՝ Իսլամիստների թիրախ կարող է դառնալ ոչ միայն կամ ոչ այնքան Ադրբեջանը, որքան Ռուսաստանն՝ Ադրբեջանի միջոցով, ինչին, ի դեպ, ամենևին էլ դեմ չի լինի Արևմուտքը (նունիսկ Թրամպն է խոստովանում, որ «Իսլամական պետությունը» ստեղծվել է Արևմուտքի լուռ համաձայնությամբ):

Այնպես որ, չի բացառվում՝ ռուս-ադրբեջանական սիրախաղի հանդեպ Վաշինգտոնի՝ ոչ այնքան խանդոտ վերաբերմունքի պատասխանը կարող է թաքնված լինել հենց այստեղ, ինչից, նախևառաջ, պետք է զգուշանա Պուտինն, ով ամենևին էլ «հում» գործիչ չէ ու չի կարող հաշվի չառնել այն բոլոր վտանգները, որ կարող է պարունակել ռուս-ադրբեջանական տանդեմն՝ ընդդեմ ԻԼԻՊ-ի։

Պուտինը հրաշալիորեն հասկանում է, որ «ԻԼԻՊ» կոչվածը մտահղացվել է որպես ապագա զենք՝ իր երկրի դեմ ու որ եթե չկարողանա այն խեղդել օրորոցում, ապա ստիպված է լինելու դրա դեմ մարտնչել Կրեմլի պատերի տակ, ինչը, ոչ մի կերպ Մոսկվան չի կարող թույլ տալ:Պարզապես հարցն այստեղ այն է,թե ինչ մեթոդներով է փորձում պայքարել Պուտինն այս մարտահրավերի դեմ. Ալիևին սեփական զինվորը դարձնելը, կարծում ենք, այնքան էլ հաջող միտք չէ, քանի որ անգամ եթե Մոսկվան թքած ունենա բեղավորի ճակատագրի վրա, նույնպիսի վերաբերմունք չի կարող ցուցաբերել ինքն իր նկատմամբ. խաղադրույքները չափից դուրս մեծ են…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *