Կարեն Կարապետյանը գրոհում է մեդիադաշտը…

4844355-1

Հովիկ Աբրահամյանի հրաժարականով ու Կարեն Կարապետյանի գալստյամբ Հայաստանում իրականում սկսվել են խորքային պրոցեսներ, որ չնայած առաջին հայացքից կարող են երկրի համար ոչ կարևոր թվալ, իսկ որոշ պարզամիտների համար էլ՝ մակերեսային, բայց իրականում արդյունք են պետական-քաղաքական բուրգի չերևացող հատվածում տեղի ունեցող աննախադեպ գործընթացների ու կարիք են զգում լրջագույնս վերլուծվելու, հասկացվելու:

Օրերս, ինչպես հայտնի է, շատ է խոսվում որոշակի կադրային տեղաշարժերի մասին. ուշադրության կենտրոնում են հայտնվել Սևակ Լալայանի ու Արիկ Սաղաթելյանի պաշտոնանկություններն ու նրանց նոր մարդկանցով փոխարինելու հանգամանքը: Հատկանշական է, որ մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Սևակ Լալայանը պաշտոնանկ է եղել մեկ գիշերվա մեջ: Պետք է նշել, որ բարձրացած աղմուկը հարկ է միանգամայն բնական ռեակցիա համարել, քանի որ սրանք մարդիկ են, որոնց՝ երկրի կառավարաման մեջ ունեցած դերակատարումը թերագնահատելը խիստ դժվար կլիներ. բոլորը գիտեին թե՛ Լալայանի՝ երկրում ընթացող պրոցեսների վրա ունեցած հսկայական ազդեցության, թե՛ Սաղաթելյանի՝ հանրության ու իշխանության միջև եղող կապի ամրապնդման հարցում ունեցած մեծագույն դերակատարման մասին:

Նախ, մի քանի խոսք հեռացող կադրերի մասին: Սևակ Լալայանը, ունենալով փաստացի անսահամանափակ ռեսուրս, այս տարիների ընթացքում ոչ մի անգամ աչքի չի ընկել բացասական վարքագծով, չի օգտագործել իր ռեսուրսներն անձնական շահերի կամ հարստանալու համար: Ավելին՝ Լալայանին շատերն անգամ չեն էլ ճանաչել, չնայած այն հանգամանքին, որ հենց Լալայանն էր նախագահական ապարատում այն առանցքային կերպարը, որն անձամբ շատ հարցեր էր որոշում:

Նույնն էլ կարելի է ասել Արիկ Սաղաթելյանի մասին: Արիկ Սաղաթելյանն անձամբ պատասխանատու էր հասարակայնության հետ կապերի, լրատվության հետ աշխատանքների համար: Այս տարիների ընթացքում Արիկ Սաղաթելյանի անունը ոչ մի աղմկոտ միջադեպում չլսվեց, աչքի չընկավ որևէ մութ գործունեությամբ: Արիկ Սաղաթելյանը պատասխանատվություն էր կրում ոչ միայն տեղական լրատվության հետ աշխատանքների համար, այլ նաև միջազգային մամուլի պատասխանատուն էր: Հայաստանի մասին ամեն մի դրական հրապարակման մեջ, որ դառնում էր միջազգային մամուլի քննարկման թեմա, իր լուման ուներ Արիկ Սաղաթելյանը, ով անձամբ էր կուռացիա անում այդ աշխատանքները:

Ինչպես հասկանալի է,  Ալեքսան Հարությունյանին, ով փոխարինելու է գալու Լալայանին ու Արմեն Գևորգյանին, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի ամենահավանական թեկնածուն է, այնքան էլ հեշտ փորձություններ բաժին չեն հասնելու. Հայաստանն արմատական փոփոխությունների շեմին է: Եվ հետո, Հարությունյանի ու Գևորգյանի գործը բարդանում է՝ նաև պայմանավորված ևս մեկ կարևոր հանգամանքով. նրանք աշխատելու են մեկի հետ, որի հետ երբեք չեն աշխատել: Իսկ ինչպես հայտնի է, աշխատանքային պրոցեսն այնպիսի բան է, որ կարող է և անկանխատեսելի լինել, ու մարդը, բացառապես սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, չկարողանա արդյունավետորեն աշխատել նոր պայմաններում ու նոր ղեկավարության հետ:

Բայց հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել ու նոր վարչապետը ստացել է քարտ-բլանշ՝ բազում հարցերում ինքնուրույնություն դրսևորելու, հասել է ժամանակը, երբ հները պետք է փոխարինվեն նորերով, իսկ ինչպես հայտնի է, նման գործընթացները սկզիբ են առնում նախևառաջ կարևորագույն օղակներում և հետո միայն աստիճանաբար տարածվում մյուսների վրա:

Դատելով ամենայնից՝ Կարեն Կարապետյանի տրամադրության տակ է գտնվելու հայկական մեդիադաշտում գործունեություն ծավալող զլմ-ների ջախջախիչ մեծամասնությունը, որ նպատակ է հետապնդում՝ լավագույնս ու դրական լույսի ներքո ներկայացնելու Կարապետյանի աշխատանքն ու գործունեությունը. ասում են՝ Կարապետյանի պահանջն է դա: Չէ՞ որ բոլորովին էլ գաղտնիք չէ՝ շատ հաճախ հենց վերոհիշյալ գործոնից է կախված լինում պետական բարձրաստիճան պաշտոնյայի ռեյտինգն ու անգամ հաջողությունները, քանի որ հանրային գործունեությունը մի բան է, որն, ինչպես ասում են, գաղտնիություն չի սիրում:

Արձանագրենք, որ Կարեն Կարապետյանը, լինելով կրթված և բանիմաց քաղաքական պերսոնաժ, անձամբ է ցանկացել, որ լրատվական կուռացիան լինի իր վերահսկողության ներքո, որպեսզի կարողա ճիշտ ներկայացնել հանրությանն այն աշխատանքները, որոնք նա կատարելու է: Այստեղ, հավանաբար նրան օգնության է հասել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանի օգնությունը երևում է Ալեքսան Հարությունյանի՝ նախագահական ապարատ վերադառնալով: Նկատենք, որ Ալեքսան Հարությունյանը մեդիա ոլորտի գիտակ է և երկար տարիներ համակարգել է այդ ոլորտի հետ աշխատանքը: Սակայն, նա այդքան էլ Կարեն Կարապետյանի կադրը չէ: Սա կարող է նաև ներքին խմորումների պատճառ հանդիսանալ:

Պետք է արձանագրենք, որ Կարեն Կարապետյանի համար առաջիկա 7 ամիսը՝ մինչ խորհրդարանական ընտրություններ, քննական են: Եթե Կարապետյանը կարողացավ իրեն դրսևորել ճիշտ և կարողացավ սիրվել հասարակության կողմից, ապա նա էլ կդառնա ՀՀ 3-րդ՝ արցախյան ծագումով ղեկավարը: Այսինքն՝ կդառնա «ղարաբաղյան կլան»-ի 3-րդ ներկայացուցիչը:

«Փորձաշրջանը» ձախողելու դեպքում, հավանաբար «Գազպրոմ»-ում, Կարապետյանը մի լավ պաշտոն կստանա և կհեռանա այնպես, ինչպես քաղաքապետարանից:

Ուստի՝ մնում է միայն հաջողություն մաղթել նոր վարչապետին իր գործունեության մեջ՝ հուսալով, որ նրանք, ում հետ կոնկրետ հույսեր են կապվում, հուսախաբ չեն անի ու իրենց գործունեությամբ կարդարացնեն այն վստահությունը, որ դրվելու է իրենց ուսերին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *