«Հանրապետականը»՝ լրջագույն մարտահրավերի առաջ…

15049751_1825088097780775_1508217036_n

Քաղաքական կուսկացությունների մոտ սեփական պոպուլյարության մասին մտահոգությունները երբեք այն աստիճան չեն սրվում, արտահայտիչ չեն դառնում, որքան նախընտրական շրջանում. սա մի շրջափուլ է, երբ ոչինչ այնքան չի կարևորվում, որքան հասարակության մեջ ունեցած կամ չունեցած վարկանիշը: Չնայած՝ դժվար թե Հայաստանում գտնվի գեթ մեկ քաղաքական ուժ, որը կհամարձակվի ոտք մեկնել ՀՀԿ-ի հետ, ունեցած բազմապիսի ռեսուրսների առումով, բայց փաստը մնում է փաստ, որ առաջիկա ընտրություններով ու դրանց հավանական արդյունքներով ամենամտահոգը հե՛նց իշխանություններն են, որոնք, իրար խառնված, չգիտեն՝ էլ ի՞նչ «տրյուկ» բանեցնեն, որպեսզի կարողանան ներկայանալի «արտաքինով» դիմավորել այն ճակատագրական օրը, երբ վճռվելու է Հայաստանի՝ հետագա մի քանի տարիների ճակատագրի հարցը. խորհրդարանական ընտրություններն իսկական գլխացավանքի են վերածվել «Հանրապետական» կուսակցության համար:

Պարզվում է՝ սեփական ժողովրդականության նվազ մակարդակը փոքրիշատե բարձրացնելու, հասարակությունում խարխլված դիրքերը ինչ-որ կերպ վերականգնելու նպատակով՝ Հանրապետականում ձեռնամուխ են եղել կուսակցության «ժողովրդականցմանը». ՀՀԿ-ն ծրագրել է առաջիկա ընտրություններին իր համամասնական ցուցակում ներառել ամենատարբեր խավերին պատկանող մարդկանց՝ սկսած հասարակական գործիչներից, մինչև հանրային կրթօջախների տնօրեններ, հիմնարկների ղեկավարներ և այլն: Ընտրություններին հնարավորինս շատ ձայներ ստանալու համար՝ որոշվել է զանազան բնակավայրերից ռեյտինգային ցուցակ ընդգրկել քիչ թե շատ հեղինակավոր մարդկանց. կարևորը՝ հնարավորինս շատ ձայներ բերելու կարողությունն է, մարդկանց իրենցով անելու բնատուր տաղանդը:

Այն, որ հին ու «բարի» մեթոդներն այլևս իրենց սպառել են, ու հաղթանակ գրանցելու համար պարզ ընտրակաշառքը ի զորու չի լինելու ցանկալի արդյունքեր ապահովել ընտրություններին, հասկանում են, թերևս, նաև նրանք, որոնց քաղաքական կարիերայում ոչինչ այնքան վճռորոշ դերակատարություն չի ունեցել, որքան՝ փողը: Հետևաբար՝ փորձ է կատարվում կուսակցությանը տալ մարդկային դեմք, տպավորություն ստեղծել, թե կուսակցությունը կարևորում է ոչ թե անշունչ կապիտալն, այլ՝ մարդուն՝ Հայաստանի շարքային քաղաքացուն. «Հանրապետականն», իբր, հումանիստական կուսակցություն է, որն իր նպատակների ու ծրագրերի հիմքում դնում է պարզ քաղաքացու, շարքային հայ մարդու շահերը:

Իսկ թե հատկապես ինչպե՞ս են ՀՀԿ-ում գլխի ընկել, որ ցանկացած կուսկացության հիմնական ռեսուրսը մարդկայինն է, և, որ ոչ թե մարդն է քաղաքականության համար, այլ՝ հակառակը, դժվար չէ կռահել. հատկապես վերջին շրջանում՝ ակնհայտ է դարձել ու շատ է խոսվում այն մասին, որ հասարակության ներսում իրական խմորումներ են ընթանում, գործընթաց է սկսվել՝ համընդհանուր միասնություն ապահովելու, գաղափարական շարժում սկսելու ճանապարհով հասնելու երկրում իրական փոփոխությունների. շարժումն այս, ի տարբերություն արհեստականորեն գեներացվող պրոցեսների, միանգամայն բնական հիմքի վրա է ձևավորվում, ինչը, բնականաբար, չի կարող չսթափեցնել ամեն ինչում սեփական շահը փնտրող ու այն կորզող ՀՀԿ-ին: Ուստի՝ որոշ «խելոքներ», ըստ էության, որոշել են դեմ չգնալ հասարակական տենդենցներին ու ժամանակի ոգուն համապատասխան լուծումներ կիրառել՝ բավարարելու սեփական քաղաքական ամբիցիաները:

Կասկածից վեր է, սակայն, որ ոչ մի կիսաֆաբրիկատային քաղաքական հնարք՝ չի՛ կարող տալ այն արդյունքը, որին կարելի է հասնել ժողովրդի հետ ազնիվ ու շիտակ հարաբերվելու, չխաբելու, սրտացավ վերաբերմունք ցուցաբերելու պարագայում: Ժողովրդական կուսկացության համբավ ու համարում ունենալու համար ոչ թե անհրաժեշտ է մարդկանց պարտադիր կարգով ներառել սեփական կուսակացության շարքերն, այլ նախևառաջ՝ ի վիճակի լինել արտահայտելու հասարակության ամենալայն շերտերի կենսական շահերն ու անհրաժեշտությունները՝ պետական կառավարման համակարգում. գործելաոճ, որն այնքան օտար է Հանրապետականին…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *