Կառավարությունը վերածվել է քավոր-սանիկների ակումբի

12610_am_1

Այսօր խորհրդարանում մեկնարկել է կառավարության ծրագրի քննարկումը: Նմանատիպ բոլոր ծրագրերը բարի են լինում՝ հարուստ, գեղեցիկ արտահայտություններով և նախադասություններով: Անկեղծ լինելու համար նկատենք, որ Կարեն Կարապետյանի ծրագրի քաղաքական նշանակությունը նախևառաջ արժեզրկեց հենց խորհրդարանական մեծամասնությունը` դրան վերապահելով ընդամենը վեց ամսվա կյանք: Մարդիկ հրաշալի հասկանում են, որ վեց ամսում հրաշքներ չեն լինում, մանավանդ, վարչապետն ինքն է խոստովանել, թե «կախարդական փայտիկ» չունի: Ըստ այդմ, կառավարության ծրագիրը ռազմավարական խնդիր չի լուծում, ոչ էլ կարող է տնտեսական ճգնաժամը հաղթահարելու բալասան լինել: Վեց ամսում հնարավոր է լուծել միայն նախընտրական մթնոլորտը բարելավելու հարց, այսինքն՝ ստեղծել միջավայր, որպեսզի մարդիկ հավատան Կարեն Կարապետյանի փոքր քայլերին, խոստումներին և հենց այդ չափանիշով էլ ապրիլի 2-ին կատարեն իրենց ընտրությունը:

Ասել կուզի, որ կառավարության ծրագիր կոչվածն, այս պարագայում, ընդամենը նախընտրական ծրագիր է, այն բանալին, որը կոչված է բանալ «իշխանության վերարտադրություն» կոչվող լաբիրինթոսի դուռը:

Ի դեպ, ծրագրում առաջնահերթություն է հռչակվում պետական կառավարման համակարգի արդիականացումը: Եթե նոր վարչապետը դրա տակ հասկանում է հանրությանը մերժելի մի քանի մարդուց ազատվելը, ապա արձանագրենք, որ բացահայտված օլիգարխին չբացահայտվածով փոխարինելը ոչ միայն բարեփոխում չէ, այլ մի կլանին մյուսով փոխարինելու արատավոր պրակտիկա: 

Նորանշանակ նախարարների մեծամասնությունը ոչ թե դրական կերպարներ են, այլ ուղղակի մարդիկ են, որոնց գործունեության, նրանց դիզած կարողությունների մասին մեզ ոչինչ հայտնի չէ: Նոր նախարարներից մեկ-երկուսի կցկտուր հարցազրույցներն իսկ բավական են հասկանալու համար, որ նրանք նույն քրեաօլիգարխիկ համակարգի «հոգեհարազատ զավակներն են»՝ գուցե փոքր-ինչ քաղաքակիրթ կերպարանքով: Կարեն Կարապետյանի կադրային քաղաքականության չափանիշն ամենևին էլ պրոֆեսիոնալիզմը չէ: Հակառակ պարագայում պետք է ենթադրել, որ բնությունը շատ ժլատ է գտնվել մեր հանդեպ՝ պրոֆեսիոնալներ ստեղծելով միայն նորանշանակ վարչապետի նեղ շրջապատում:

Նախարարների զգալի մասի համար իրական է ոչ թե պրոֆեսիոնալ, այ Կարեն Կարապետյանի «մարդ» բնութագրումը: Կամ ինչու է Կարեն Կարապետյանը տուրք տալիս պոպուլիզմին, անընդհատ շրջանառում պետական ապարատի կրճատման օպտիմալացման թեմաները, երբ նրա խորհրդականների և օգնականների թիվը 14-ն է, որոնցից միայն հինգն են աշխատում իբրև թե հասարակական հիմքունքներով:

Հետաքրիր է՝ «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով նշանակված այս խորհրդականներն ինչ խորհուրդներ են տալիս Կարեն Կարապետյանին:

Քրեաօլիգարխիան հեռացվում է՝ իր տեղը զիջելով քավոր-սանիկական հարաբերություններով ձևավորվող կառավարությանը, անձնական հավատարմության սկզբունքով կայացող օլիգարխիային:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *