Վերադարձ՝ ի շրջանս յուր…

2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին մասնակցող ամենակոլորիտային ուժերից մեկը, անշուշտ, «Հայ Ազգային Կոնգրեսն» է՝ ի դեմս իր ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի, ով այս անգամ որոշել է ընտրություններին մասնակցել ՀԺԿ-ի հետ: Սակայն, ակնհայտ է, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքում դոմինանտ դերը պատկանում է հենց ՀԱԿ-ին, և հենց այս ուժն է հանդես գալու «վարողի» դերում: Բոլորիս գիտակցության մեջ դեռ թարմ են 2007 և 2012 թվականների ընտրությունները: 2008 թվականին ՀԱԿ-ը երկրի առաջատար ընդդիմադիր ուժն էր, սակայն բոլորիս հայտնի իրադարձությունները իրենց ազդեցությունը թողեցին նաև այս կուսակցության վրա:

ՀԱԿ-ից հեռացան ամենանաընկալելի և կարկառուն գործիչները, և այդ պահից ի վեր՝ կարող ենք փաստել, որ ՀԱԿ-ը վերածվեց «մարդ-կուսակցության», քանի որ բոլոր գործընթացները մինչ օրս կապվում են միմիայն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը ներկայացրել էր սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրոով: Հայացք նետենք ՀԱԿ-ի 2012 թվականի նախընտրական կարգախոսին՝ «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին», այն 2012թ-ի մարտի 30-ի հանրահավաքի ժամանակ հնչեցվել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից և տարբեր գնահատականների արժանացել:

Բնականաբար նման կարգախոսի ընտրությունը պատահական չէր, 2008թ-ից հետո ՀԱԿ-ը խնդիր ուներ վերականգնելու իր ընտրազանգվածը, ինչպես նաև՝ վերահաստատելու ընդդիմադիր դաշտի առաջատար լինելու փաստը: Որքանով դա հաջողվեց՝ ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: ՀԱԿ-ը անցավ խորհրդարան, ԱԺ-ում ձևավորելով 7 հոգանոց իր խմբակցությունը: Անշուշտ, ԱԺ-ում ՀԱԿ անդամ պատգամավորները աչքի էին ընկնում իրենց ակտիվությամբ, սակայն դժվար է ասել, թե ՀԱԿ նախընտրական ծրագրի խոստումների որ տոկոսը նրանց ի վերջո հաջողվեց իրագործել:

Այս տարիների ընթացքում ՀԱԿ գործունեությունը սահմանափակվեց օրենսդրական դաշտով և ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մի շարք ծրագրային ելույթներով: Ընդ որում, այդ ելույթները արդեն իսկ նախանշում էին այն հիմնական շեշտադրումները, որոնց վրա կառուցվելու է ՀԱԿ մարտավարությունը գալիք խորհրդարանական ընտրություններում, քանի որ այս ուժը ի սկզբանե հայտարարել էր, որ պատրաստվում է ակտիվորեն իր մասնակցությունը բերել համապետական ընտրություններին: 

Երեկ հրապարակված ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրում շատ են հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրային ելույթների հիմնական ուղենիշները: Այդ թվում և Արցախի հիմնախնդրի լուծման հարցի վերաբերյալ ՀԱԿ առաջնորդի վերջին ելույթում արված շեշտադրումները: Ընտրություններին ՀԱԿ-ը պատրաստվում է մասնակցել այսպես կոչված «խաղաղության ծրագրով»: Ինչպես այն կընկալվի հասարակության կողմից՝ դժվար է ասել, քանի որ ծրագիրը կազմված է մեկ խնդրի լուծման առանցքի շուրջ, ընդ որում՝ ռեզոնանսային խնդրի…

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *