Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի պատասխանը՝ Վիկտոր Դալլաքյանին. 168.am

vladimir-hakobyan168.am-ը գրում է. «ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, վերջերս իրեն ակտիվ ընդդիմադիր հայտարարած և «Երրորդ հանրապետություն» կուսակցության շարքերը համալրած Վիկտոր Դալլաքյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը «գաղտնազերծեց» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր առանձնազրույցի որոշ մանրամասներ, և պարզվում է, որ Սերժ Սարգսյանն ուղղակի «սարսափել» է Դալլաքյանի հոկտեմբերի 11-ի ասուլիսից։

Ըստ այդմ` երբ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվում էր Արմեն Գևորգյանը, խորհրդակցությունն ավարտելուց հետո, Սերժ Սարգսյանը Դալլաքյանին հրավիրել է իր աշխատասենյակ և, երբ առանձնացել են, շատ քաղաքավարի, ժպիտով տվել է հետևյալ հարցերը` ինչո՞վ ես զբաղվում, ինչպե՞ս են քո գործերը։ Լրագրողներին հիշեցնելով` որ նախագահի հետ ինքը 4 տարի չի հանդիպել, Վ.Դալլաքյանը պատասխանել է` «ձեր ներկայացուցիչն եմ արդեն 4 տարի»։ Ս.Սարգսյանը նկատել է, որ մամուլում նրա մասին հետաքրքիր վերլուծություններ են հրապարակվում` քաղաքական գործունեության հետ կապված։ Իսկ Դալլաքյանը տվել է անորոշ պատասխան` «մամուլը նրա համար է, որպեսզի հետաքրքիր վերլուծություններ կատարի»։ Ս.Սարգսյանի երրորդ, ամենակարևոր հարցը եղել է` «եթե դու քո պաշտոնի հետ կապված որևէ այլ առաջարկ ունենաս, ես պատրաստ եմ այդ առաջարկությունը կատարել»։ Վ. Դալլաքյանը սա մեկնաբանում է որպես պաշտոնի առաջարկ։

«Իմ ասուլիսից մեկ օր առաջ` հոկտեմբերի 10-ին, ինձ անընդհատ` թե՛ քաղաքային, թե՛ ձեռքի համարից զանգահարել է Սերժ Սարգսյանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Ես չեմ պատասխանել զանգերին և հասկացել եմ, որ նպատակը հոկտեմբերի 11-ի իմ ասուլիսը չեղարկելն է։ Ուրեմն ժամերն եմ ձեզ ասում` զանգել ա 18։51, 19։44, 20։31։ Զանգերին չպատասխանելուց հետո, ստացել եմ հետևյալ հեռախոսագիրը` բարի երեկո, ունեմ հանձնարարություն ՀՀ նախագահից, խնդրում եմ զանգել։ Այսինքն` ՀՀ նախագահը, որ գտնվում էր Նյու Յորքում, փորձում էր կապվել ինձ հետ, որպեսզի ես ասուլիս չանեմ, այսինքն` նա սարսափում էր իմ ասուլիսից»,- լրագրողներին ասել է Դալլաքյանը և հավելել, թե սա է քարեր նետելու և չնետելու ժամանակը։

Այդ «ճակատագրական» ասուլիսին, հշեցնենք, Դալլաքյանն «ազդարարել» էր ՀՀԿ-ից դուրս գալու (նա ՀՀԿ խորհրդի անդամ էր) և ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին` 2017-ի խորհրդարանական ընտրություններին ակտիվորեն մասնակցելու նպատակով։ Թե ինչպե՞ս էր ՀՀԿ խորհրդի անդամն ու պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդը դուրս մնացել քաղաքականությունից, Դալլաքյանը չէր մեկնաբանել։

«168 Ժամի» հետ զրույցում նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հրաժարվեց Սարգսյան-Դալլաքյան առանձնազրույցի հետ կապված որևէ մեկնաբանությունից` հիմնավորելով, որ դա երկու անձի միջև կայացած խոսակցություն է, և, եթե մի կողմն ինչ-որ բաներ է ներկայացնում, դրա արժանահավատությունը մեկնաբանելի չէ, և «առանձնազրույց» բառն արդեն իսկ բովանդակալից բնորոշում է։ Ամեն դեպքում, ըստ նրա, պաշտոն ունեցող մարդուն դժվար թե պաշտոն առաջարկեն։

Վ.Հակոբյանի կարծիքով` քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալու հարցը ցանկացած մարդու անձնական որոշումն է. «Եվ հետո, որքանո՞վ է պարոն Դալլաքյանը լքած եղել քաղաքականությունը, ես չգիտեմ։ Նա եղել է կուսակցության անդամ և զբաղեցրել է պետական պաշտոն։ Եթե քաղաքականություն վերադառնալը պաշտոնից հրաժարական տալն է, դա արդեն անհատական մեկնաբանության է ենթակա, բայց վերադառնալ-չվերադառնալը պայմանական ձևակերպում է»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *