Օլիգարխ գործարար պատգամավորը. «ՍԱՍ»-ի Արտակ

artak-sargsyan

Արդյոք ովքե՞ր են…

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց՝ օրենքներ են ընդունում ու մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու երևի թե սրտատրոփ սպասում 2017թ-ին. մեկ էլ տեսար՝ վերընտրվեց, մեկ էլ տեսար…

Քանի որ հաշված ամիսներ են մնացել մինչեւ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ մեկ առ մեկ ներկայացնելով նրանց անցած ուղին:

ԼՈւՐԵՐ.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանն է:

Ծնվել է 1973թ. հուլիսի 13-ին, Երևանում:

2001թ. ավարտել է Հայաստանի պետական գյուղատնտեսական ակադեմիան՝ ագրարային արտադրության տնտեսագիտություն եւ կառավարում մասնագիտությամբ:

1997թ. հիմնադրել է «ՍԱՍ գրուպ» հոլդինգը: 1997-2012թթ. եղել է հոլդինգի նախագահ: 2011-2012թթ. եղել է «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

2004-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 44 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 2004-2006թթ.՝ «Օրինաց երկիր» խմբակցության, 2006-2007թթ.՝ «Գործարար» պատգամավորական խմբի անդամ:

2006թ. ՀՀԿ անդամ է:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 4 ընտրատարածքից:

Հակիրճ է պատգամավորի մասին տեղեկատվությունը: Հակիրճ՝ իր պատգամավորական գործունեության պես:

Parliamentmonitoring.am կայքի տվյալներով՝ մինչ օրս պատգամավորը տվել է 0 հարց, ունեցել 0 ելույթ: Փոխարենը՝ շատ ակտիվ քվեարկել է և գրեթե միշտ՝ կողմ: 759 անգամ: Այս 4 տարիների ընթացքում նա 9 անգամ դեմ է եղել, մեկ անգամ ձեռնպահ մնացել և 36 անգամ էլ բացակայել:

Վերջ:

Որպես պատգամավոր չփայլող Արտակ Սարգսյանը, ով առավել հայտնի է որպես «ՍԱՍ»-ի Արտակ, խորհրդարանում հայտնվել է Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ի շնորհիվ:

Հա, ու մինչ մանդատ ստանալը, շտապել է բարձրագույն կրթություն ստանալ, կամ այլ կերպ ասած՝ պետական դիպլոմ ձեռք բերել: Բա առանց դիպլոմ՝ ո՞նց կլիներ…

Հայտնի գործարարը իր դիպլոմով մուտք է գործել ԱԺ, հարմարվել, չաշխատել, լրագրողների հետ գրեթե չշփվել ու մի օր էլ հասկացել է, որ ՕԵԿ-ը իրենը չէ:

Դա հայտնի 2006 թվականն էր, երբ շատերը հեռացան կուսակցությունից՝ ճիշտ «ՍԱՍ»-ի Արտակի պես:

Արտակ Սարգսյանը լավ է հաշվարկում նաև քաղաքականության մեջ՝ բա 2008թ.-ին ընդառաջ՝ ի՞նչ ՕԵԿ, եթե կար ՀՀԿ-ն:

2006թ-ի մայիսի 22-ին կուսակցությունը լքած երիտասարդը հուլիսի 31-ին արդեն  ՀՀԿ անդամ էր և հենց այդ կուսակցության կրծքանշանով էլ 2012թ.-ին կրկին մուտք գործեց խորհրդարան և ինչպես նշեցինք՝ մնաց սուս ու փուս:

Փոխարենը խոսուն են պարոնի բիզնես քայլերը:

Նախ՝ թվերի լեզվով: 2012թ.-ին պատգամավոր ընտրվելուց հետո նրա կարողությունը շեշտակի աճել է:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2013 թվականին պատգամավորի 1 միլիարդ 39 միլիոն դրամն աճել է 141 միլիոն դրամով՝ դառնալով 1 միլիարդ 180 միլիոն 300 հազար դրամ:
Հարկային տարվա ընթացքում 210 հազար դոլար եւ 1,8 միլիոն դրամ է հայտարարագրել պատգամավորի կինը՝ Էլվինա Սարգսյանը:

Մեկ տարի անց պատգամավորի կնոջ գործերը է՛լ ավելի լավ ընթացք են ստացել:

Նախորդ տարի «Հայկական ժամանակ»-ը գրեց՝ գործարար պատգամավոր Արտակ Սարգսյանի ընտանիքի գործերը չափազանց լավ են ընթանում: 2014 թվականին նրա կինը՝ Էլվինա Սարգսյանը, նվիրատվության կարգով 283 հազար դոլար էր ստացել, այն մի հատ «ֆռռցրել»՝ հանձնել տոկոսով, եւ կրկին հետ ստացել: Փոխառություններից ստացված տոկոսների հաշվին տիկինն ավելի քան կես միլիոն դրամի չափով եկամուտ էր ստացել: Ունեցած դրամական միջոցներն ավելի քան կրկնակի մեծացնելով՝ Էլվինա Սարգսյանը 2014 թ. տարեվերջին հայտարարագրել էր 2,4 մլն դրամ եւ 462 հազար 180 դոլար:

Ընտանիքի կարողությունը շարունակում է աճել, և ո՛չ միայն հայաստանյան բիզնեսների շնորհիվ:

Ըստ Hetq.am-ի՝ պատգամավոր Արտակ Սարգսյանի ընկերություններն արևմտյան հայտնի հագուստի և կոշիկի բրենդերի՝ Next, Debenhams, Baldi, Aldo, ներկայացուցչություններն են՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։ Թբիլիսիում այս խանութ-սրահները տեղակայված են կենտրոնական՝ Ռուսթավելի, Պեկինի և Ճավճավաձե փողոցների վրա։

Արտակ Սարգսյանը Վրաստանում իր բիզնես-գործունեությունը սկսել է ծավալել 2009թ.-ից: Պատգամավորի և նրան կապակցված անձանց անունով 9 ընկերություն կա գրանցված Վրաստանի պետռեգիստրում…

Խոշոր գործարար Արտակ Սարգսյանի ինչի՞ն է պետք պատգամավորի մանդատը:

Անմիտ հարց է: Ամենակարող մանդատը շատ դռներ է բացում:

Արտակ Սարգսյանին այն պետք է նաև 2017թ.-ին: Հարցն այլ է:

Պե՞տք է մեզ արդյոք նման պատգամավոր:

Անի Սահակյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *