20 տարի բեմում. պրոֆեսիոնալ պարուհին՝ իր նոր համերգային ծրագրի, Սուխիշվիլի փառատոնի և հնդկական պարերի տենդենցի մասին

18034911_1332974356781213_622504329_n

Արդեն 20 տարի՝  նա բեմինն է, բեմն՝ իրենը: Պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց, «Larisa dance» ստուդիայի ղեկավար Լարիսա Հակոբյանն այս տարի մեծ համերգային ծրագրով կնշի բեմական կյանքի 20 և ծննդյան 23-ամյակը:

Այսպիսով, հունիսի 15-ին, ժամը 17.00-ին՝ Հայպետֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Larisa dance» ստուդիայի սաների համերգային ծրագիրը, որը հագեցած կլինի պրեմիերաներով, նոր բեմադրություններով, բեմում կլինի նաև հենց ինքը՝ Լարիսա Հակոբյանը՝ իր նոր պարային բեմադրությամբ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Լարիսա Հակոբյանը պատմեց իր անցած ուղու, ստեղծագործական հաջողությունների և նոր նախագծերի մասին:

-Լարիսա, ի՞նչ սկբունքով են Ձեր սաներն ընդունվում «Larisa dance» համույթ:

-Ընդունելությունը կազմակերպվում է 3 տարեկանից մինչև 20 տարեկանների սահմանում, այնուհետև տարիքային խմբեր են կազմվում: 15 տարեկանից հետո լավագույնները համալրում են «Պարի և հոգու թատրոնը», ինչին կարող են հասնել միայն տեխնիկապես բարդ աշխատանքից հետո: Երբ ես տեսնում եմ՝ մարդն այնքան է զարգացել, որ կարող է տիրապետել թատրոնի տեխնիկային, ունի մասնագիտական բավարար հմտություններ, նոր միայն հավաքվում է պրոֆեսիոնալների թիմը: «Պարի և հոգու թատրոնը» պրոֆեսիոնալ խմբակ է, որը մասնակցում է արտերկրում կազմակերպվող մրցույթներին, պետական համերգներին:

-Իսկ ի՞նչ ոճի պարեր են ուսուցանվում «Larisa dance» համույթում:

-Ինձ մոտ տարբեր ոճի պարեր են ուսուցանվում. հայկական, վրացական, հնդկական, իսպանական, չեչենական, հունական, գնչուական և տարբեր այլ ազգերի պարեր:

-Հետաքրքիր էր, հնդկական և՞ս:

-Այո՛, ինչ-որ՝ այդ հնդկական պարերով երեխաները հիվանդացել են, բայց պետք է նկատեմ, որ այնքան լավ է ստացվում մեզ մոտ, երևի հեռուստասերիալների ազդեցությունն է: Ես ուրախանում եմ, ինչո՞ւ՝ ոչ: Իհա՛րկե, առաջնային է հայկական պարարվեստի ուսուցանումը, սակայն մենք չենք կարող անտեսել այլ մշակույթները: Որպես արվեստագետ, մեծացող սերունդը պարտավոր է իմանալ տարբեր ոճի, մշակույթի պարեր, չէ՞ որ նրանք կյանքի մի էտապում նաև պարուսույց են դառնալու, ինչպե՞ս կարող ես թիմ ունենալ և չտիրապետել պարարվեստի բոլոր ճյուղերին:

Ես կարծում եմ՝ երեխաները 3 տարեկանից սկսված՝ պետք է արվեստի ինչ-որ մի ճյուղ անցնեն, որովհետև այն մարդու հոգեբանական աշխարհը փոխում է, լցնում կենսախնդությամբ, առողջ մտքով: Արվեստին մոտ մարդը հետաքրքիր է դառնում, իսկ առավելապես պարը՝ ուրախություն է, առողջութուն, մարմնի գեղեցիկ կազմվածք է և մարդկանց հետ շփվելու, էմոցիա հաղորդելու յուրահատուկ միջոց:

-Լարիսա, ի՞նչ եք կարծում, պարարվեստում մեր ժամանակակից պարուսույցները, արվեստագետները նորություն, արդիականություն մտցնո՞ւմ են, թե՞ մենք բավարարվում ենք այն ամենով, ինչ մեզ փոխանցվել է սերնդեսերունդ: Պարտավո՛ր ենք պահպանել, գործածել, բայց նորը ստեղծվո՞ւմ է:

-Ամեն արվեստագետ՝ իր շունչը պետք է հաղորդի: Մենք իրավունք չունենք անընդհատ հետ նայել, մենք մեր ասելիքը պետք է ասենք, մեր հոգու ճիչը պետք է արտահայտենք: Ինչպե՞ս կարելի է նույն բեմադրությունը փոքրիկ փոփոխություններով անընդհատ ցույց տալ. հոգնեցուցի՛չ է: Պահպանե՛նք, ունենա՛նք, բայց մենք նորը չստեղծե՞նք: Եթե մարդն ուզում է տարբերվել ժամանակակից աշխարհում, նոր ասելիք պետք է ունենա, հինը բոլորն էլ տեսել են, իսկ նոր շունչը ճանաչում և ինչու չէ՝ նաև փառք է բերում:

-Որո՞նք են ձեր առաջիկա ծրագրերը:

-Հուլիս ամսին կմասնակցենք Սուխիշվիլի փառատոնին: Հրավեր ունենք, պետք է 14 օրով գնանք Բաթումի. Աստված մեզ հետ, հույս ունեմ՝ հաղթանակած հետ կվերադառնանք: Փառատոնի ընթացքում ներկայացնելու ենք ինչպես հայկական, այնպես էլ վրացական պար, կարծում եմ՝ մեր մասնակցությունը հաջողությամբ կպսակվի, որովհետև իսկապես շատ ենք աշխատում. օրական՝ շուրջ 12 ժամ:

Հիշում եմ նաև, որ 10 տարի առաջ այդ նույն փառատոնին ինքս եմ մասնակցել և Գրանդ պրի մրցանակն եմ ստացել:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Larisa dance» ստուդիայի կազմակերպած համերգի տոմսերը վաճառում են:

Հեռ.՝ 094 65 13 45:

Գինը՝ 1000 դրամ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *