«Փաստ». Քաղաքական նոր իրավիճակ

timthumb (30)«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն: Այս հստակեցումը կարելի է ասել, որ երկար սպասված էր: Միաժամանակ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն ինչ–որ առումով խառնում է քաղաքական դաշտի գրեթե բոլոր խաղացողների խաղաքարտերը, քանի որ, ինչպես նա նշեց իր հայտարարության մեջ, այդ վերադարձը լինելու է մեծ դաշինքի ձևաչափով: Այս տեսանկյունից պետք է նշել, որ խառնվում են անգամ ԲՀԿ–ի ծրագրերը, քանի որ մասնավորապես ԲՀԿ ներկայի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վերջին շրջանում ուղղակի և անուղղակի փորձում էր ներկայացնել, իբր հենց ինքը և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն են Գագիկ Ծառուկյանի վերադարձի գլխավոր դերակատարները: Սակայն այս տեսանկյունից պետք է նշել, որ զուտ ԲՀԿ–ն ժամանակին առնվազն ազնիվ չգտնվեց Ծառուկյանի նկատմամբ այն շրջանում, երբ վերջինս առավել քան ուներ քաղաքական աջակցության կարիք:

Մյուս կողմից՝ ընդհանուր ԲՀԿ–ի առումով պետք է նշել, որ կուսակցականների մեծ մասի համար Ծառուկյանը շարունակում էր ընկալվել որպես նրանց միակ ղեկավարը, ինչը նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ–ն կարող է լինել Ծառուկյանի ձևավորելիք դաշինքի անդամներից մեկը: Առավել հետաքրքիր իրավիճակում են հայտնվում հայաստանյան քաղաքական դաշտի մյուս խաղացողները: Ծառուկյանի վերադարձը, ըստ էության, լիկվիդացնում է Օհանյան–Օսկանյան–Դալլաքյան դաշինքի հնարավորությունները, որը տրամաբանորեն պետք է պայքարեր չափավոր կամ, այսպես ասած, կառուցողական ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների համար: Ծառուկյանի վերադարձով, բնականաբար, այս ընտրազանգվածն իր հայացքն ուղղելու է վերջինիս կողմը, և նման պայմաններում Օսկանյան–Օհանյան տանդեմն ունի ընտրության ընդամենը երկու հնարավորություն՝ կամ միանալ Ծառուկյանի ձևավորելիք դաշինքին, կամ գնալ ընտրության՝ շատ փոքր հավակնություններով, քանի որ ակնհայտորեն Ծառուկյանի քաղաքականություն վերադարձով ստեղծվելիք այս դաշինքը անցողիկ շեմի հաղթահարման խնդրի առաջ է կանգնում:

Նույն խնդրի առաջ են կանգնում նաև ընդդիմադիր կուսակցություններն ու դաշինքները, որոնք չեն տիրապետում այն քաղաքական կապիտալին և ռեսուրսներին, որն ունի Ծառուկյանը անգամ իր անձով:

Այստեղ, ի դեպ, պետք է նշել, որ ամենայն հավանականությամբ շուտով հայաստանյան հասարակական–քաղաքական դաշտում սկսվելու են տարատեսակ խմորումներ, որոնք ամենատարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ են տալու Ծառուկյանի վերադարձին, սակայն, որպես կանոն, նման խմորումներն ու ելույթները կրելու են զուտ զգայական բնույթ՝ մնալով մոտավորապես Ծառուկյանի վերադարձը լավ է կամ վատ է չափումների մակարդակում: Չի բացառվում, որ հերթական անգամ կհայտնվեն Ծառուկյանին չարիք հայտարարողներ և հակառակը՝ փրկիչ ներկայացնողներ: Իրականում, սակայն, նման մոտեցումները չեն կարող արտահայտել հայաստանյան քաղաքական դաշտում այն իրավիճակի փոփոխությունը, որը բերում է իր հետ Գագիկ Ծառուկյանը, քանի որ նման գործչի մուտքը քաղաքական պայքար չի կարող բնութագրվել մեկ կամ երկու գնահատականով:

Ընդ որում՝ պետք է շեշտել, որ Ծառուկյանի հայտարարությունից բխում է այն, որ վերջինիս գործունեությունը չի սահմանափակվելու մեկ կուսակցությամբ, իսկ սա արդեն իսկ նշանակում է, որ ապրիլի 2–ից հետո հայաստանյան քաղաքական կյանքում և դաշտում կձևավորվի բոլորովին նոր իրավիճակ՝ նոր խաղացողներով ու ուժերով, ինչն էլ իր հերթին կբերի այդ դաշտի որոշակի թարմացմանը, քանի որ ակնհայտորեն ներկայիս քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ վաղուց արդեն սպառել են իրենց և քաղաքականությամբ զբաղվում են, կարծես թե, իներցիայով»:

Շարունակությունը’ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *