Ինչո՞ւ է փոխվում Արցախի Սահմանադրությունը

արցախ

Երբ Հայաստանում բարեփոխվեց Սահամանադրությունը, շատերն էին կանխատեսում, որ նույն գործընթացը տեղի է ունենալու ԼՂՀ-ում, քանի որ հայկական երկու պետությունները գտնվում են իրավաքաղաքական միևնույն համակարգում, կառավարման համակարգերը և օրենսդրությունը ներդաշնակեցնելու խնդիր ունեն:

Տարվա սկզբին ԼՂՀ-ում մեկնարկեց հիմնական օրենքի փոփոխությունները նախապատրաստող գործընթացը, սակայն քառօրյա պատերազմն իր սրբագրումները կատարեց՝ ստեղծելով միանգամայն նոր իրավիճակ:

Թվում էր՝ ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների թեման առժամանակ դուրս կգա օրակարգից: Սակայն այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը, կարճ ժամանակ անց, վերսկսեց իր աշխատանքները, իսկ օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն էլ հաստատեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը:

Պաշտոնական Ստեփանակերտին մոտ կանգնած շրջանակները պնդում են, որ քառօրյա պատերազմը իսկապես մտցրել է իր սրբագրումները և նախագահական ուժեղ համակարգին անցնելու քաղաքական որոշում է կայացվել:

Ես համոզված եմ, որ թե Հայաստանում և թե Ղարաբաղում հասարակությունն ու քաղաքական էլիտան իսկապես կարծում են, թե պատերազմական իրավիճակներում արդյունավետ կարող է գործել միայն ուժեղ կենտրոնադիր իշխանությունը, որը ավտորիտար մտածողությունը նույնացնում է բացառապես սուպերնախագահական համակարգի հետ:

Գոյություն ունի Իսրայելի օրինակը, երբ թշնամիներով շրջապատված այս փոքրիկ երկիրն արդյունավետ ղեկավարվում է խորհրդարանական համակարգով:

Այս օրինակը Հայաստանում շատ է հիշվում սահամանդրական փոփոխությունների գործընթացի ժամանակ, երբ անհրաժեշտություն կար հակափաստարկներ ներկայացնել ընդդիմախոսներին:

Հիմա Իսրաելի օրինակը մոռացվել է, որովհետև Արցախում կայացված որոշման հիմքում ոչ միայն բարձրաձայնվող և պատերազմով պայմանավորված մոտիվներն են, այլ նաև ներքաղաքական և ներիշխանական հաշվարկները:

Նոր Սահմանադրության նախագծով, էապես մեծանում են ԼՂՀ նախագահի լիազորություններն ի հաշիվ խորհրդարանի ու կառավարության:

ԼՂՀ 4-րդ նախագահը ձևավորելու և անձամբ ղեկավարելու է նաև կառավարությունը, որովհետև վերանում է վարչապետի պաշտոնը:

Գուցե կենտրոնաձիգ նման իշխանությունը ավելի օպերատիվ ու արդյունավետ աշխատի պատերազմական իրավիճակում, թեև որևէ մեկը չի կարող պնդել, որ ներկայումս գործող կիսանախագահական համակարգը անարդյունավետ է աշխատել կամ, ասենք, խորհրդարանը պատերազմի օրերին ինչ-որ կերպ խանգարել է գործադիրի աշխատանքին:

Եթե նույնիսկ կառավարման առաջարկվող համակարգը կարճաժամկետ դրական էֆեկտ տա, հեռանկարի իմաստով հետընթաց է ժողովրդավարության տեսանկյունից:

Այս փաստն ընդունում են նույնիսկ ԼՂՀ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, ովքեր հրապարակավ պաշտպանում են փոփոխությունների նախագիծը:

Օրինակ՝ Հայրենիք խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը կարծում է, որ սուպերնախագահական համակարգում նախագահի թեկնածուին սահմանադրորեն պետք է առաջադրվի բժշկական տեղեկանք ներկայացնելու պահանջ:

Ասել կուզի՝ կա մտավախություն, որ ամբողջ իշխանությունը կենտրոնանալու է մեկ մարդու ձեռքում, որի սխալ կամ ոչ հաշվենկատ քաղաքականությունը կարող է վտանգել Արցախի ճակատագիրը:

ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանի լիազորությունները ավարտվում են 2017-ին: Ասում են՝ նոր իշխանության ձևավորման հարցում արցախյան էլիտայում հակասություններ կան,  մասնավորապես՝ նախագահ Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի միջև:

Արցախի ղեկավարի հարցում միշտ վճռորոշ է եղել Հայաստանի իշխանությունների կարծիքը և ըստ շրջանառվող վարկածի՝ ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների գործընթացը և կառավարման նոր համակարգը լուծում են ներիշխանական, ներքաղաքական խնդիրներ:

Մասնավորապես՝ հաստատված հայեցակարգով նախատեսվում է նույն օրն անցկացնել նախագահական և խորհրդարանական ընտրությունները:

Արցախի խորհրդարանի լիազորությունները ավարտվում են 2020-ին, իսկ այս հանգամանքը թույլ է տալիս երեք տարով երկարաձգել Բակո Սահակյանի իշխանությունը, մինչև Երևանում և ԼՂՀ էլիտայում կողմնորոշվեն իշխանության ժառանգորդի հարցում:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *