Ամերիկացի դիվանագետ Ջեյմս Ուորլիքը՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներից ամենահրապարակայինն ու ԶԼՄ-ների համար հասանելին, հարցազրույց է ավել Ինտերֆաքս գործակալությանը: Հարցազրույցում գուցե չկան բովանդակային նոր բացահայտումներ կամ մտքեր, որոնք նորություն լինեին մեր հասարակությունների այս հակամարտությամբ զբաղվող փորձագիտական շրջանակների համար: Սակայն դիվանագետները պատահական չեն ընտրում ասելիքի պահը, և Ուրոլիքի հարցազրույցի կառուցվածքը հուշում է, որ գործ ունենք կարգավորման գործըթացում Վաշինգտոնի դերակատարության մեծացման միտումների հետ:
Հավաստի տեղեկություն կան, որ ամերիկյան կողմը պատրաստվում է Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի շրջանակում: Եթե գանք Ուորլիքի ասելիքի բովանդակությանն, ապա կարգավորման առաջարկվող սխեման դարձյալ նույնն է՝ հայկական կողմը պետք է հանձնի որոշ տարածքներ՝ ԼՂՀ կարգավիճակի դիմաց:
Իհարկե քառօրյա պատերազմից հետո այս բանաձևն անընդունելի է մեր հասարակության մեծամասնության համար, ու շատ բնական է, որ Ադրբեջանի ագրեսիվության ֆոնին առնվազն տարակուսելի կլինի փոխզիջումների մասին խոսելը: Մյուս կողմից նման մարտավարությունը արդարացված է այսօր, երբ ըստ էության դադարեցված են կարգավորման բանակցությունները:
Դրանց վերսկսման պարագայում փոխադարձ զիջումների հարցը դարձյալ օրակարգային է լինելու: Հենց դրանով են բանակցությունները տարբերվում հակամարտ կողմերից մեկի կապիտուլացիայից:
Սկզբունքորեն համաձայն չեմ նաև այն փորձագետների հետ, ովքեր զուգահեռներ են տանում Լավրովի պլանի և Ուորլիքի ասածի միջև: Մոսկվան մինչև վերջերս դնում էր տարածքների հանձման պահանջ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական ճանապարհայաին հաղորդակցությունը վերականգնելու դիմաց:
Ուորլիքը խոսում է ԼՂՀ կարգավիճակի մասին, իհարկե վերացական, ինչն անընդունելի է: ԼՂՀ կարգավիճակի և որոշ տարածքների վերադարձման հարցերը պետք է դիտարկել մեկ միասնական համակարգում: Հայկական կողմը, որոշ տարածքների վերադարձման հարց կարող է քննարկել միայն ԼՂՀ անկախության ճանաչման և անվտանգության միջազգային երաշխիքների դիմաց:
Հուսանք նաև, որ ի տարբերություն ռուսների, ամերիկյան նոր նախաձեռնությունը միտված կլինի Վիեննայի համաձայնությունների կատարմանը, այն է՝ հրադադարի պահպանման ռեժիմի ամրապնդմանը:
Միայն այս հանգամանքը կարող է պատերազմի կանխարգելմանն ուղղված անվտանգության նոր համակարգ ձևավորել, առանց որի կարգավորման որևէ գործընթաց ձախողված է:
Ջ. Ուորլիքի հարցազրույցում թաքնված մի ակնարկ կա, որից հարկ է՝ հետևություններ անեն Ադրբեջանի, Հայաստանի ու նաև ԼՂՀ իշխանությունները:
«Բանակցությունները հաջողված կարող են համարվել, երբ շահում է երկու կողմը, Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները»,- ասել է ամերիկացի դիվանագետը՝ «բնակիչներ» տերմինի շեշտադրմամբ, տողատակում հասկացնելով, որ հայ-ադրբեջանական լարվածությունը օգտագործվում է հենց հակամարտող երկրների իշխանությունների կողմից իրենց դիրքերն ամրապնդելու նպատակով:
Դա տեսանելի է մեր հասարակությունների համար, բայց ուշագրավ է, որ այդ մասին թաքնված ակնարկ է անում դիվանագետը:
Սարգիս Հակոբյան