Ռուսաստանին կստիպեն…

timthumb (1)

Ռուս-ամերիկյան հարաբերությունների գերլարված այս ժամանակաշրջանում, երբ Թրամփը կոնկրետ գործողությունների է գնում Մերձավոր Արևելքում ռուսական շահերի դեմ՝ կրկին անգամ վերահաստատելով ԱՄՆ մտադրություններն Ասադի ճակատագրի հարցում, Մոսկվա է շտապում Ամերիկայի նորանշանակ պետքարտուղար Թիլերսոնը՝ Կրեմլի հետ քննարկելու հարցեր, որոնք, ըստ էության, պատճառ են հանդիսանում բավական տևական ժամանակ ձգձգվող Արևմուտք-Ռուսաստան հակամարտ հարաբերությունների:

Հարցերը՝ կապված Թիլերսոնի՝ Մոսկվա կատարած այցի հետ, անկասկած, բազմազան են՝ սկսած նրանից, թե կոնկրետ առաջարկությունների ինչ փաթեթով է ԱՄՆ պետքարտուղարը ժամանում Ռուսաստան, վերջացրած այն հարցով, թե ինչպիսի ընդունելության կարժանանա Թիլերսոնը Մոսկվայում:

Ուշագրավ է, որ Թիլերսոնի՝ Մոսկվա կատարելիք այցի ֆոնին G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները Իտալիայի Լուկկա քաղաքում կայացած գագաթնաժողովում այդպես էլ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցում. համապատասխան որոշում չի կայացվել: Միակ բանը, որի շուրջ այս երկրները համակարծիք են եղել, թերևս, վերաբերել է Ասադի ճակատագրին. Սիրիայի ապագան չպետք է կապված լինի նախագահ Բաշար Ասադի հետ: Իսկ սա նշանակում է մեկ բան՝ եթե Թիլլերսոնին չհաջողվի զիջումներ կորզել Մոսկվայից կամ գոնե որոշակի դրական ֆոն ապահովել այդ երկրի հետ ԱՄՆ ունեցած հարաբերություններում, Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները ոչ միայն չեն կարգավորվելու, այլև շարունակելու են գահավիժել ցած՝ աշխարհին կանգնեցնելով անդնդի եզրին:

Ակնհայտ է, սակայն, որ Թիլերսոնը չի կարող գործուղվել Մոսկվա Կրեմլին պարզապես շանտաժի ենթարկելու կամ առավել ևս վախեցնելու նպատակով. նա Պուտինին ցանկանում է հստակ ուղերձ հղել Թրամփից, որ, պետք է ենթադրել, գործարքային բնույթ է կրում: Թրամփն աշխարհում հայտնի է որպես մեծ գործարքների անգերազանցելի վարպետ, ու պետք է ենթադրել՝ Թիլերսոնի դիվանագիտական թղթապանակն ամենևին էլ դատարկ չի լինելու,ու ամերիկացին փորձելու է պայմանավորվել. Թրամփ-Պուտին հանդիպումը սարերի հետևում չէ, ուստի՝ բանակցությունների օրակարգն արագորեն ճշտելու հստակ անհրաժեշտություն է նկատվում:

Իսկ այն, որ հարկ եղած դեպքում մեծ տերությունները կարողանում են միմյանց հետ պայմանավորվել աշխարհաքաղաքական հարցերում այն պարագայում, երբ միմյանց առաջարկելու բան ունեն, հայտնի իրողություն է. չի բացառվում, իսկ ավելի ճիշտ միանգամայն հավանական է, որ ԱՄՆ-ն գործարք առաջարկի Ռուսաստանին. Ասադի դիմաց՝ Ուկրաինան, Ասադի դիմաց՝ անվտանգության կոնկրետ երաշխիքներ այն տարածարջաններում, որոնք Մոսկվան համարում է անվտանգության գոտի իր համար (Անդրկովկասը ևս այդ տարածաշրջանների թվին է պատկանում): Ամերիկան այս առումով, պետք է նկատել, չափազանց շահավետ իրավիճակում է հայտնվել. վարում կամ վարելու է քաղաքական առևտուր Մոսկվայի հետ բացառապես իրեն ձեռնտու կանոններով, ինչն արդյունք է Ռուսաստանի դեմ ունեցած բազում լծակների՝ սկսած Ղրիմի թաթարներից, մինչև՝ Իլհամ Ալիև:

Ի դեպ, Ուկրաինայի մասին. պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն, բայց Թիլերսոնի՝ Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ հեղինակավոր վերլուծաբաններից Ռոստիսլավ Իշչենկոն, ով համարվում է ռուս-ուկրաինական հակամարտության լավագույն փորձագետներից մեկը, վերլուծություն է հրապարակել, ուր իր համոզմունքն է հայտնել առ այն, որ տեսանելի ապագայում Ռուսաստանի տիրապետության տակ է անցնելու ողջ Ուկրաինան. Ռուսաստանին հաջողվելու է ոչ թե մասամբ իր կազմում ներառել այդ երկիրն, այլ՝ ամբողջությամբ, ինչը, եթե հաշվի առնենք ռուս-ամերիկյան հնարավոր գործարքը, միանգամայն իրատեսական է թվում:

Թե ինչ արդյունքեր կգրանցվեն Թիլերսոնի Մոսկվա կատարելիք այցի արդյունքում, անխոս, միայն կարող է ժամանակը ցույց տալ, բայց որ Ասադն այլևս Ռուսաստանի համար դիվանագիտական առևտրի առարկա է, անկասկած է. խնդիրն ընդամենը գնի մեջ է, իսկ Թրամփն այդ իմաստով խոստանում է առատաձեռն գտնվել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *