Էս ժողովուրդը կրա՞կն է ընկել ձեր ձեռքը…

Գաղտնիք չէ, որ հայաստանյան գյուղական համայնքներին հուզող խնդիրների պակաս չի զգացվում: Բայց կասկած չի կարող լինել այն բանում, որ գյուղացիներին հուզող թիվ մեկ խնդիրը ներկայումս շարունակում է մնալ գյուղմթերքի մթերման հարցը՝ խնդիր, որի լուծումը կառավարությունն արդեն երկար տարիներ է, ինչ չի կարողանում տալ՝ չնայած պարբերաբար այս թեմայի շուրջ անցկացվող խորհրդակցություններին ու ժողովներին (վարչապետ Աբրահամյանը կառավարությունում կրկին գումարել է կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն, ուր կոչ է արել լուծել գյուղացիներին հուզող այս գերխնդիրը):

Պարզվում է, օրինակ, որ ի նշան բողոքի Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի շատ բնակիչներ իրենց փոքրիկներին սեպտեմբերի 1-ին դպրոց չեն ուղարկելու. «Վեդի Ալկո» ընկերությունը հարյուրավոր աղավնաձորցիներին դեռ անցյալ տարվա խաղողի բերքի մթերման դիմաց անհրաժեշտ վճարումները չի կատարել: Եվ հիմա Մանվել Ղազարյանի անպարտաճանաչության հետևանքով մարդիկ հայտնվել են ծանրագույն վարկերի տակ ու չեն կարողանում իրենց թույլ տալ նույնիսկ երեխաների համար դպրոցական հագուստ, պայուսակ, գրենական պիտույքներ գնել:

Հանրահայտ ճշմարտություն է այն, որ Հայաստանում տիրող ծանրագույն սոցիալական վիճակն այն աստիճան անհույս է, որ ժամանակի հետ միայն խորանալու միտումներ է դրսևորում: Երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ դժվար է գտնել մեկին, ով գոնե իմանա՝ ինչ է իրեն սպասվում տեսանելի ապագայում: Սույն խնդիրը, սակայն, առավել ցցուն կերպով արտահայտված է երկրի շրջաններում, գյուղաբնակ վայրերում, ուր աղքատության տոկոսն այնքան բարձր է, որ համեմատելի է միայն երրորդ աշխարհի երկրներում տիրող սոցիալական պատկերի հետ: Իսկ նման անմխիթար վիճակի բուն պատճառներից մեկն էլ այն է, որ մարդկանց, փաստացի, խաբում են, մթերում են ողջ բերքն, իսկ հետո էլ կանգնեցնում փաստի առաջ՝ ասելով, թե երբ փող կլինի, այդ ժամանակ էլ կվճարեն: Արդյունքում ստացվում է մի փակ շղթա, որից դուրս պրծնելը գրեթե անհնար է դարձել: Ու հիմա մարդ կամուկացի մեջ է ընկնում՝ գյուղացիներին չվճարած գործարանատերերն, ինչպիսին նույն Մանվել Ղազարյանն է, իրո՞ք աղքատացել են, թե՞, այնուամենայնիվ, բացառապես սեփական ժլատության հետևանքով է, որ վարանում են մարդկանց վճարել իրենց հասանելիքը…

Հասկանալի է, իհարկե, որ հայկական գինեգործությունն իր լավագույն ժամանակները չէ, որ ապրում է, բայց, համաձայնե՛ք, մարդկանց անտեղի հույսով անելն ու խաբելն էլ չի կարող ելք համարվել ստեղծված իրավիճակից:

Պարզվում է, սակայն, որ գյուղոլորտում ստեղծված այս «կատավասիայի» բուն մեղավորը ոչ այնքան տնտեսվարողներն ու գործարաններն են, որքան հայաստանյան բանկային համակարգը, որի «պապան», ինչպես հայտնի է, Արթուր Ջավադյանն է՝ ԿԲ նախագահը. վարկավորման խնդիրներ ունեն ոչ միայն անհատ գյուղացիներն, այլև գործարանները, որոնցից որոշներն, ինչպիսին նույն «Վեդի Ալկոն» է, չունեն համապատասխան գրավ, որպեսզի բանկերը կարողանան վարկ տրամադրել:

Առաջին հայացքից կարող է հարց առաջանալ՝ ո՞րն է այստեղ բանկերի մեղքը: Զուտ ֆորմալ առումով միգուցե և ոչ մի մեղք էլ չունեն, բայց, եթե հարցը դիտարկենք մեկ այլ տեսանկյունից՝ զուտ մարդկային, ապա ակնհայտ է, որ պետությունը մարդկանց աղետից փրկելու համար, պարտավոր է ինչ-որ բան անել, պարտավոր է լծակներ կիրառել ՝ ինչ-որ կերպ գործարանների վարկավորման հարցը լուծելու համար, քանի որ այստեղ ոչ թե բուն գործարանատերերի խնդիրն է, այլ՝ հասարակ ժողովրդի, որը բառացիորեն կրակն է ընկել այս արատավոր համակարգի ձեռքը:

Թե մինչև ե՞րբ է հայ գյուղացին ստիպված լինելու նման ստորացուցիչ պայմաններում իր գոյությունը քարշ տալ, դեռևս պարզ չէ, քանի որ դատելով կառավարության գործելաոճից՝ կարելի է ենթադրել՝ այստեղ դեռևս չեն շտապում արմատական քայլերի գնալ ու մեկընդմիշտ լուծում տալ խնդրին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *