Լա՛վ, էս հարցում է՞լ ա Պուտինը մեղավոր

mk

Հայաստանում բիզնեսի զարգացման, գործարարությամբ զբաղվելու գրեթե անհնարինության մասին, թերևս, շատ է խոսվել:

Բազմիցս ենք խոսել այն մասին, որ կառավարությունը ոչ միայն ոչինչ չի անում Հայաստան հավելյալ արտաքին կապիտալաներդրումներ ներգրավելու ուղղությամբ, այլև, որ կարող է խիստ զավեշտալի հնչել, անում է ամեն ինչ՝ Հայաստանից հնարավորինս մեծ չափի կապիտալի արտահոսք կազմակերպելու համար. մեզ այդպես էլ չի հաջողվում ստեղծել մի այնպիսի դաշտ, սահմանել այնպիսի օրենքներ, որ գոնե տեղացի գործարարները կարողանան պատշաճ կերպով ինքնադրսևորվել սեփական հայրենիքում ու գոնե ներքին միջոցներով զարգացնել տնտեսությունը:

Պարզվում է, սակայն, որ հարևան Վրաստանում, ի տարբերություն հայաստանյան կառավարության անտրամաբանական մտածելակերպի ու գործելաոճի, մեկ այլ՝ շատ ավելի պրագմատիկ ու ողջախոհ կենսափիլիսոփայությամբ են վաղուց առաջնորդվում ու ոչ միայն անում են իրենցից կախված ամեն բան՝ երկրից կապիտալի արտահոսք թույլ չտալու ու ներքին ռեսուրսները ցիրուցան չանելու համար, այլև «կաշիներից դուրս են գալիս»՝ հավելյալ ներդրումներ ներգրավելու Վրաստանի Հանրապետության տնտեսության մեջ:

Մասնավորապես՝ ակտիվորեն շրջանառվում են հիմնավոր լուրեր այն մասին, որ Հայաստանի գործարարները վերջին ամիսներին հայտնվել են վրացական իշխանությունների ուշադրության կիզակետում: Ասում են՝ Հայաստանից հարևան Վրաստան ապրանքներ արտահանող գործարարները, իսկ ավելի կոնկրետ՝ արտադրողները սկսել են խիստ գրավիչ բիզնես առաջարկներ ստանալ. վրացական կառավարությունը փորձում է մերոնց համոզել ունեցած արտադրությունը տեղափոխել Վրաստան: Ու եթե գործարարները համաձայնեն իրենց ձեռնարկությունը տեղափոխել Վրաստան, ապա նրանց խոստանում են իրենց արտադրանքի արտոնյալ և անարգել արտահանում՝ Եվրամիության անդամ երկրներ: Բացի այդ, սկզբնական շրջանում խոստանում են նաև մի շարք հարկային արտոնություններ:

Իսկ հիմա մի շատ բնական հարց՝ համապատասխանին. ինչո՞վ է զբաղված կառավարությունը մեր երկրում, ի՞նչ է մտածում ու հատկապես ո՞ր ուղղությամբ է կենտրոնացրել յուր ուշադրությունը… մի՞թե բացառապես մարդու ախորժակ գրգռող թվեր նկարելու ու դրանք որպես Հայաստանի առաջընթացի ապացույց հանրությանը հրամցնելու. լա՛վ, ո՞րն է այս ամենում ռացիոնալի այն հատիկը, որ մեզ կարող էր ներշնչել, թե մի օր, այնուամենայնիվ, ամեն բան լավ է լինելու:

Լա՛վ, ինչո՞ւ մենք էլ չենք կարող այն նույն գործիքակազմերը կիրառել Հայաստանում ու ստեղծել բարենպաստ բիզնես միջավայր այնպես, ինչես դա անում են մեր գոռոզ հարևանները, ի՞նչ է, հնարամտություննե՞րս է պակաս, թե՞ թերհաս ենք:

Անկասկած է՝ քանի դեռ կառավարությունը չի սթափվել ու ինքն իրեն, ինչպես ասում են, հիմքից թափ չի տվել, շարունակելու ենք գահավիժել այն նույն թափով, որով անկում ենք ապրում արդեն բավական երկար տարիներ՝ ակամա փողի սնուցման աղբյուր դառնալով հարևանների համար, վերածվելով ընդամենը բնակչություն արտահանող անհասկանալի գոյացության:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *