«Գագիկ Ծառուկյանն ունի ամենաբարձր ռեյտինգը. Իշխանությունները դա հասկանում են». քաղաքագետ

timthumb (38)«Քաղաքական դաշտը կայացած չէ, և քաղաքական դաշտ ասելով՝ ի նկատի ունեմ ընդդիմադիր հատվածը, քանի որ ՀՀԿ-ասելով՝ հասկանում ենք պետական բյուրոկրատիա և հակառակը: Ընդդիմադիր հատվածը փլուզված վիճակում է, և Գագիկ Ծառուկյանի վերադարձը որոշակի աժիոտաժ է առաջացրել: Մարդկանց մոտ առաջացել է հույս, որ այս դաշտում կձևավորվեն բևեռներ, որոնք կկարողանան դիմագրավել իշխող պետական մեքենային:  Այս պահին կա քաղաքականություն վերադառնալու մասին Ծառուկյանի որոշումը, «Ելք» դաշինքը և «Համախմբում» կուսակցության շուրջ՝ երկու կուսակցությունների համախմբումը: Արդյոք այդ կուսակցությունները կգնան համընդհանուր միավորմա՞ն, թե՞ կլինեն մի քանի բևեռներով, արդյունքը միևնույնն է, քանի որ արդեն  հասարաության մեջ կա հավատ, որ  այս ընտրություններում շանս կա՝ փոխելու իրերի դասավորությունը»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Արդյո՞ք այդ շանսը հասարակությանը տվեց ԲՀԿ նախկին առաջնորդը, հարցին պարոն Բոզոյանը պատասխանեց. «Այո՛, Ծառուկյանի վերադարձը տվեց այդ շանսը, իհա՛րկե: Ըստ էության՝ նա բավականին բարձր վարկանիշ ունեցող անձնավորություն է և նրա վերադարձը հասարակության մեջ արթնացրել է նոր հույսեր»:

Խոսելով ընդդիմադիր հատվածում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն մտնելով պայմանավորված վերադասավորումների մասին, քաղաքագետը նշեց, որ լուրջ տեղաշարժեր են հնարավոր, և գրագետ աշխատանքի դեպքում՝ կարելի է լուրջ փոփոխությունների հասնել: «Սեյրան Օհանյանը մուտք գործեց ընդդիմադիր հատված և որպես ընդդիմադիր ներկայացուցիչ՝ կարող է ինչ-ինչ սպասումներ առաջացնել: Հիմա քաղաքական նոր երևույթ է ձևավորվել. ընդդիմադիր հատվածն ունի երկու նոր դեմք՝ Սեյրան Օհանյան և Գագիկ Ծառուկյան, ով  ունի ամենաբարձր ռեյտինգը, և դա ակնհայտ է»:

Որքանով է հավանական, որ իշխանությունը, խուսափելով ընդդիմադիր հատվածի լայն կոնսոլիդացիայից, փորձի նորից խոչընդոտել Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությանը, հարցին քաղաքագետը պատասխանեց. «Հիմա ընտրությունների ենք պատրաստվում, ցանկացած նման քայլ կարող է բարձրացնել ընդդիմության վարկանիշը և Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությանը խոչընդոտող ցանկացած քայլ կարող է հակառակ էֆեկտ ունենալ: Դա քաջ գիտակցում են իշխանությունները, այդ իսկ պատճառով էլ՝ նման քայլի չեն գնա»:

Աղավնի Սուքիասյան 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *