Ի՞նչ է խոստացել նախագահը Կարեն Կարապետյանին` վարչապետի պաշտոնը ստանձնելու համար

14281483_328393800840719_442146188_n

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես արդեն հայտնի է, ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը, նոր վարչապետին դեռ չի նշանակել, նոր կառավարությունը դեռ կազմավորված չէ, սակայն արդեն կասկածից գրեթե դուրս է, որ նախագահը վարչապետ է նշանակելու «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետ, դրանից հետո Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունում բարձր պաշտոն զբաղեցնող Կարեն Կարապետյանին:
Ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների և որոշ ԶԼՄ-ների հրապարակած տեղեկությունների, նախագահին վերջերս հաջողվել էր համոզել նրան, որ գա և ստանձնի վարչապետի պատասխանատու, դժվարին, Հայաստանում առկա պայմաններում նույնիսկ ռիսկային պաշտոնը:

Ինչպես հայտնի է, 2017թ. ապրիլին տեղի են ունենալու ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ, իսկ դրանից հետո ձևավորվելու է նոր կառավարություն, այսինքն` այն կառավարությունը, որը ձևավորվելու է առաջիկա օրերին կամ շաբաթներին, լինելու է միջանկյալ, ունենալու է շատ կարճ` ամիսների կյանք: Կա այն կարծիքը, թե Կարեն Կարապետյանը համաձայնել է վարչապետի պաշտոնը ստանձնել, քանի որ նախագահը նրան խոստացել է, որ հաջող աշխատանքի դեպքում Ազգային ժողովի ընտրություններից հետո հաջորդ տարի նշանակվելիք վարչապետն էլ նա է լինելու: Շատ լավ, բայց այդ դեպքում էլ, միևնույն է, եթե Կարեն Կարապետյանն է վարչապետ նշանակվելու, այդ պաշտոնում աշխատելու երկար ժամանակ չի ունենալու: Ինչո՞ւ…

Խնդիրն այն է, որ 2018թ. ավարտվում է ՀՀ նախագահի լիազորությունների ժամկետը, դրանից հետո Ազգային ժողովն ընտրելու է հանրապետության նախագահ:

ՀՀ Սահմանադրության (2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված փոփոխություններով) հոդված 209-ի (Սահմանադրության առանձին դրույթների ուժի մեջ մտնելը) 6-րդ մասի համաձայն, Սահմանադրության 6-րդ գլուխը, այսինքն նաև` այդ գլխում գտնվող 148-րդ հոդվածը, ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Ըստ հոդված 148-ի («Կառավարության անդամին ներկայացվող պահանջները») 1-ին մասի, «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»: Սա Սահմանադրության իմպերատիվ պահանջն է: Վարչապետը նույնպես, ինչպես և նախարարները, կառավարության անդամ է, հետևաբար նա նույնպես պետք է բավարարի ԱԺ պատգամավորին ներկայացվող պահանջները: Սահմանադրության հոդված 48-ի («Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը») 2-րդ մասի համաձայն, «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:

Պայմանավորված այն հանգամանքով, որ Կարեն Կարապետյանը երկու տարի հետո չի բավարարի Սահմանադրության` վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող լինելու պահանջը, նա 2018թ. չի կարող նշանակվել ոչ վարչապետ, ոչ էլ նույնիսկ որևէ նախարար: Դժվար թե Կարեն Կարապետյանը մի քանի ամսվա կամ, թեկուզ, 2 տարվա համար համաձայնած լիներ ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, որում աշխատելը դժվար, վարկաբեկվելը` հեշտ է, հետևաբար, եթե տվել է իր համաձայնությունը, ապա շատ հավանական է, որ նրան խոստացվել է 2017-ից կամ 2018-ից հետո մեկ այլ պատկառելի պաշտոն, օրինակ, Երևանի քաղաքապետի:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *