Ցանկացած վարչապետ ինքն է ընտրում իր թիմը. Արծվիկ Մինասյանը հաստատեց՝ հրաժեշտ կտա պաշտոնին

arcv-thumb

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով իր՝ Բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերին, հայտարարեց, որ եղել է առաջարկ տարբեր ուղղություններով։

«Ես` որպես ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածու, բնականաբար, այդ առաջարկը քննարկման առարկա եմ ակնկալում դարձնել կուսակցության գերագույն մարմնում, որից հետո մեր մոտեցումը կներկայացնենք։ Էկոնոմիկայի նախարարությունը չի լինելու, որը ինձ համար ընդունելի չէ։ Ես երեկ էլ եմ ասել, որ ընդունելի չէ «էկոնոմիկա» բառը հանել նախարարության անվանումից։ Պարոն վարչապետը նոր դիրքում նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել։ Ես որևէ ամբիցիա չունեմ ամեն գնով տվյալ դիրքում մնալ, այլ մեր նպատակն է աջակցել պետության զարգացմանը։ Ես գոհ եմ ու շնորհակալ այն բոլոր մարդկանց, ովքեր ինձ աջակցել են։ Ես չեմ կարծում՝ պետք է առաջնորդվել իմ պրոֆեսիոնալիզմի մասին տարբեր կարծիքներով, ավելին՝ ես չեմ էլ ուզում ինքս ինձ գնահատել։ Այդ գնահատականը կտրվի հանրության ու մասնագիտական շրջանակների կողմից»,- կարծես իր հրաժարականի տեքստը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրության համաձայն նախարարին նշանակում է Նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ. «2018 թվականից հետո արդեն պառլամենտն է հիմնական դերակատարությունն ունենալու, բայց նշանակման և ազատման կարգում որևէ էական փոփոխություն չի լինի»։ Հարցին՝ ինչու Կարեն Կարապետյանը չի ցանկանում իրեն տեսնել նախարարի պաշտոնում, Մինասյանը հրաժարվեց պատասխանել. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, քանի որ յուրաքանչյուր վարչապետ ինքն է ընտրում իր թիմը, այն անձինք, այն դիրքը որտեղ տեսնում է առավել արդյունավետ մեխանիզմ։ Ես նորից եմ ասում՝ որևէ սահմանափակում, որևէ ձգտում ամեն գնով գտնվել մի դիրքի վրա, ինքնանպատակ չէ։ Կարծում եմ՝ սա նորմալ է, ընկալելի պետք է լինի, առաջիկան էլ ցույց կտա»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *