Քաղաքական խճանկար

timthumb-16«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքն այլևս իրողություն է, համապատասխան հուշագիրը ստորագրված։ Մյուս կողմից Լևոն Տեր–Պետրոսյանը ակտիվորեն մասնակցելու է նախընտրական պայքարին և գլխավորելու է ՀԱԿ–ի ցուցակը։ Այս կապակցությամբ շատերը նշում են, թե այդ դեպքում ինչու էր Տեր–Պետրոսյանը իր տարիքը մատնանշելով հրաժարվում նախագահական ընտրապայքարի մեջ մտնելուց։ Այս առումով թերևս ընդամենը պետք է ասել, որ նախագահական ընտրապայքարն ու խորհրդարանական ընտրությունները բոլորովին տարբեր բաներ են, և իմաստ չկա որևէ ընդհանրացում անել այս երկու արմատապես տարբեր իրողությունների շուրջ։

Ամեն դեպքում Լևոն Տեր–Պետրոսյանի ակտիվ ներգրավվածությունը առնվազն հետաքրքիր է դարձնելու նախընտրական գործընթացները։ Մյուս կողմից` ներկայում չեն դադարում խոսակցությունները Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին։ Ըստ էության, այդ վերադարձը լիովին գծագրված է և մնացել են միայն, այսպես ասած, տեխնիկական բնույթի հարցեր։ Նման պայմաններում հայաստանյան քաղաքական դաշտը բավական հետաքրքիր գունավորումներ է ստանում։

Մի կողմից պետք է նշել, որ զուտ Տեր–Պետրոսյանի անձը բավական լուրջ հաղթաթուղթ է դառնում ՀԱԿ–ի համար, անշուշտ հաղթաթուղթ 5%–ի արգելքը հաղթահարելու տեսանկյունից, քանի որ պետք է խոստովանենք, որ «ռեժիմը բոլորովին էլ խուճապի մեջ չէ» և իշխանափոխություն հեռանկարում պարզապես չկա։ Հենց այսպիսի դերակատարություն կունենա նաև Գագիկ Ծառուկյանի անձը, ընդ որում` Ծառուկյանի պարագայում խնդիրը բավական բարդ է։ Նախ, դեռևս պարզ չէ, թե ինչ ձևաչափով կվերադառնա Ծառուկյանը, արդյոք ԲՀԿ–ի միջոցով և այլ ուժով, իսկ միգուցե նաև այլ դաշինքով, որը տվյալ պարագայում ամենագերադասելի տարբերակը կլինի, սակայն անկախ այդ ձևաչափից, Ծառուկյանն արդեն իսկ լուրջ հավակնություններով է մտնելու ընտրապայքար և, բնականաբար, այստեղ չի կարող խոսք գնալ նվազագույն շեմ հաղթահարելու մասին։

Հաջորդ խնդիրը վերաբերում է ներկայում դաշինք կազմած երեք կուսակցություններին։ Քաղաքական գործընթացի տեսանկյունից այդ դաշինքն ինքնին դրական երևույթ է, քանի որ հայաստանյան տիպի քաղաքական համակարգ ունեցող երկրների պարագայում քաղաքական դաշինքները կարելի է ասել նույնիսկ անհրաժեշտություն են։ Սակայն անցած փորձը ցույց է տվել, որ հայաստանյան քաղաքական իրականության մեջ բոլոր նմանատիպ դաշինքները կարճ ժամանակում ձախողվել են և կազմալուծվել։ Սակայն մյուս կողմից պետք է նշել, որ այս երեք ուժերը ունեն Ազգային ժողովում հայտնվելու համապատասխան ներուժ, խնդիրը, սակայն, այդ ներուժի դրսևորման մեջ է և անշուշտ այն մարտավարության, որը կընտրի այս դաշինքը։

Դաշինքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում շեշտում են, որ դաշինքը պայքարելու է ներկա վարչակարգի դեմ։ Սակայն սովորաբար նման հայտարարություններին հաջորդում է ընդդիմադիր ուժերի միջև ընթացող սուր պայքար ու քննադատություն, որը, բնականաբար, արդեն իսկ բացառում է որևէ ընդդիմադիր ուժի լուրջ հաջողությունը։

Արդյոք 2017 թվականին ընդառաջ ընդդիմադիր քաղաքական ուժերը կհրաժարվեն միմյանց վրա ցեխ շպրտելու պրակտիկայից` ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտում դեռևս ընթանում են խմորումներ, որոնց վերջնական արդյունքը դեռ պարզ չէ։ Այս տեսանկյունից պետք է նշել, որ առաջիկայում չեն բացառվում, հապշտապ կազմված ինչ–ինչ քաղաքական դաշինքներ ու միավորումներ, որոնք ավելի շատ քաղաքական դաշտը կպղտորեն, քան կբևեռացնեն։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *