«Մաղարիչ»` Պուտինին…

հաբ

Հանրահայտ ու անհերքելի իրողություն է այն, որ, որքան էլ կարող է մարազմատիկ հնչել, Հայաստանի թե՛ էներգետիկ, թե՛ տնտեսական ռեսուրսների գրեթե 100%-ը Հայաստանի Հանրապետության սեփականությունը չեն հանդիսանում:

Համաձայնե՛ք, աշխարհում հազիվ թե գտնվի ևս մեկ նմանատիպ երկիր, որ նույնքան կախյալ վիճակում գտնվի մեկ այլ պետությունից (թեկուզ այդ պետությունը «ռազմավարական դաշնակից» կոչվի), որքան ներկայիս Հայաստանն է. չկա գեթ մի ոլորտ, չնչին բացառություններով թերևս, որ 100%-ով պատկանի Հայաստանի կառավարությանը:

Բանից պարզվում է, սակայն, որ Աբրահամյանի կառավարությունը որոշել է է՛լ ավելի հեռուն գնալ ու այս սուղ պայմաններում, երբ մարդիկ «հացին կակա են ասում», ոչ միայն կլորիկ գումար հատկացնել ասենք հայ-ռուսական բարեկամության թանգարանի վերակառուցման նախագծային աշխատանքի համար’ 17,5 մլն դրամի չափով, այլև վերջնականապես հանձնվել ռուսներին. Աբրահամյանի կառավարության որոշմամբ’ «Երևան ՋԷԿ»-ի‘ «Գազպրոմ Արմենիային» ունեցած պարտքի դիմաց այդ ընկերությանը այսուհետ նախատեսում է փոխանցել տեղային նշանակության գազային խողովակաշարերը, որն, ի դեպ, ժամանակին կառուցվել է Համաշխարհային բանկի վարկով:

Այնպես որ, Հայաստանի էներգետիկայի նախարարությանը պատկանող 10,7 միլիարդ դրամ արժողությամբ գազային խողովակաշարերը այսուհետ կդառնան «Գազպրոմ Արմենիա» ընկերության սեփականությունը:

Ինչպիսին էլ լինի նման մարազմատիկ որոշման հիմնավորումը (կառավարությունն, այսպես թե այնպես, մի «հիմնավոր» պատճառաբանություն կգտնի), փաստը մնում է փաստ, որ Հայաստանը մաս առ մաս ու աստիճանական վաճառքի հանելու’ ոմանց գաղտնի ծրագիրն աչքներիս առաջ իրականություն է դառնում, ու տպավորություն է, թե շուտով, երբ այլևս ոչինչ չենք ունենա տալու ու կկորցնենք կոմերցիոն հետաքրքրությունը ռուսների համար, հիմա էլ ստիպված ենք լինելու վաճառքի հանել ՀՀ տարածքներն, իհարկե՝ կրկին մաս-մաս. ասենք 2018-ից մինչև 2025 թթ. ընկած հատվածում Շիրակն ու Գեղարքունիքը, 2026-ից մինչև 2050 թվականն էլ’ ՀՀ մնացյալ մարզերը:

Ու այսպես, ոտքներս փռած աղի պես կապրենք’ ինքներս մեզ ներշնչելով, թե ազատ ու անկախ հայրենիք ունենք’ հզոր ու ամուր պետականությամբ…

Բայց այս ողջ պատմությունից միայն մեկ խելամիտ եզրակացության կարելի է գալ. երևում է’ Մոսկվայի հանդիպմանը ինչ-որ հայանպաստ բան, այնուամենայնիվ, հաջողվել է Պուտինից պոկել, ու հիմա հովիկ Աբրահամյանը չգիտի’ ինչ մաղարիչ անի Պուտինին, որ կարողանան մարդու լավության տակիս դուրս գալ:

Իսկ թե որոնք են այն հիմքերը, որ Հովիկ Աբրահամյանին թույլ են տալիս ենթադրելու, որ ինչ-որ ձեռքբերում մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց այդ հանդիպումից ունենալ, մնում է միայն կռահել, քանի որ ինչպես հայտնի է, արցախյան բանակցությունները պատված են գաղտնիության քողով, ու միայն ընտրյալներին է հասանելի այն պլանը, որ Ռուսաստանը փորձում է իրագործել Անդրկովկասում. ենթադրելի է, որ ընտրյալներից մեկն էլ, ի դժբախտություն մեզ, Հովիկ Աբրահամյանն է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *