Ինչու՞ այսպես չարացանք…

ոստպ

Շաբաթ օրը հիվանդանոցում մահացավ հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա գրոհի ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած՝ ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Վնասվածքները որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների շրջանում էին, բժիշկները չորս անգամ վիրահատել էին նրան, ամեն րոպեն պայքար էր նրա կյանքի համար, սակայն փրկել, ավաղ, չկարողացան

Ոստիկանության կողմից տարածած հաղորդագրությունը հանգստյան պայծառ օրը միանգամից մթագնեց: Կրկին մահ, կրկին արյուն, կրկին որբացած ընտանիք…

…Քառասունհինգ տարեկան էր Գագիկ Մկրտչյանը և իրեն վստահված պահակակետում, չնահանջելով ու չհանձնվելով, կյանքը տվեց իր վեցամյա որդու համար, բոլորիս երեխաների համար, ողջ ժողովրդի համար…

Շարունակում ես կարդալ հաղորդագրության տողերն ու զգում, թե ինչպես են սառը կաթիլներ գլորվում ճակատիցդ, ծոծրակիցդ, զգում ես բթացած մի ցավ ու հասկանում, որ 2016 թվականիհուլիսի 17-ի կարմիրն էլ ավելի կարմրեց ու արյան հոտն ավելի խտացավ…

Չեմ ճանաչում ես այդ մարդուն, չգիտեմ, թե ով է նա, բայց ցավ է յուրաքանչյուր նման դեպք, համենայնդեպս, մինչ վերջին րոպեները նման կարծիք ունեի:

Բացում եմ ֆեյսբուք սոցիալական ցանցի էջս ու քարանում՝ մի խումբ մարդիկ, այն էլ մի մեծ խումբ,ցնծում է՝ ոստիկան է մահացել:

Մարդիկ ուրախանում են ու մյուսներին էլ նույնը ցանկանում: Ու բնավ կապ չունի, թե այդ մահը ինչ կբերի հետը, թե քանի փոքրիկ կորբանա, թե քանի մարդ սոված կմնա:

Չարացել ենք: Շատ ենք չարացել: Մեր մեջ հակառակորդ ենք գտել ու արյան ծարավ ենք դարձել:
Կմտածեք, գույներ եմ խտացնում ու չափազանցված գրում, բայց ոչ…

Թեմայի մեջ ու թեմայից դուրս մեկ այլ գրառում էլ հանդիպեցի, որին բացատրություն չեմ գտնում:

«Արդեն քանի օր է կանգնում եմ Ազատության հրապարակի իշխանական այս կամ այն տականքին պատկանող սրճարանների առաջ, որոնց համար գոյություն չունի հանրահավաք, մտահոգ քաղաքացիներ, օրհասական վիճակում գտնվող հայրենիք, այլ, միայն՝ այդ հայրենիքը և հայրենակիցներին մինչև վերջին խազը քամելու անհագ ձգտում: Օգտվողներն էլ, իհարկե, հայի թերմացքից բացի ուրիշ ոչինչ չեն կարող լինել, երբ նայում ես նրանց անհոգ դեմքներին, լպիրշ ուրախությանը:

Կանգնում եմ ու լսում կանխամտածված կերպով առավելագույնի հասցրած երաժշտության ձայնը, բայց դա հեչ՝ առանց շեղվելու, հայացքս չեմ կտրում և ուշադիր ուսումնասիրում սրանց կտորե ծածկերը: Արդեն պատկերացնում եմ, թե վայրկյանների ընթացքում ինչպիսի հրավառություն կառաչացներ հենց տանիքին նետած ընդամենը մի մոլոտովյան կոկտեյլը»…

Համենայդեպս ինձ, անծանոթ մարդու տողերը ավելի քան խոսուն են, եթե մեր գաղափարակիցը չես, ապա մեռի…

Ինչու՞…

Ինչու՞ այսքան չարացանք:

Ես ոչ իշխանամետ եմ, ոչ՝ ընդդիմադիր: Ես մի սովորական մարդ եմ, որ, երկրիս պայծառ ապագայի մասին մտածելիս, դիակների վրայով քայլել չի ուզում:

Անի Սահակյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *