Հանրահայտ վիրաբույժ Լորդ Դարզին՝ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ

timthumb (22)«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախությամբ հաստատում է Լորդ Արա Դարզիի՝ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ դառնալը: Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարդասիրական, մարդու իրավունքների ոլորտը ներկայացնող  անհատներ, ինչպես նաեւ պետությունների նախկին ղեկավարներ: Այն գլխավորում է օսկարակիր դերասան եւ ռեժիսոր, հումանիտար  գործիչ Ջորջ Քլունին:

Պրոֆեսոր Դարզին Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենն է: Նա նաեւ ղեկավարում է Լոնդոնի կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնը եւ Քաղցկեղի հետազոտության ինստիտուտը: Լորդ Դարզին Կատարում գործող Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթնաժողովի գործադիր ղեկավարն է: Նա նաեւ NHS Trust-ի կայսերական քոլեջի հիվանդանոցի եւ Royal Marsden NHS Trust-ի խորհրդատու վիրաբույժ է: Բժշկության եւ վիրաբուժության ոլորտում իր ծառայությունների համար 2002թ. ձեռնադրվել է որպես ասպետ, իսկ 2007թ. դարձել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ՝ Դենհեմի Լորդ Դարզի: 2009 թվականից ընդգրկված է Թագուհու խորհրդականների խորհրդում:

Ինչպես տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից,  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը ողջունել է Լորդ Դարզիին. «Շատ ուրախ ենք, որ Լորդ Դարզին միանում է Ընտրող հանձնաժողովին: Նա ազնիվ եւ առանձնահատուկ մարդ է եւ մեծ ձեռքբերումների է հասել իր ողջ կյանքի ընթացքում բարին գործելով: Ընտրական գործընթացը եւ «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» շարժումը մեծապես կշահեն Լորդ Դարզիի փորձառությունից եւ գիտելիքներից: Նա լավ է հասկանում հանրային քաղաքականության արժեքը եւ իր ջանքերը ներդրել է հանուն համընդհանուր բարօրության»:

«Շատ ոգեւորված եմ եւ խորապես զգացված: Ես անհամբերությամբ սպասում եմ այդ մեծ պատասխանատվությանն ու հնարավորությանը, որը կստանձնեմ որպես «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ՝ ողջունելու ու գնահատելու խիզախ ու անձնվեր մարդասերների աշխատանքը: Անհամբերությամբ սպասում եմ 2018թ. «Ավրորա» մրցանակի թեկնածուների՝ փոփոխություններ բերող հերոսների ոգեշնչող պատմություններին »,- ասել է Լորդ Դարզին:

Լորդ Դարզիի ընտանիքն անհաղորդ չէ անձնվեր հերոսներին: Նրա ընտանիքը Թուրքիայի հյուսիսարեւելյան Էրզրում քաղաքից է: Նրա նախնիները Հայոց ցեղասպանության նահատակներ են. միայն նրա նախատատն ու տատն են կարողացել փրկվել:  «Նրանք մի քանի շաբաթ բոբիկ քայլել են Էրզրումից հյուսիսային Իրաք եւ ի վերջո հասել Իրաքի Մոսուլ քաղաք՝ իմ հոր պապի ընկերոջ օգնությամբ,- պատմել է Լորդ Դարզին «Ավրորայի» 100 LIVES նախագծին, -հետեւաբար, «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի կարեւորությունն անձամբ եմ զգում: Սա հիանալի հնարավորություն է բարձրաձայնելու մարդկային բարության եւ մեծահոգության կարեւորության մասին»:

Լորդ Դարզին միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի ներկայիս անդամներին, որոնց թվում են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ եւ Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Վարդան Գրեգորյանը, օսկարակիր դերասան եւ ռեժիսոր, հումանիտար ոլորտի ակտիվիստ Ջորջ Քլունին:

2018թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները շարունակվում են: Յուրաքանչյուրը կարող է առաջադրել թեկնածուի, որն իր կյանքը, առողջությունը, ազատությունը, հեղինակությունը եւ բարեկեցությունը ռիսկի տակ է դրել՝ մարդկային կյանք պահպանելու եւ հումանիտար խնդիրներ առաջ մղելու հարցում բացառիկ ներդրում ունենալու համար: Ընտրական չափանիշների եւ գործընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: 2018թ. «Ավրորա» մրցանակի  առաջադրումների փուլը կավարտվի 2017թ. սեպտեմբերի 8-ին:

Հավակնորդների անունները կհրապարակվեն 2018թ. ապրիլի 24-ին Հայաստանում, երբ աշխարհը հիշատակում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը: «Ավրորա» մրցանակն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:

1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակը 2018թ. հունիսի 10-ին երրորդ անգամ կշնորհվի Հայաստանում: Դափնեկիրը մեկ միլիոն դոլարը կարող է տրամադրել այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իր գործունեության ընթացքում: Մրցանակի հանձնման արարողությունը կամփոփի հատուկ միջոցառումներով լի շաբաթը, որոնք տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը: Այսօրվա ամենահրատապ մարդասիրական խնդիրների համար լուծումներ որոնելու եւ մարդասիրությունը փառաբանելու համար Հայաստանում կհավաքվեն հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչներ, գիտնականներ, բարերարներ, մարդու իրավունքների պաշտպաններ, կառավարությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ գործարար առաջնորդներ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *