Երևանում սովորել են «Ոչ» ասել, իսկ դա արդեն հաջողություն է

serj_aliev

Ապրիլյան պատերազմն, այնուամենայնիվ, կարեւոր փոփոխություն առաջացրեց մեր ղեկավարության մտածողության մեջ։ Մերոնք սկսեցին թեկուզև երկչոտ քննադատել Ռուսաստանին՝ Ադրբեջանին զենք մատակարարելու համար։ Մեր դիվանագիտությունը կարողացավ հաղթահարել իր «լայթ» կարգավիճակը եւ, ըստ անհրաժեշտության, մերժել համանախագահների տարբեր բնույթի առաջարկները։ Վերջերս տարածաշրջանում էին ԵԱՀԿ Մինսկի համանախագահները ու ջանքեր էին գործադրում՝ Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպում կազմակերպելու համար:

Երեւանում հստակ հասկացրեցին, որ նման հանդիպում լինել չի կարող՝ առնվազն այն պատճառով, որ Ադրբեջանը համառորեն չի կատարում Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնցում շեշտը դրվում է հրադադարի պահպանման մեխանիզմների ձեւավորման վրա։

Շուտով ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու է Իտալիան, որի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին ժամանել էր նախ Բաքու, երեկ՝ նաև Երևան։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պատրաստակամություն է հայտնել՝ հանդիպելու Հայաստանի իր գործընկերոջը՝ նպատակ ունենալով «վերականգնել այն մթնոլորտը, որ տիրում էր Սանկտ Պետերբուրգում»:

Սանկտ-Պետերբուրգում քննարկվել է հայկական կողմի տարածքային, ըստ էության, միակողմանի զիջումների հարցը։ Կարգավորման նման տարբերակը Հայաստանը մերժում է ու ապրիլյան պատերազմից հետո այդ մասին ասվել է հստակ եւ մի քանի անգամ։ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Համբուրգում կայանալիք հանդիպման ձևաչափը դեռ հստակեցված չէ։

Կտեսնենք, ըստ զարգացումների, և կտեսնենք, թե ինչ առաջարկներ կլինեն եռանախագահների կողմից այդպիսի հանդիպումներ կազմակերպելու շուրջ։ Բայց մեկ բան վստահ եմ, որ եռանախագահների հետ հանդիպումներ լինելու են»,- Իտալիայի արտգործնախարի հետ համատեղ ասուլիսում երեկ ասել է Էդվարդ Նալբանդյանը։ Հայաստանի ԱԳ նախարարն, ըստ էության, դիվանագիտորեն հասկացել է, որ դեկտեմբերի սկզբին Մամեդյարովին հանդիպելու անհրաժեշտություն չի տեսնում։ Մանավանդ այն համատեքստում, որ Ադրբեջանը հակամարտության գոտում պլանավորում է մեծ զորավարժության անցկացում՝ 60000 զինվորականի մասնակցությամբ։

Հայաստանն, անշուշտ, հավատարիմ պետք է մնա խնդրի կարգավորման այսօրվա միջնորդական ձեւաչափին, սակայն ժամանակն է համանախագահությանը հասկացնել, որ հակամարտության կողմերի գործողություններին տրվող ոչ համարժեք արձագանքը կարող է բերել Երեւանի դիրքորոշման ավելի կարծրացմանը։ Ասենք, ԼՂՀ անկախությունը միակողմանի ճանաչելու քաղաքական որոշմանը կամ բանակցային գործընթաց Արցախի վերադարձման իմպերատիվ պահանջին։

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *