Ինչ էլ որ լինի, ես հաղթելու եմ, որովհետև միանշանակ հաղթելու է «Ծառուկյան» դաշինքը. Հասմիկ Շափաղաթյան

գհյկլ

Հարցազրույց «Ծառուկյան» դաշինքի կողմից վարկանիշային կարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Հասմիկ Շափաղաթյանի հետ.

-Տիկին Շափաղաթյան, Դուք «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել եք Սյունիքի և Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում, ի՞նչ խնդիրներ կկարողանաք մատնանշել այդ մարզերում:

— Նախ, շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար: Այո, ես առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում առաջին հերթին այն բանի համար, որ արմատներով Գորիսից եմ, շատ լավ գիտեմ Գորիսը, Սյունիքը, նաև գորիսեցիներին: Բայց, իհարկե, միայն Գորիսով չի սահմանափակվում Սյունիքը: Լինելով տարբեր համայնքներում՝ իսկապես համոզվում ես, որ Հայաստանի բոլոր մարզերում, ընդհանուր առմամբ, նույն խնդիրներն են, իհարկե, որոշակի առանձնահատկություններով: Ամենուրեք աշխատատեղերի բացակայությունն է, որպես հիմնարար պրոբլեմ, հատկապես տղամարդիկ, աշխատանք չգտնելով, հեռանում են հարազատ բնակավայրերից և որոշ ժամանակ անց՝ իրենց հետ տանում նաև իրենց ընտանիքներին: Հայ մարդն արժանավայել աշխատանք ունենալու պարագայում երբեք չի լքի իր հայրենիքը: Ես սրանում համոզվում եմ ամեն օր, իմ նախընտրական հանդիպումների ժամանակ: Սյունիքն առանձնանում է մյուս մարզերից իր հանքարդյունաբերությամբ: Այստեղ են գտնվում մոտ 500 հանքեր, որոնք հիմնականում մասնավոր են: Այստեղ շատ լուրջ են անելիքները և պետք է այս մասին մտածել՝ պետությանը ներքաշել այս ոլորտ, իբրև բաժնետեր:

Արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքը և անձամբ Դուք տիրապետում եք խնդիրների լուծման տարբերակներին:

— Գիտեք՝ «Ծառուկյան» դաշինքն առաջադրել է երկրում առկա խնդիրները լայն կոնտեքստում և բոլորին հայտնի 15 կետերը, որոնց լուծման տարբերակները հենց այնպես չեն մատնանշվում: Դրանց վրա աշխատել են բավական լուրջ մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Ես վստահ եմ, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված լուծումները կհանեն մեր երկիրն այս օրավուր անդունդը գլորվող վիճակից, որովհետև ակնհայտ է քաղաքական կամքը և հանրային լայն աջակցությունը:

-Ինչքանո՞վ եք իրատեսական համարում Դաշինքի կողմից առաջարկված 15 կետերը, որոնք միտված են մեր երկրում բարեփոխումներ իրականացնելուն:

-Ես բնավ իրատեսական չեմ համարում ներկայում ստեղծված իրավիճակը, եթե որևէ մեկը իրատեսական է համարում 45 կամ 50.000 դրամով ամսվա ընթացքում «յոլա գնալը», ուրեմն 15 կետերի իրատեսական լինելու վերաբերյալ կարելի է վիճել: Ես կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում մեզ օր առաջ, ժամ առաջ անհրաժեշտ են լուծումներ, որոնք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են մարդիկ, ովքեր իրենց կյանքով են ապացուցել և դեռ կապացուցեն , որ ոչ մի բան անհնար չէ, եթե կա անհրաժեշտ քաղաքական կամք: Այդպիսին է Գագիկ Ծառուկյանը, ով հույս ու հավատ է ներշնչում ոչ միայն Դաշինքի շուրջ համախմբված մարդկանց, այլև հայ հասարակության ստվար մեծամասնությանը:

-Տիկին Շափաղաթյան, տեսակետ կա, որ Հայաստանում, մասնավորապես՝ մարզերում, քաղաքական պրոցեսներին կանայք քիչ մասնակցություն են ունենում, Դուք համաձա՞յն եք այդ մտքի հետ:

-Այս տեսակետն անհիմն չէ, քանի որ Ձեր նշած երևույթն առկա է ոչ միայն մարզերում, այլ նաև՝ Հայաստանի մեծ քաղաքներում: Ուզում եմ այս խնդիրը բաժանել երկու մասի՝ քանակական և որակական: Եթե խոսքը վերաբերում է կանանց մասնակցության քանակական կողմին, ապա ուրախությամբ ուզում եմ նշել, որ այս ընտրական օրենսգրքի երևի ամենադրական կողմը հեց դա էր՝ կանանց քվոտայի ապահովումը, իբրև իմպերատիվ: Սակայն որակական կողմի մասին խոսելիս՝ նույն ուրախությունը չեմ ապրում, քանի որ քվոտան ապահովելու համար համամասնական ցուցակներում տեղ գտան կանայք, ովքեր որևէ «ազգակցական» կապ չունեն քաղաքականության և ընդհանրապես քաղաքական պրոցեսների հետ: Այսինքն, հետևելով քանակի ապահովմանը, որոշակի առումով տանուլ տվեցինք որակը: Իսկ ընդհանուր առմամբ, ես միշտ էլ այն կարծիքին եմ, որ կանանց քաղաքական ակտիվությունը բարձրացնելու առաջին քայլը պիտի լինի հենց կանանց հետ աշխատելը: Մնացածն արդեն սովորույթի խնդիր է:

-Նախընտրական քարոզարշավի համար տրամադրված ժամանակի մեծ մասն արդեն անցել է, կխնդրեմ ներկայացնեք՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը, ի՞նչ խնդիրների հետ եք առնչվել այս ընթացքում, արդյո՞ք այս Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ազատ, արդար ու անկաշկանդ ընտրություն իրականացնել:

-Նախ, կապված ընտրական օրենսգրքի հետ, այնուամենայնիվ, վարկանիշային կարգով առաջադրված թեկնածուների վիճակը, մեղմ ասած, նախանձելի չէ: Քաջ գիտակցելով, որ համամասնական կարգ է այլևս Հայաստանում, այնուհանդերձ, թեկնածուն երկակի վիճակում է հայտնվում, չգիտես՝ ում դեմ պայքարես՝ քո ճամբարի թեկնածուի՞, թե՞ հակառակ ճամբարի: Սա շատ լուրջ, ես կասեի՝ երբեմն տհաճ իրավիճակներ է ստեղծում:

Ինչ վերաբերում է իմ շանսերին, անշնորհակալ գործ եմ համարում կանխատեսումներ անելը: Բոլոր դեպքերում՝ ես կարծում եմ՝ ինչ էլ որ լինի, ես հաղթելու եմ, որովհետև միանշանակ հաղթելու է «Ծառուկյան» դաշինքը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *