Ռուս-թուրքական խաղերն ու Արցախի խնդիրը

timthumb (1)Մոսկվայում մարտի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր իր ռուս գործընկերոջ հետ: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր նաև Արցախի հարցը: Էրդողանը նշել է, որ  մեծ է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի վերսկսման վտանգը, և հավելել, որ Ռուսաստանը կարող է առաջատարի դեր ստանձնել Արցախի հարցի կարգավորման գործում:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ինչո՞ւ է հարաբերությունների ներկա փուլում Թուրքիան նման պատասխանատու դեր վերագրում Ռուսաստանին, ի՞նչ  ծրագրեր են թաքնված հայտարարության տողատակերում, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Սա էլ է թուրքական դիվանագիտության մի նոր հնարք: Թուրքիան փորձում է Ռուսաստանին ցույց տալ, որ, տեսեք՝ մենք ընդունում ենք, որ այս տարածաշրջանը ՌԴ ազդեցության ոլորտն է: Ինչո՞ւ է դա անում. անում է ոչ թե նրա համար, որ դա իսկապես ուզում է ընդգծել, այլ այն պատճառով, որ Թուրքիային Ռուսաստանից կոնկրետ բաներ են պետք»:  

Խոսելով Ռուսաստանից Թուրքիայի ակնկալիքների մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Ռուսաստանի կողմից կիրառված պատժամիջոցները մինչև վերջ չեն վերացել և Արցախի հարցում Ռուսաստանի դիրքերը գերագնահատելով՝ Էրդողանն իր հարցերն է փորձում լուծել. «Կան պատժամիջոցներ, վիզայի, զբոսաշրջության զարգացման խնդիրներ: Հիշենք, որ զբոսաշրջիկները Թուրքիային միլիարդների օգուտ էին բերում: Հաջորդ ցավոտ հարցը ՌԴ-ում գործող թուրքական շինարարական ընկերությունների աշխատանքի սահմանափակումն է: Նման կարգի հայտարարություններ անելով՝ Թուրքիան այս խնդիրներն է փորձում լուծել»:

Քաղաքագետը, սակայն, վստահեցնում է, որ Վլադիմիր Պուտինը շատ լավ էլ հասկանում է Էրդողանի հայտարարությունների տողատակերը, բայց քաղաքականության մեջ, ինչպես և դիվանագիտության մեջ, շահն է կարևոր. «Եվրոպան մի կողմից, Ռուսաստանը՝ մյուս, փորձում են տնայնացնել Թուրքիային: Առկա է նաև Սիրիան. չէ՞ որ Ռուսաստանը շատ լավ գիտակցում է, որ Թուրքիան Սիրիայում ունի ազդեցության շատ լուրջ լծակներ՝ իրադրության վրա ազդելու համար, ուստի՝ Պուտինը փորձում է հարաբերությունների որոշակի մակարդակ ապահովել»:

Քաղաքագետն այն համոզմանն է, որ այս ամենով հանդերձ՝ պատմական փորձը ցույց է տալիս, որ ռուս-թուրքական հարաբերությունների միջև, այնուամենայնիվ, կան խնդիրներ, և այս ջերմ հարաբերություններն ընդամենը խաղ են:

Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *