Եթե դու ծանրակշիռ ձայներ ես ստանում եւ հրաժարվում ես, ապա իրավունք չունես ժողովրդից այլեւս ձայն խնդրել. Արման Վարդանյան

18297295_1349917828420199_25476938_o

«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը չի բացառում, որ «Ծառուկյան» դաշինքի ցուցակից ինքնաբացարկ հայտնած, բայց հետագայում իրենց մանդատները ստացած անձինք կարող են խորհրդարանում անկախ պատգամավոր լինել, բայց ոչ ֆորմալ խմբակցության տեսքով համագործակցեն: Նման տեսակետ Արման Վարդանյանը հայտնեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ խոսելով նաեւ իր եւ Ծառուկյան դաշինքի կապի, ինքնաբացարկ հայտնած, բայց դիմումները ետ վերցրած թեկնածուներին ուղղորդելու եւ այլնի մասին:

 

-Պարոն Վարդանյան, հիմա ի՞նչ հարաբերություններ ունի «Միասնություն» շարժումը «Ծառուկյան» դաշինքի հետ:

 

-«Միասնություն» համազգային շարժումը երեւէ պաշտոնական հարաբերության կոնտեքստ չի ունեցել «Ծառուկյան» դաշինքի եւ դաշինքի ղեկավարի հետ, եղել են ընկերական եւ այժմ էլ մնում են մտերմիկ հարաբերությունների տրամաբանության մեջ: Այսինքն՝ ինչպես կրել են անձնական բնույթ, այնպես էլ շարունակում են կրել անձնական բնույթ:

 

-Երբ որ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում «Ծառուկյան» դաշինքի համապետական ցուցակում ձեր անունը չկար, ԲՀԿ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարում էր, որ ընտրապայքարի երկրորդ փուլում՝ Երեւանի ավագանու ընտրություններում, դուք եք գլխավորելու դաշինքի ցուցակը: Ի՞նչ եղավ, որ այս ամբողջ ծրագիրը չիրականցավ:

 

-Ընտրությունների մասը չի սահմանափակվում կոնկրետ ընտրական գործընթացներով: Դրանից առաջ կան բազմաթիվ այլ գործընթացներ: Մինչեւ ընտրությունները տեղի են ունեցել բազմաթիվ եւ բազմավեկտոր խորհրդատվական հանդիպումներ, որոնք նախաձեռնել էր «Միասնություն» համազգային շարժումը եւ որի նպատակն էր ձեւավորել Հայաստանում երկրորդ հզոր բեւեռը, որն էլ կհակազդեր այն համակարգին, որն այսօր ստեղծված է ՀՀԿ-ի կողմից: Շատ մեծ ջանքեր դրվեցին այդ ուղղությամբ եւ նշմարվում էր այդ կոնսոլիդացիան, բայց, ցավոք սրտի, մի պահից հետո այն տեղի չունեցավ: Դա էր խնդիրը, որ «Միասնությունը» հրաժարվեց մասնակցել ընտրություններին, քանի որ մեր խնդիրն էր այդ լայն կոնսոլիդացիան ստեղծելը: Ինչ-ինչ պատճառներով կոնսոլիդացիան տեղի չունեցավ, որովհետեւ ես կարծում եմ, որ այդտեղ եղել է իշխանական շատ բարձր էշելոնների միջամտությունը, որոնց ձեռնտու չէր այդ կոնսոլիդացիան: Մենք տեսանք, թե դրանից հետո ինչ տեղի ունեցավ, ընդդիմությունը մի քանի ճակատով մասնակցեց, եւ ժողովուրդը պետք է իր ընտրությունը կատարեր բազմապիսի ընդդիմադիր ուժերի միջեւ: Դրա համար մենք որոշում կայացրինք ընտրություններին չմասնակցել, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, թե ինչ է լինելու վերջում:

 

-«Ծառուկյան» դաշինքի թեկնածուների մանդատների բաշխմանը հավանաբար հետեւել եք, մամուլում էլ հրապարակում կա այն մասին, որ ինքնաբացարկի դիմում գրած, բայց հետագայում դրանք ետ վերցրած թեկնածուներն այդ գործընթացից առաջ ձեզ հետ քննարկումներ են ունեցել, նույնիսկ այդ օրն են հանդիպել: Ի՞նչ կապ ունեք այդ գործընթացի հետ, եղե՞լ է նման հանդիպում:

 

-Ես ինքս այդ մասին լրատվամիջոցներից եմ տեղեկացել, որ եղել է որոշակի ուղղորդում: Մեծ մասին, որոնք նոր դիմում ներկայացրին ԿԸՀ, որպեսզի հրաժարվեն ինքնաբացարկի դիմումից, ճանաչում եմ անձամբ: Շատերի հետ ունեմ շատ մտերիմ հարաբերություններ ունեմ, շփվում եմ նրանց հետ թե ընկերական միջավայրում, թե խորհրդատվական հանդիպումներ ենք ունենում, թե իմ գրասենյակում եւ թե այլ վայրերում: Ես դա երբեք չեմ թաքցրել, չեմ թաքցնում եւ շարունակելու եմ այդ հանդիպումները, որպեսզի ամեն կերպ օգտակար լինեմ բոլոր դրական նախաձեռնություններին, որոնք, համոզված եմ, նրանց կողմից լինելու են, ի շահ ժողովրդի, շարունակելու եմ նպաստել եւ իրենց կողքին լինել: Ինչ վերաբերվում է ուղղորդելուն, ապա հազիվ թե քաղաքականապես նման փորձ ունեցող գործիչներին հնարավոր լինի այս կամ այն անձի կողմից ուղղորդել: Ուղղորդման մասին լուրերը չեմ կարող հաստատել իմ մասով գոնե, բայց այն, որ իրենք շատ մեծ լումա կունենան ԱԺ-ում, դա ճշմարտություն է եւ դրան մոտակա ժամանակահատվածում մենք ականտես կլինենք:

 

-Ըստ ձեզ, ճի՞շտ են վարվել նրանց հետո:

 

-Ճիշտն ասած, այստեղ ճիշտ եւ սխալ վարվելու խնդիրը չէ: Կան քաղաքական եւ անձնական պայմանավորվածություններ, բոլորը պետք է միշտ տարանջատել: Ես էլի մամուլից եմ տեղեկացել, որ պատգամավորներից մեկն ասել է, թե եղել են ջենտլմենական որոշակի պայմանավորվածություններ: Գիտեք, քաղաքական եւ անձնական հարաբերությունները պետք է տարանջատել, որը եւ մենք ենք արել շատ մարդկանց հետ եւ շարունակում ենք շփվել` մտերիմ չլինելով ու չենք անցել քաղաքական ուղի: Եթե մարդ ստացել է ձայն, եթե իրեն վստահել է 5 հազար մարդ, եթե չեմ սխալվում` Վահան Կարապետյանին տվել էին 8 հազար 700 ձայն կամ այլ թեկնածուի ձայներ էին տվել, ապա նրանք պետք է տեր կանգնեն իրենց ձայներին: Եթե իրենք հրաժարվում են դրանից, ապա պետք է հիմնավորեն եւ առաջին պատասխանը տան ոչ թե կուսակցության ղեկավարին, այլ ժողովրդի առջեւ, եթե այդ հիմնավորումն ունեն, թող ինքնաբացարկ հայտնեն եւ հայտարարեն ի լուր աշխարհի, որ քաղաքականությամբ չեն զբաղվում: Եթե դու ծանրակշիռ ձայներ ես ստանում եւ հրաժարվում ես այդ ձայներից, ապա դու իրավունք չունես ժողովրդից այլեւս ձայն խնդրել:

 

Եղավ գործընթաց, մարդիկ արտահայտեցին իրենց կամքը, դա իրենց ընտրությունն է եղել: Կարծում եմ` բոլորն ունեն դրա պատասխանները, գոնե այն մարդիկ, որոնց ես ճանաչում եմ: Հենց այս դեպքից հետո պետք է մարդիկ մյուս ընտրություններում իրենք իրենց հարց տան, թե ինչ է նշանակում ինքնաբացարկի դիմում:

 

-Ի՞նչ հեռանկար կարող է ունենալ այս գործընթացը:

 

-Ես կարծում եմ, որ իրենք պետք է մի փուլում կարողանան հասկանալ հետեւյալը՝ նախ որ խմբակցությունում են իրենք հանդես գալու, դա շատ կարեւոր է: Եթե իրենք շարունակում են հանդես գալ այն խմբակցությունում, որով որ մասնակցել են ընտրություններին, դա ընդհանուր ռազմավարություն է, որն էլ կմշակի այդ խմբակցության ղեկավարը: Եթե նրանք կփորձեն առանձին խաղ խաղալ, կփորձեն առաձին, անկախ պատգամավոր լինել, դա իրենց անձնական որոշումն է: Առանձին խմբակցություն ԱԺ Կանոնակարգ նոր օրենքով իրենք չեն կարող ստեղծել, եթե չլինեն խմբակցությունում, առանձին պետք է որոշեն, որովհետեւ, այո՛, կարող է 2-3 պատգամավորն առանձին այդքան էլ մեծ դերակատարում չունենան, բայց ճիշտ աշխատանք կազմակերպելու դեպքում կարող են շատ մեծ օգուտ տալ եւ ԱԺ-ի աշխատանքներին, եւ այն բանին, ինչի համար մասնակցել են: Այսինքն՝ աշխատեն ի նպաստ ժողովրդի: Այսօր էլ եթե նայում ենք խորհրդարանին, կան պատգամավորներ, որոնք միայնակ լուրջ լումա ունեն ԱԺ-ի աշխատանքներին եւ մեծ հեղինակություն են վայելում ժողովրդի մեջ, որոնք տեսնում են, որ այդ մարդիկ իրենց նվիրյալներն են: Նույնը կարող են անել իրենք:

 

-Դուք հիմա կողքից եք նայում, բայց մի շրջան համագործացել եք «Ծառուկյան» դաշինքի հետ, չե՞ք կարծում, որ մանդատների հարցով առաջացած խնդիրը ճգնաժամ կառաջացնի խմբակցությունում:

 

-Չենք համագործակցել, մենք ունեցել ենք մտերմիկ հարաբերություններ, որը շարունակվում է առ այսօր: Ընդհանուր քաղաքական համակարգում եւ մեր քաղաքական դաշտում կա խորը ճգնաժամ, այսօր կան բազմաթիվ լուրջ խնդիրներ, որոնք չլուծեցին այս ընտրությունները եւ առավել համոզված եմ, որ չի լուծելու Երեւանի ավագանու նոր ընտրությունը եւ ոչ էլ նորընտիր Ազգային ժողովը: Ճգնաժամ կա ամեն տեղ եւ բոլոր կուսակցությունների ներսում, քանի որ կան խնդիրներ, որոնց լուծումը որեւէ մեկը չի պատկերացնում: Շատ  հեշտ եւ շատ դժվար է լինել ընդդիմադիր, բայց ե´ւ ժողովրդի, ե´ւ արտախորհրդարանական ուժերի, ե´ւ փորձագիտական հանրության կողմից ոչ բոլորն են ընկալվում որպես ընդդիմադիր, եւ կա համոզմունք, որ ոչ բոլորն են ներկայացնելու խորհրդարնում ժողովրդի շահեր: Ես կարծում եմ, որ Հայաստանում կձեւավորվի արտախորհրդարանական ընդդիմադիր բեւեռ, կհամագործակցի խորհրդարանում իրական ընդդիմադիր զանգվածի հետ, որի միջոցով կարող են այն բոլոր հարցերը որոնք մնացել են անպատասխան, ընդհանուր բեւեռով արծարծեն եւ փորձեն մեծ պրեսինգի միջոցով հասնել դրանց լուծումներին:

 

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի որոշմամբ երեկ պատգամավորական մանդատներ հասան ինքնաբացարկի դիմում գրած, բայց այն ետ վերցրած հետեւյալ անձանց՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան եւ Վահան Կարապետյան:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *