ՀՀԿ-ն՝ պատուհաս վանաձորցիների գլխին…

hhk

Ինչպես հայտնի է, Հայաստանում մշտապես խնդիր է եղել ազատ ու արդար ընտրությունների անցկացումը: Ընդ որում, այս խնդիրը արդիական է եղել ինչպես նախագահական ու խորհրդարանական, այնպես էլ, օրինակ, ՏԻՄ ընտրությունների պարագայում, երբ թվում է՝ իրենց նշանակությամբ սրանք այնքան էլ կարևոր չեն:

Մասնավորապես՝ հիմա էլ պարզվում է՝ նախընտրական կրքերը խիստ սրվել են հատկապես քաղաք Վանաձորում, ուր, ինչպես միշտ, չափից դուրս ակտիվ են հանրապետական թեկնածուի աջակիցները: Սրանց ակտիվությունն այն աստիճանի է հասել, որ սկսել են մարդկանց ահաբեկել, թե իբր, եթե իրենց քվեները չտան ՀՀԿ-ին, ուրեմն կարող են հույս չունենալ, թե հնարավորություն կունենան սեփական երեխաներին մանկապարտեզ տանել: Ասել կուզի՝ Եվրախորհրդի անդամ երկրում ականատես ենք դառնում մի բանի, որն անկարող էր տեղի ունենալ, ասենք, երրորդ կամ չորրորդ աշխարհներում, ուր «ընտրություններ» ասվածը կրում է, մեղմ ասած, ձևական բնույթ…

Դե, իսկ պետական աշխատողների օրը, կարելի է ասել, ընդհանրապես խավարել է, քանի որ որպես հարվածի հիմնական օբյեկտ, հենց հանդես են գալիս նրանք, որոնց, բա չեք ասի, բախտ է վիճակվել ունենալ պետական աշխատանք (թե ինչ է նշանակում մարզերում լինել պետական օղակի աշխատող, առանձնակի տողով անդրադառնալ, կարծում ենք, չարժի, քանի որ հանրահայտ է՝ աշխատավարձերը մինիմալից էլ ցածր են, որոնք չեն բավարարում՝ անգամ երկու շաբաթ նորմալ ապրելու համար):

Իհարկե, մենք ամենևին էլ միամիտ չենք՝ կարծելու համար, թե վանաձորցիներն այն միակ դժբախտներն են, որոնք ստիպված են՝ սեփական մաշկի վրա զգալու ստալինյան դեպրեսիաներին հատուկ մարազմի հասնող այսօրինակ ճնշումները, քանի որ ամենևին էլ գաղտնիք չէ՝ նման մեթոդներին «սիրելի» ՀՀԿ-ն հաճախ է դիմել տարիներ շարունակ՝ առանց աշխարհագրական բացառությունների: Բայց, համաձայնե՛ք, որ բանը կհասներ երեխաներին ահաբեկելուն, մի տեսակ անհավատալի էր. այնուամենայնիվ, սրբություն ունեցող ազգ ենք, ու սեփական ամբիցիաները բավարարելու համար չարժեր մարդկանց շանտաժի ենթարկել երեխաներով. ամոթ է, խայտառակություն…

Ամենացավալին այն է, սակայն, որ այս ամենի վերջն այդպես էլ չի նշմարվում: Չնայած շատ անգամներ են հոդվածներ հրապարակվել, լրագրողական հետաքննություններ են արվել մեղավորներին գտնելու ու բացահայտելու նպատակով, սակայն, փաստ է, որ ոչ մի մեղավոր այսքան ժամանակ պատասխանատվության չի ենթարկվել, ինչը խոսում է այն մասին, որ արատներն այս հասցրել են ներթափանցել պետական ապարատի ամենախորքերն ու վայելում են այնպիսի մարդկանց հովանավորությունը, որոնց որոշումներից է հաճախ կախված լինում երկրի ճակատագիրը: Իսկ թե ովքեր կարող են լինել այդ հզորները՝ դատե՛ք ինքներդ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *