Վերջերս համացանցում ակտիվորեն քննարկվում էր դիվանագետ Արա Պապյանի հայտարարությունը, թե արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ռուսական գործակալ է: Խոսվում էր այն մասին, որ նախարարը բացառապես աշխատում է ի շահ Ռուսաստանի՝ մի կողմ թողնելով հայանպաստ քաղաքականությունը:
LՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ փաստը հաստատում են նաև նախարարության դիվանագետները, ովքեր նշում են, որ շատ դեպքերում՝ ուղղակի իրենց աչքի առաջ, ընդունվում են որոշումներ՝ ի վնաս Հայաստանի: Սակայն, դա են պահանջում Նալբանդյանն ու նրա ռուսաստանյան ղեկավարությունը: Նույն աղբյուրները նշում են, որ կան նաև դեպքեր, երբ նախարարը րոպեներ առաջ փոխում է նախագահ Սարգսյանի հետ պայմանավորվածությունն ու իր նախաձեռնությամբ այլ քայլեր կատարում, միջազգային հարթակներում այլ հայտարարություններ տարածում: Սա վկայում է այն մասին, որ նա սովորական նախարար չէ, այլ բավականին լուրջ ֆիգուր ու քաղաքական որոշումներ թելադրող:
LՈւՐԵՐ.com-ին հայտնի է դարձել նաև, որ Նալբանդյանի պաշտոնական յուրաքանչյուր այցի ժամանակ նրան ուղեկցում են ավելի շատ անձինք՝ մյուս նախարարների համեմատ, և յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նա անպայման պետք է ունենա իր PR-ն ապահովողներին և լրատվական թիմ, որն էլ էլ պետք է ազդեցիկ տեղեկատվություն տարածի նրա քայլերի մասին: Եվ այս ամենը կատարվում է ՀՀ պետական բյուջեի հաշվին: Ստացվում է՝ մենք տարեկան ահռելի գումարներ ենք հատկացնում այնպիսի մեկին, ով զբաղված է բացառապես ռուսամետ գործունեությամբ ու իր «ԵՍ»-ի գովերգմամբ:
Մի կողմ թողնելով Նալբանդյանի՝ փառքի հասնելու ձգտումները՝ կարելի է փաստել, որ նա միջազգային հանրության կողմից բնավ ընդունված կերպար չէ: Դրա վկայություներն են բազմաթիվ հանդիպումների մասին պատմող տեսանյութերն և լուսանկարները, որտեղ երևում է Նալբանդյանի մերժված կերպարը:
Սակայն ակնհայտ է, որ այդ փաստը Նալբանդյանին այնքան էլ չի մտահոգում: Կարևորը սեփական շահն է, որը նա ստանում է՝ միանգամից երկու տիրոջ ծառայելով:
Հայաստանում մեծ պաշտոն ունենալով և Ռուսաստանի կողմից ֆինանսավորվելով՝ Նալբանդյանը հսկա կարողություն է դիզել, որը հիմնականում պահվում է արտերկրում: Հատկանշական է, որ նա գնել է շքեղ բնակարան Փարիզում, որտեղ էլ պատրաստվում է վայելել իր ծերությունը:
Անի Սահակյան