Հովիկ Աբրահամյանի զարմուհի պատգամավորը

Արդյոք ովքե՞ր են…

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց՝ օրենքներ են ընդունում ու մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու երևի թե սրտատրոփ սպասում 2017-ին. մեկ էլ տեսար՝ վերընտրվեց, մեկ էլ տեսար…

Քանի որ հաշված ամիսներ են մնացել մինչեւ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ մեկ առ մեկ ներկայացնելով նրանց անցած ուղին:

Lurer.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանն է:

Ծնվել է 1973թ. մայիսի 27-ին, Մխչյան գյուղում (Արարատի մարզ):

1995թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական

ֆակուլտետը: Ֆիզիկոս: Մանկավարժ:

1994-2004թթ. Արտաշատի թիվ 6 միջնակարգ դպրոցում աշխատել է ֆիզիկայի ուսուցչուհի, 2004-2009թթ.՝ փոխտնօրեն:

2009-2012թթ. եղել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն:

2003թ.-ից՝ ՀՀԿ անդամ է, ՀՀԿ Արտաշատի շրջանային խորհրդի փոխնախագահ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 17 ընտրատարածքից:

Մինչ տիկին պատգամավորուհու խորհրդարանական գործունեությանն անցնելը՝ կարելի է ուշադրություն դարձնել նրա կենսագրական մեկ տվյալի. տակավին ուսանողուհի լինելով՝ նա արդեն դպրոցում է աշխատել:

Երևի այդ տարիներին գործի անցնելու համար դիպլոմ հարկավոր չի եղել, բավական է եղել ուսանող լինելու հանգամանքը:

Թեպետ տիկնոջը երևի թե կարելի էր անգամ ուսանող չլինել, չէ՞ որ այդ տարիներին նրա համագյուղացի, ազգական, արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրենն էր՝ լուրջ պաշտոն, որ ի զորու էր զարմուհուն աշխատանքի տեղավորել:

Հովիկ Աբրահամյանի աճող պաշտոններին զուգահեռ՝ աճեց նաև Պողոսյանի դիրքը, ով դարձավ դպրոցի տնօրեն ու ստացավ պատգամավորի մանդատ:

Ստացավ՝ զուտ ստանալու համար:

Խորհրդարանում նա երբեք չի փայլել որպես պատգամավոր: Օրենսդրական նախաձեռնություններով հանդես չի եկել, թեպետ, որպես համահեղինակ՝ նրա անունը նշվում է այս ու այն օրենքի տակ:

Նշվում է՝ զուտ նշվելու համար:

Այս 4 տարիների ընթացքում տիկինը մեկ անգամ ելույթ է ունեցել, 33 անգամ էլ տարբեր հարցեր հնչեցրել՝ կրկին հնչեցնելու համար՝ թղթից աշակերտի նման կարդալով:

Ի դեպ, աշակերտական պահվածքով նա աչքի ընկավ նաև վերջերս, երբ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ պարզ երևում էր, թե պատգամավորն ինչպես է իր բջջային հեռախոսը դրել նախագծերի փաթեթների մեջտեղի հատվածում ու թաքուն ինչ-որ կայքեր բացում: Ժամանակ առ ժամանակ նա թաքցնում էր հեռախոսն ու ձևացնում, թե ուշադրությամբ հետեւում է նիստին, ապա կրկին խաղում հեռախոսով՝ պատրանք ստեղծելով, թե նախագծերն է ուսումնասիրում:

Լռիկ-մնջիկ պատգամավորը համեստ է նաև դրամական միջոցները հայտարարագրելիս: Թե դրանց հավատանք՝ նա ունի ընդամենը 1 բնակարան Արտաշատում՝ 63.6 քմ մակերեսով, և տարեկան էլ մոտ 3 միլիոն եկամուտ:

Ամեն դեպքում՝ նրա ձգտումը մեծ է 2017 թվականի խորհրդարանում հայտնվելու, թեպետ հանրապետականի կողմից նման ակտիվություն չկա՝ արդեն իսկ խոսվում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ կին պատգամավորները:

Պողոսյանի անունը ցուցակում չէ:

Անի Սահակյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *