Միջնորդների կողմից առաջարկվող տարբերակները ցինիզմ են Արցախի բնակիչների և հայ ժողովրդի նկատմամբ. Խանումյան

%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կատարյալ սցենարն ԱՄՆ-ի համար. «Նույնը, ինչ և ռուսական, և ֆրանսիական կողմի համար»։ Այս հայտարարության վերաբերյալԼՈՒՐԵՐ.com-ը զրույցեց ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հետ։

-Պարոն Խանումյան, նախ Ձեր կարծիքն եմ խնդրում հայտնեք Ուորլիքի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ համանախագահների համար հակամարտության խաղաղ կարգավորումը ենթադրում է որոշակի տարածքների հանձնում Ադրբեջանին։

-Այն, ինչ ասում է Ուորլիքը, նորություն չէ և վաղուց քննարկվում է բանակցությունների ընթացքում: Սովորաբար միջնորդների և հակամարտությամբ զբաղվողների մոտ կա մի թյուր կարծիք, ըստ որի՝ չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, և հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջումների միջոցով: Սա անտրամաբանական մոտեցում է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր մոտեցումները դառնան դոմինանտ: Ադրբեջանը դիմել է ագրեսիայի և պատժվել դրա համար: Ջանքերն՝ ագրեսորին ինչ-որ ձևով բավարարելու, անհասկանալի են: Հայ ժողովուրդն Արցախի ազատագրության համար տվել է հազարավոր զոհեր, Արցախի անկախությունը նվաճվել է ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ, ոչ թե այն նվեր ենք ստացել, ինչպես խորհրդային մի շարք երկրներ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Հետևաբար, այսօր միջնորդների կողմից առաջարկվող տարբերակները ցինիզմ են Արցախի բնակիչների և հայ ժողովրդի նկատմամբ ընդհանրապես:

-Հայկական կողմի համար ընդունելի՞ է այդ տարբերակը՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, և արդյոք կարգավիճակը կարո՞ղ է անվտանգության երաշխիք լինել։

-Ցանկացած տարածքային զիջում ավելի է մեծացնում լայնածավալ պատերազմի վտանգը: Հետևաբար որևէ զիջում, այդ թվում՝ կարգավիճակի դիմաց, մեզ համար ինքնասպանության նման քայլ կլինի: Խնդիրը տարածքային չէ, հակամարտությունը ազգերի ինքնորոշման խնդիր է, և այստեղ տարածքային զիջումների մասին զրույցներն ավելորդ են, քանզի դրանք չեն մոտեցնում հարցի լուծումը:

-Եվ Ուորլիքը մեկ հայտարարություն ևս արել է, որ կա հակամարտության սրացման ռիսկ՝ ամբողջ այդ ծանր զինատեսակի կիրառմամբ։ Սա, ըստ Ձեզ, ի՞նչ մեսիջ է և ո?ւմ է ուղղված։

-Կարծում եմ՝ սովորական մտահոգություն է և ոչ ուղերձ:

Քրիստինա Աղալարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *