Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է (Կռունկ — կենդանի ձայն)

0

Այսօր հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու Կոմիտասի ծննդյան օրն է:

Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:

Նրա ստեղծագործությունը նկատելի ազդեցություն է ունեցել նաև արևելյան այլ ժողովուրդների երաժշտության զարգացման վրա:

Նա ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը` փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով, նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, որոնց մեծ մասը հարմարեցված էր երգչախմբով երգելուն։

Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։

Մեծ հանճարի գրիչը չի սահմանափակվել միայն երաժշտությամբ. Կոմիտասը տասնյակ բանաստեղծությունների հեղինակ է։ Սակայն դրանք վարդապետի կենդանության օրոք չեն տպագրվել։ Կոմիտասն իրեն չէր համարում կոչումնավոր բանաստեղծ, նա գրում էր ինքն իր համար։

Քեզ չըսիրե՞լ, գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել:
Քեզի սիրել՝ դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ:

Կոմիտասի բանաստեղծությունների ժողովածուն հրատարակվեց նրա ծննդյան 100-ամյակին Լևոն Միրիջանյանի խմբագրությամբ:

Անգնահատելի է Կոմիտասի հավաքչական ու գիտական աշխատանքը: Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական դիտողականությամբ: Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա:
«Մեր ժողովրդական երգերն ու պարերգերը … բոլորովին այլ եռանդ, այլ զգացմունք և այլ միտք են պարունակում, քան մյուս արևելյան ազգերինը»:
Կոմիտաս

Կոմիտասը տեսական աշխատություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի գեղագիտական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքային հատկանիշները: Նա հիմնականում գրել է մեներգային և խմբերգային երգեր, որոնք սերում են ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրից. «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Ո’ւր ես գալի, ա՜յ գարուն» կանտատը (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով), «Մութն էր երկինքը» ռոմանսը (Հովհաննես Թումանյանի խոսքերով), «Կաքավի երգը», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու գութաներգ», «Անտունի», «Ծիրանի ծառ» երգերը, նաև հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ շարքեր:

Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել. Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա’յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

Կոմիտասին է նվիրված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը պատկերազարդել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը:

Կռունկ- Կենդանի ձայն

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *