Իշխանությունները հետևություններ չեն անում

15778_mediumԱզգային ժողովն անցած շաբաթ վավերացրեց միանգամից 3 վարկային համաձայնագիր: 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ համապատասխան վարկային համաձայնագրին կողմ քվեարկեց 78, դեմ` 24, ձեռնպահ 2 պատգամավոր, Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագրին` կողմ 78, դեմ` 24, ձեռնպահ` 2 պատգամավոր, իսկ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրին` կողմ քվեարկեց 78, դեմ 23, ձեռնպահ 2 պատգամավոր: ՀՀ պետական պարտքը կրկին աճեց, ավելանալով 190 միլիոն դոլարով:

Փաստորեն մեկ տարվա ընթացքում մեր պետական պատքն աճել է 576 մլն դոլարով: Սա անցած տարվա ցուցանիշը գերազանցում է 12,4 տոկոսով:Միեւնույն ժամանակ այս նույն ընթացքում նվազել են մեր պետական բյուջեի եկամուտները: Եթե անցած տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտները կազմում էին 517 մլն դոլար, ապա այս տարի՝ 500 մլն դոլար: Մի խոսքով, ունենք պետական պարտքի 12,5 տոկոս աճ եւ բյուջեի եկամուտների 3,2 տոկոս նվազում: Իսկ սա ցույց է տալիս, որ Հայաստանը գոյատեւում է պարտքերի հաշվինԻսկ այն, որ պարտքերի աճին զուգահեռ պետական եկամուտները ոչ միայն համարժեքորեն չեն աճում, այլ շարունակում են նվազել, ցույց է տալիս, որ Հայաստանը գնում է դեպի սնանկացում:

Եթե սրան ավելացնենք, որ ոչ մի քայլ չի արվում մեր տնտեսության մոնոպոլիստականօլիգարխիկ բնույթը փոխելու, կոռուպցիան նվազեցնելու, ստվերայնությունը կրճատելու ուղղությամբ, ապա ակնհայտ է, որ իշխանությունը մեր երկիրը դիտավորյալ եւ համառորեն է տանում դեպի սնանկացում: Կան կանխատեսումներ, որ մինչեւ այս տարեվերջ մեր պետական պարտքը կմոտենա 6 մլրդ դոլարի սահմանագծին: Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այստեղ պատկերն առավել քան «շլացուցիչ» է՝ դարձյալ ընդամենը մեկ ամսվա ընթացքում ներքին պարտքն աճել է 61,3 մլն. դոլարով՝ կազմելով 1 մլրդ. 4 մլն. 367 հազար դոլար։ Մինչդեռ, եթե պետական պարտքի ծավալները դիտարկենք տարեսկզբի համեմատությամբ, ապա 9 ամսվա կտրվածքով այն աճել է ավելի քան 517 մլն. դոլարով, որն ուղղակի «փշաքաղեցնող» է, թեև իշխանությունները դրանից ոչ փշաքաղվում, ոչ էլ առանձնապես հետեւություններ են անում։ 

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *