Հաղթելուց հետո ու՞ր են ուզում տանել երկիրը. հարցնում է Սոս Գիմիշյանը

f37a9b68b44f1a65c0649e82beb49c3aՆախընտրական խմորումներն արդեն տվեցին իրենց առաջին պտուղը՝ այսօր հուշագիր ստորագրեցին երեք կուսակցություններ՝ «Հանրապետությունը», «Լուսավոր Հայաստանը» եւ «Քաղաքացիական պայմանագիրը», որոնց համագործակցության մասին խոսվում էր արդեն երկար ժամանակ։ Իշխանությունների բռնաճնշումներին դիմակայող եւ իրենց շարքերը վարչական լծակների գործադրմամբ համալրելուն անզոր քաղաքական ուժերը, ակնհայտ է, որ կարող են իրենց գործունեությունը շարունակել միայն դաշինքի շրջանակում միավորվելով։ Եվ քանի որ տարբեր ժամանակներում թե՛ «Հանրապետություն», կուսակցության, թե՛ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնող Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի հետ ճանապարհ են անցել, նաեւ՝ ընդհանուր հետագիծ թողել նախկին քաղբանտարկյալ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ու «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, ուստիեւ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են վերաբերում նորելուկ դաշինքին, կմիանա՞ն իրենք եւս, թե՞ ոչ։

«Մեր ծրագիրն է՝ ամբողջ հայության ուժերի միավորում։ Ի՞նչ հիմքի վրա են միավորվում, ի՞նչ են ուզում իրենք էս երկրից, հինգ տոկոս հավաքեն ու բավարարվեն»,- հարցնում է Սոս Գիմշյանը։ Նկատեցինք, որ նրանք խնդիր են դրել 2017թ. ԱԺ ընտրություններում անպայման հաղթել։ «Նախորդներն էլ են հաղթել։ Հաղթելուց հետո ու՞ր են ուզում տանել երկիրը, ի՞նչ արժեհամակարգից են ելնում, ի՞նչ են դավանում։ Օրինակ, ինձ շատ հետաքրքրում է, թե ինչ կարծիքի են իրենք այսօրվա Սահմանադրության մասին։ Ժամանակին իրենք մի ծպտուն չհանեցին այդ փնթի փաստաթղթի մասին»,- իր դիտարկումներն է շարունակում Սոս Գիմիշյանը։ Գիմիշյանին հիշեցրինք, որ Արամ Սարգսյանը եղել է «ոչ»-ի կողմնակիցներից, քարոզել է «ոչ», այսօր էլ քննադատել է այն՝ անվանելով վատը նախորդի համեմատ։ Այս հարցում, պարզվում է, որ պարոն Գիմիշյանը համամիտ է եւ կարծում է, որ երբ ունենանք նորմալ իշխանություն, նրա առաջին գործը պետք է լինի այդ Սահմանադրությունից հրաժարվելը։ «Եթե ասում են՝ համախմբվենք, պետք է ասեն՝ այս, այս, այս ծրագրերի շուրջ եկեք համախմբվենք, հենց էնպես համախմբվելը ո՞րն է։ Մենք էլ ենք խոսում տարբեր ուժերի հետ, գործընթացի մեջ ենք։ Ես կողմ եմ քաղաքական դաշտի համախմբմանը, բայց դրա համար այնպիսի ծրագիր, պլատֆորմ է պետք, որ բոլորի համար ընդունելի, ընկալելի լինի։ Պետք է հասկանանք, թե դիմացինն ինչ է առաջարկում»,- ասում է Սոս Գիմիշյանը։

Պետրոս Մակեյանն էլ կարծում է, որ եթե հուշագիրը ստորագրած քաղաքական ուժերը կարող են կանխել ընտրակեղծիքները եւ արձանագրել հասարակության քվեն, ապա իրենք անպայման կաջակցեն նրանց։ Ըստ մեր զրուցակցի՝ իրենք այս փուլում հանդիպումներ եւ խորհրդատվություններ չեն անցկացրել տարբեր ուժերի հետ, իսկ նախկինում եղել են այդպիսիք։ Մակեյանին հիշեցրինք, որ ինքը նախկինում համագործակցել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ «Իմպիչմենտ» դաշինքի շրջանակներում։ «Ճիշտն ասած, քաղաքականության մեջ հարաբերությունները պետք է լինեն երկկողմանի։ Առաջարկություն լինի՝ կքննարկենք, կորոշենք»,- ասաց Մակեյանը՝ հավելելով, որ ինքը դրական է վերաբերում ընդդիմադիր ուժերի միավորմանը։ Թագուհի Հակոբյան Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *