Վահան Մարտիրոսյանը խառն է…

timthumb (1)Գաղտնիք չէ, որ ներկայում հանրապետությունում բազմաթիվ առաջնային նշանակության խնդիրներ կան չլուծված. պրոբլեմներ, որոնք իրենց լուծմանն օր առաջ են սպասում, բայց որոնք այդպես էլ լուծում չեն գտնում: Թե ինչի արդյունք է այս ամենը, թերևս, կարելի է միայն ենթադրել ու բազմաթիվ վարկածներ առաջ քաշել, բայց այն, որ նման իրավիճակը հետևանք է նաև առաջնայինը երկրորդականից չտարբերելու, կասկածից վեր է:

Ահավասիկ, պարզվում է` Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն «ափալ-թափալ» ձեռնամուխ է լինում աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների «գլուխն ուտելուն» միտված յուրատեսակ պրոցես սկսելուն: Մասնավորապես` արդեն հայտնի է դարձել, որ ավտոմեքենաների ոլորտի խնդիրների վերաբերյալ աշխատանքային խումբ է ձևավորել, որն ակտիվ աշխատում է օրենսդրական փաթեթ ներկայացնելու ուղղությամբ: Այդ ընթացքում էլ պատրաստվում են դիմել Ճանապարհային ոստիկանությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Ֆինանսների նախարարությանն ու այլ շահագրգիռ կողմերին՝ համապատասխան խնդրով: Ասել կուզի` քիչ-քիչ գալու են նրան, որ ինչ-որ մի պահից՝ աջակողմյան ղեկով մարդատար մեքենաներն արգելվեն:

Հիմա այս ամենի հետ կապված մի հարց է առաջ գալիս` մի՞թե նախարարության այս նախաձեռնությունը Հայաստանի համար այդչափ գերկարևոր նշանակություն ունեցող խնդիր է, որ Վահան Մարտիրոսյանը, թողած իր բանուգործը, ընկել է ու փորձում է աջակողմյան ղեկով մեքենաների վերջը դնել: Ուշագրավն այստեղ այն է, որ հասարակությունն, ում բարօրությանն ու անվտանգությանն է իբր միտված այս նախաձեռնությունը, բացարձակապես չի նեղվում այն իրողությունից, որ ձախակողմյան ղեկով մեքենաներին զուգահեռ՝ երթևեկում են նաև աջակողմյան ղեկով փոխադրամիջոցներ: Այսինքն` ինքը` հասարակությունը, նման խնդիր չի տեսնում: Եվ ուրեմն` ինչո՞ւմն է խնդիրը… Միգուցե Վահան Մարտիրոսյանի համար շատ ավելի օպտիմալ տարբերակ կլիներ սեփական աշխատունակությունն ապացուցելու շատ ավելի ճիշտ գործիքներից օգտվե՞լը: Ասենք` ինչո՞ւ պետք է Երեւան-Սևան միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկ տարուց ավելին տևեին այն պարագայում, երբ նույն Մարտիրոսյանը ժամանակին խոստացել էր` մեկ տարի էլ չի անցնի, ու ճանապարհը երթևեկելի կլինի: Նմանատիպ օրինակներ` որքան ասես…

Միգուցե արժեր այս խնդիրները լուծել և հետո՞ միայն անցնել աջակողմյան ղեկի թեմային: Չլինի՞ ինչ-որ մեկի բիզնեսին խփել են աջակողմյան ղեկով ավտոմեքենաները, թեմայի շուրջ արհեստական օրակարգ ձևավորելը մի տեսակ կասկածելի է թվում, այնպես չէ՞:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *