Դեսպանի պաշտոնանկության իրական պատճառը…

7957_4494

Այսօր Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Թե ինչպես է աշխատում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը տհաճություն ունեցանք արձանագրելու հատկապես անցած տարվա ապրիլյան լարված օրերին, երբ Ադրբեջանցի նրա կոլեգան թակում էր բոլոր հնարավոր և անհնարին դռները և ներկայացնում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը, որը, մեղմ ասած, հեռու էր իրականությունից, մեր դեսպանը կարծես թե դուրս էր մնացել համընդհանուր աժիոտաժից, իսկ դա նշանակում է, որ օբյեկտիվորեն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները: Հետևաբար, հարց է առաջանում, ինչու սպասել մեկ տարի և նոր միայն ձեռնամուխ լինել անարդյունավետ աշխատող դեսպանի պաշտոնանկությանը:

Եսայանին աշխատանքից ազատելը համընկավ այն սուր քննադատության հետ, որին նա ենթարկվեց Երևան ժամանած հայտնի ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի կողմից: Վերջինս արեց մի շարք դիտարկումներ, որոնք թերևս մեր հասարակությունը ավելի վաղ պետք է արած լիներ և հաշվետվություն պահանջեր իշխանություններից: Այդ մենք պետք է մեզ հարց տայինք , թե ուր է մեր դեսպանը այն պահին, երբ նրա կազմակերպված և թիրախային աշխատանքի կարիքը այդքան շատ է զգացվում: Ռուսաստանում Հայաստանի դեսպանը որևէ փաստարկով չի հակադարձում ռուս պրոպագանդիստին: Չի հակադարձում, որովհետեւ չի կարող դժգոհել Ռուսաստանից, իսկ այ հեռուստամեկնաբանին կարող է համարել կողմնակալ: Այդպես ավելի անվտանգ է: Եվ պաշտոնավարման վերջին օրը այդ համարձակությունը ձեռք բերելը նույնպես ավելի պրագմատիկ է:

Ռուս հեռուստամեկնաբանի խոսքը փաստարկված է: Նա հստակ գործողություններ է մատնանշում, որոնք կարող էր անել դեսպանը, բայց չի արել: Շատ արդարացի է հնչում Սոլովյովի հարցը՝ «Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը։ Տեսեք՝ որքան շատ են էթնիկ հայերը Պետդումայում։ Իրադարձություններ են ծավալվել։ Ո՞ւր են Պետդումայի քննարկումները, ո՞ւր է դեսպանի ակտիվությունը, ո՞ւր են այն մարդիկ, որոնք պետք է գեթ մի խոսք ասեն՝ իրենց երկրի շահերը պաշտպանելու համար»:

Իհարկե դժվար է պնդել, որ իշխանությունները դեսպանին պաշտոնից հեռացրել են ականջալուր լինելով ռուս լրագրողի քննադատությանը, սակայն, փաստ է, որ մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքները այն աստիճան անհամակարգված են և ոչ արդյունավետ, որ այդպիսի աշխատելաոճը քննադատության առարկա է դառնում նաև օտարների համար: Ռուսաստանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, եւ այդ երկրում պետք է նշանակվեն պրոֆեսիոնալ դիվանագետներ:

Մասնագետնե՛րը պետք է աշխատեն, ոչ թե կոնյուկտուրային դեմքերը: Դեսպանի պաշտոնը ամենեւին էլ հին ընկերոջ լավություն չէ, ամենեւին էլ թոշակի անցնելու վայր չէ, ամենեւին էլ շնորհակալություն չէ՝ նախկինում արածների համար: Դիվանագիտական ձախողումը կարող է զրոյի հավասարեցնել մարտի դաշտում հազարների կյանքի ու հերոսության գնով ձեռք բերած ռազմական հաղթանակը:

Դեսպանի փոփոխությունը ուշագրավ է նաև, եթե այն դիտենք ՀՀ-ԵՄ նոր թափ ստացած հարաբերությունների ֆոնին: Կարծես թե Հայաստանը նոր քայլ է պատրաստվում անել դեպի ԵՄ, ինչին բնականաբար Ռուսաստանը փորձելու է հակազդել, քանի որ ՀՀ սեփական ազդեցության գոտում պահելը Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Եվ ահա այն պահին, երբ ՀՀ իշխանությունները վերակենդանացնում են հարաբերությունները արևմուտքի հետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանը փոխվում է: Սա, իհարկե, դժվար է զուգադիպություն համարել, հետևաբար՝ առավել խորքային քաղաքական գործընթացներ են թաքնված դեսպանի պաշտոնանկության հետևում, քան ի սկզբանե կարող էր թվալ:

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *